ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2016թ-ին (հզ դոլ.) Հայաստանում 3.6, Վրաստանում 3.9, Ադրբեջանում 6.7
Գործարար միջավայրի բարենպաստությամբ (աշխարհում կարգը) Վրաստանը 16-րդ, Հայաստանը 38-րդ, Ադրբեջանը 65-րդ
Կոռումպացվածությամբ (աշխարհում կարգը) Վրաստանը 48-րդ, Հայաստանը 95-րդ, Ադրբեջանը 119-րդ
5.5մլն զբոսաշրջիկ 2014թ-ին այցելել է Վրաստան, Ադրբեջան 2.2մլն, Հայաստան 1.2մլն
Տնտեսական ազատությամբ (աշխարհում կարգը) Վրաստանը 23-րդ, Հայաստանը 54-րդ, Ադրբեջանը 91-րդ
Մրցունակությամբ (աշխարհում կարգը) Ադրբեջանը 37-րդ, Վրաստանը 59-րդ, Հայաստանը 79-րդ
Արտահանման կշիռը ՀՆԱ-ում 2015թ-ին Հայաստանում 30%, Վրաստանում 45%, Ադրբեջանում 38%
ՀՆԱ-ի աճը 2015թ-ին Հայաստանում 3%, Վրաստանում 2.8%, Ադրբեջանում 1.1%
               

Էջ 1 2


ՆՈՐ։ 23 հունվար Ինչպե՞ս են մարդիկ ապրում այլ երկրներում (թիվ 1)

Շվեդական Gapminder հիմնադրամը ֆոտոնկարել է աշխարհի 50 երկրների շուրջ 240 ընտանիքների կենցաղը։


Ծանոթացեք, սա Հադլեյների ընտանիքն է: Նրանք ապրում են ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում։
Մայրը՝ Նիկոլը, 45 տարեկան է։ Նա անաշխատունակ է և ստանում է ամսական մոտ 600 դոլ. նպաստ։
Դուստրը՝ Մերին, 13 տարեկան է: Նա դեռևս սովորում է։
Բնակարանը, որտեղ նրանք ապրում են, վարձակալված է։ Վարձը 580 դոլ. է և ներառում է նաև ճաշարանում սնունդը։

Հադլեյները տիպիկ անապահով ամերիկյան ընտանիք են։ Ահա այսպիսին է օրինակ՝ նրանց ճաշասենյակը (ձախից), կամ այսպիսին է քնասենյակը (աջից)։

Հադլեյների ընտանիքի կենցաղի մանրամասները կարող եք տեսնել այստեղ։


ՆՈՐ։ 22 հունվար 1 դոլ., ապա 2 դոլ., ապա 4 դոլ. և այդպես շարունակ

Առաջարկում եմ Ձեզ պատասխանել այս հարցին, որի հեղինակը շվեյցարացի մաթեմատիկոս Նիկոլա Բեռնուլին է (1695-1726)։ Թե ինչ իմաստ ունի հարցը, կպարզենք արդյունքների ամփոփման ժամանակ։ Նշեմ միայն, որ հարցն առնչվում է հունվարի 18-ի հարցի հետ, որի նախնական արդյունքները ամփոփել եմ հունվարի 20-ին։




Այս երիտասարդ բանգլադեշցին հասել է իր մուրազին և մարալի ոստյունով իջնում է գնացքից։ Լուսանկարը՝ Reuters-ի։




ՆՈՐ։ 22 հունվարԼուկաշենկոյի ընդգծված հակահայկական գործունեության հերթական դրսևորումը։

ՆՈՐ։ 21 հունվարՀարգելի ուսանողներ, այս թեստը, որ առաջարկում եմ Ձեզ լրացնել, կիրառվել է 2013թ-ին ԱՄՆ-ի բնակչության իմացությունը մարդկային զարգացման ընդհանուր միտումների վերաբերյալ պարզելու համար։

Թե ԱՄՆ-ում ինչ է պարզվել և թե որն է այս թեստի գաղափարը, կնկարագրեմ Ձեր արդյունքները ամփոփելու ժամանակ։ Ինչպես նախորդ դեպքերում՝ այս թեստը լրացնում եք անանուն։


ՆՈՐ։ 21 հունվար Բուլգակովի «Շան սրտում» հանճարեղ տողեր կան.

— Если вы заботитесь о своем пищеварении, мой добрый совет — не говорите за обедом о большевизме и о медицине. И — боже вас сохрани — не читайте до обеда советских газет.
— Гм… Да ведь других нет.
— Вот никаких и не читайте. Вы знаете, я произвел 30 наблюдений у себя в клинике. И что же вы думаете? Пациенты, не читающие газет, чувствуют себя превосходно. Те же, которых я специально заставлял читать «Правду», — теряли в весе. […] Мало этого. Пониженные коленные рефлексы, скверный аппетит, угнетенное состояние духа.

Փոքր-ինչ վերափոխելով մեծ դասականին իմ խորհուրդն է՝ ճաշից առաջ հեռուստացույց՝ հատկապես լուրեր մի նայեք։ Խնայեք Ձեր ստամոքսը։



Տեսեք, թե ինչ կարող է լինել առավոտյան





ՆՈՐ։ 21 հունվար С любимыми не расставайтесь!

Ալ. Կոչետկովի «Բալլադ ծխահարված վագոնի մասին» բանաստեղծությունը բոլորին ծանոթ է Էլդար Ռյազանովի «Բաղնիքդ անուշ» գերհանրահայտ ֆիլմի շնորհիվ։

Կոչետկովն այն գրել է 1932թ-ին հետևյալ հանգամանքներում։ Այդ տարի Կովկասում կնոջ հետ հանգստանալուց հետո նա պետք է կնոջից շուտ վերադառնար Մոսկվա։ Բայց գնացքի մեկնելու պահին կինը, չկարողանալով բաժանվել ամուսնուց, Կոչետկովին դուրս է հանում վագոնից։ Հետագայում պարզվում է, որ Սոչի֊Մոսկվա գնացքը, որով Կոչետկովը մեկնելու էր, վթարի է ենթարկվել և բազմաթիվ ուղևորներ մահացել են։

Կյանքում պատահականության դերի և սիրո ուժի շուրջ մտորումները Կոչետկովին հանգեցրին այս բանաստեղծությանը։

Ահա համապատասխան հատվածը Ռյազանովի ֆիլմից։

С любимыми не расставайтесь

Стихи А.Кочеткова

Как больно милая, как странно,
Сроднясь в земле, сплетясь ветвями,
Как больно милая, как странно,
Раздваиваться под пилой.

Не зарастёт на сердце рана,
Прольётся чистыми слезами,
Не зарастёт на сердце рана,
Прольётся пламенной смолой.

     Пока жива, с тобой я буду,
     Душа и кровь не раздвоимы.
     Пока жива, с тобой я буду,
     Любовь и смерть всегда вдвоём.

     Ты пронесёшь с собой любимый,
     Ты пронесёшь с собой повсюду,
     Ты пронесёшь с собой повсюду,
     Родную землю, отчий дом.

Но, если мне укрыться нечем
От жалости неисцелимой,
Но, если мне укрыться нечем
От холода и темноты.

За расставаньем будет встреча,
Не забывай меня любимый,
За расставаньем будет встреча,
Вернёмся оба, я и ты.

     Но, если я безвестно кану,
     Короткий свет луча дневного.
     Но, если я безвестно кану,
     За млечный пояс в звёздный дым.

     Я за тебя молиться стану,
     Чтоб не забыл пути земного,
     Я за тебя молиться стану,
     Чтоб возвратился невредим.

Трясясь в прокуренном вагоне,
Он стал бездонным и смеренным.
Трясясь в прокуренном вагоне,
Он полу плакал, полу спал.
Когда состав на скользком склоне,
Вдруг изогнулся страшным креном,
Когда состав на скользком склоне
От рельс колёса оторвал.

     Нечеловеческая сила
     В одной давильне всех калеча.
     Нечеловеческая сила
     Земное сбросила с земли.

     И не кого не защитила
     В дали обещанная встреча,
     И не кого не защитила
     Рука, зовущая в дали.

С любимыми не расставайтесь,
С любимыми не расставайтесь,
С любимыми не расставайтесь,
Всей кровью прорастайте в них.

И каждый раз на век прощайтесь,
И каждый раз на век прощайтесь,
И каждый раз на век прощайтесь,
Когда уходите на миг.

ՆՈՐ։ 20 հունվար Փողի օգտակարությունը

Հարգելի ուսանողներ, վերլուծենք 240 դոլ. հաստատապես կամ 1000 դոլ. 25% հավանականությամբ շահելու երկընտրանքը, որ առաջարկել էի երկու օր առաջ։

Նման իրավիճակում, սովորաբար, մասնակիցների գերակշիռ մասն ընտրում է Ա տարբերակը։ Սակայն Ձեր դեպքում դա այդպես չէ։ Ձեր ձայները կիսվել են։ Առավել որոշակի այս պահի դրությամբ մասնակիցների 45.5%-ը նախընտրել է Ա տարբերակը, իսկ 54.5%-ը՝ Բ տարբերակը։

Որպեսզի ինֆորմացիայի հոսքը ծանրաբեռնող չլինի, այսօր անդրադառնանք միայն այն հարցին, թե ինչ է նշանակում նախընտրել Ա տարբերակը։ Այդ մասին կարող եք կարդալ այստեղ:


ՆՈՐ։ 20 հունվար Այսօր գեր անկոմպետենտը ստանձնում է աշխարհի գերտերության ղեկը։ Այդ մասին է Պոլ Կրուգմանի այսօրվա հոդվածը Նյու Յորք Թայմսում։ Հոդվածն ավարտվում է այս չարագուշակ խոսքերով. «վարչակազմ, որն աննախադեպ կոռումպացված է, բայց և բացարձակորեն անպատրաստ է կառավարելու»։

ՆՈՐ։ 20 հունվար Հարգելի ուսանողներ, Դուք բնականաբար գերազանց պատասխանեցիք երեք հարցերին։ Իսկապես՝ գնդակի գինը 0.05 դոլ. է, 100 հաստոցը 100 դետալ կպատրաստեն 5 րոպեում, և ջրաշուշանները ջրի կեսը կծածկեն 47 օրում։

Ինչպես նկատել եք՝ հարցերը մտածված են այնպես, որ տրվեն ինքնաբուխ սխալ պատասխաններ։ Այդ սխալ պատասխաններն են 0.1 դոլ., 100 րոպե, 24 օր։ Ընդ որում փորձերը ցույց են տվել, որ հարցերին ճիշտ պատասխանողների զգալի մասի ուղեղում առաջինը առկայծում են հենց նշված սխալ պատասխանները։

Սակայն Դուք հարցերին կշռադատված և ճիշտ պատասխանեցիք։

Միայն մեկ հոգի է, որ տվել է նշված 0.1, 100, 24 սխալ պատասխանները։ Հնարավոր է՝ նա դա դիտմամբ է արել։

Ո՞րն է այս հարցերի իմաստը։ Այս երեք հարցերը ոչ այնքան տրամաբանական, որքան հոգեբանական թեստ են։ Դրանց ցույց են տալիս, թե որքանով ենք ունակ հաղթահարել մեր «ներքին ձայնը» և առաջին պլան մղել մեր տրամաբանությունը։


19 հունվար Հարգելի ուսանողներ, թենիսի գնդակի ու ջրաշուշանների հարցերը հիշում եք։ Այդ հարցերն, իհարկե, Ձեզ համար պարզ էին, և Դուք դրանք վաղուց լուծել եք։ Բայց այժմ կարող եք այս հարցատոմսը լրացնել և անմիջապես համոզվել, որ ճիշտ եք պատասխանել հարցերին։

Այդ հարցերի հեղինակը Յելի համալսարանի պրոֆեսոր Շեյն Ֆրեդերիկն է։ Հարցերը մտածված են այնպես, որ պատասխանը տրվի ինքնաբուխ, առանց կշռադատելու։ Բնական է, յուրաքանչյուրը եթե փոքր֊ինչ մտորի, ապա ճիշտ պատասխանը կգտնի։

Հարցերը տրվել են ԱՄՆ-ի առաջնակարգ համալսարանների շուրջ 3500 ուսանողների 2003-04թթ-ին։ Արդյունքները կարծում եմ կշոյեն Ձեր ինքնասիրությունը։

Այսպես՝ երեք հարցերին ճիշտ են պատասխանել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հարցված 61 ուսանողների ընդամենը 48%-ը։ Փրինսթոնի համալսարանի հարցված 121 ուսանողների 26%-ը։ Միչիգանի համալսարանի հարցված 1267 ուսանողների 14%-ը։ Հարվարդի համալսարանի հարցված 51 ուսանողների ընդամենը 20%-ը։


18 հունվար Ինչպե՞ս տնօրինեք Ձեր անշարժ գույքը

Ենթադրենք` Երևանի կենտրոնում ունեք չվերանորոգված տարածք, որը հարմար է և՛ իբրև գրասենյակ վարձակալության տալու, և՛ Ձեր սեփական ռեստորանը հիմնելու համար։

Հայտնի է, որ եթե վարձակալության տալը ստացվի (վարձակալ գտնվի), ապա Ձեր զուտ եկամուտը առաջիկա 3 տարում կկազմի 75 հզ դոլ.։ Հայտնի է նաև, որ եթե ռեստորանի բիզնեսը ստացվի, ապա զուտ եկամուտը 3 տարում կկազմի 200 հզ դոլ.։ Վարձակալության տալը ստացվելու հավանականությունը 90% է, իսկ ռեստորանի բիզնեսը ստացվելու հավանականությունը 60% է։

Տարածքն իբրև գրասենյակ վերանորոգելու ծախսը 20 հզ դոլ. է, իսկ որպես ռեստորան վերանորոգելու ծախսը՝ 60 հզ դոլ. (վերանորոգման ծախսը վերը նշված զուտ եկամտի ցուցանիշում ներառված չէ)։

Ձեր անշարժ գույքը տնօրինելու ո՞ր տարբերակն է նախընտրելի։


18 հունվար Ենթադրենք` ունեք երկու տարբերակ.

Տարբերակ Ա: Ձեզ տալիս են 240 դոլ.:

Տարբերակ Բ: 25% հավանականությամբ շահում եք 1000 դոլ. կամ 75% հավանականությամբ ոչինչ չեք շահում:

Ընտրեք Ձեր նախընտրած տարբերակը

Պարզապես պետք է ընտրեք Ա կամ Բ տարբերակը։ Որևէ այլ տվյալ չեք լրացնում։ Ձեր ընտրության հանրագումարային արդյունքի հիման վրա փոքրիկ եզրահանգում կանենք ռիսկի նկատմամբ Ձեր վերաբերմունքի վերաբերյալ։


18 հունվար Հարգելի ուսանողներ, հիշում եք այն խնդիրը, որում մեր հերոսը մտորում էր՝ գնի, թե չգնի չորեքշաբթի օրվա տոմսը։

Յուրաքանչյուրը հայտնվում է նմանատիպ իրավիճակում։ Oրինակ՝ անհրաժեշտ է որոշել ինչ֊որ տեղ գնալ, թե չգնալ, ինչ֊որ բան անել, թե չանել և այլն, և այլն։ Համանման իրավիճակները միլիոնավոր են։

Ինչպե՞ս են մարդիկ, սովորաբար, նման որոշումներ ընդունում։ Բնականաբար ոչ թե ֆորմալ տրամաբանությամբ, այլ իրենց մարդկային բնազդներին ապավինելով։ Եվ դա բնական է։ Բանականությունից զատ և դրանից առավել մարդիկ օժտված են բնազդներով. սիրում են, ատում են, զզվում են, պաշտում են ...

Բայց ինչ֊որ պահի նրանք նաև ՄՏԱԾՈՒՄ ԵՆ։ Ահա այդ խիստ յուրահատուկ պահերի համար եկեք մարդկանց զինենք ֆորմալ տրամաբանության մի փոքրիկ գործիքով։


17 հունվար

Լինե՞լ, թե չլինել... սա է հարցը

Սա համաշխարհային գրականության առավել հայտնի տողերից մեկն է, ծանոթ՝ յուրաքանչյուրին։ Համլետի հանրահայտ մենախոսության սկիզբը։

Շեքսպիրի արվեստը, և ինքը՝ Շեքսպիրը պարուրված են խորհրդավորությամբ։ Ու հատկապես ո՞րն է Համլետի այդ մենախոսության իմաստը՝ չորսհարյուրամյա բուռն բանավեճի առարկա է։

Լինե՞լ, թե չլինել... սա է հարցը, ո՞րն է արդյոք
Մեզ ավելի ազնիվ թվում. տանե՞լ վայրագ
Ճակատագրի պարսատիկներն ու նետերը,
Թե՞ զենք վերցնել աղետների մի ծովի դեմ
Ու դիմադրել, վերջ տալ դրանց։ Մեռնել՝ քնել,

Եթե տեքստին մոտենանք ուղղակի, ապա Համլետը կշռադատում է՝ գործե՞լ, թե չգործել ինքնասպանություն։

Լինե՞լ, ....
............................................. տանե՞լ վայրագ
Ճակատագրի պարսատիկներն ու նետերը,

«Լինել» նշանակում է չպայքարել և հանդուրժել «վայրագ ճակատագրի» հարվածները:

...... թե չլինել....
......
......
Թե՞ զենք վերցնել աղետների մի ծովի դեմ
Ու դիմադրել, վերջ տալ դրանց։ Մեռնել՝ քնել,

«Չլինել» նշանակում է «զենք վերցնել» ու «դիմադրել»։ Բայց արդյունքում՝ նահատակվել՝ հավերժորեն քնել։

Շեքսպիրի խոսքում «լինելը» հոմանիշ է քարշ գալուն, պարզապես գոյատևելուն։ Այնինչ «չլինելը» համարժեք է պայքարին, դիմակայելուն։

Բայց Համլետի ողջ ողբերգականությունը նրանում է, որ նա կշռադատում է «պայքարի» կեղծ տարբերակը՝ ինքնասպանությունը։ Կեղծ, քանի որ այն կվերացնի կյանքի պրոբլեմները, բայց ոչ թե այդ պրոբլեմները լուծելու, այլ միայն Համլետի համար ավարտված լինելու միջոցով։

.........................................Մեռնել՝ քնել,
Ուրիշ ոչինչ, և ասել, թե սոսկ քնելով
Փարատում ենք սրտի մորմոքն ու բնական
Բյուր չարիքներ, որոնց ժառանգն է մարմինը.
Տենչալի՜ է նման վախճան. մեռնել՝ քնել...
Քնե՞լ, գուցե երա՞զ տեսնել. արգելքն այս է,
Քանզի մահվան քնում գալիք երազները,
Երբ ազատվենք այս անցողիկ թոհուբոհից,
Պահում են մեզ։ Ահա՛ ինչու արհավիրքը
Հարատև է, այլապես ո՞վ կհանդուրժեր
Ժամանակի խարազաններն ու հեգնանքը,
Կեղեքչի լուծն ու գոռոզի անարգանքը,
Դրժված սիրո վիշտն, օրենքի հապաղումը,
Պաշտոնյայի լկտիությունն, ապտակները,
Որ անտրտունջ արժանավորն ստանում է
Անարժանից, երբ կփակեր իր հաշիվը
Մի դաշույնով։ Ո՞վ կկրեր այս բեռները՝
Հյուծիչ կյանքի տակ տնքալով ու քրտնելով,
Եթե վախը մահից հետո ինչ-որ բանից,
Անհայտ երկրից, որից ճամփորդ հետ չի գալիս,
Չխռովեր մեր կամքը և չհարկադրեր
Ավելի շուտ դիմանալ ա՛յս փորձանքներին,
Քան դեպի այլ, մեզ անծանոթ ցավեր թռչել։

Վերջին հաշվով Համլետը մերժում է ինքնասպանությունը, բայց սոսկ այն պատճառով, որ քրիստոնեական էթիկայի առումով ինքնասպանությունը ծայրագույն մեղք է, և նրա հոգին առավել սոսկալի «ցավերի» կբախվի։

Մենախոսության վերջում Շեքսպիրն այս առանց այն էլ բարդ տեքստն ավելի է բարդացնում՝ կիրառելով «conscience» բառը, որը կարելի է հասկանալ իբրև «խոհ» կամ «խիղճ»։

Այսպես խիղճը [ խոհը ] ամենքիս է երկչոտ դարձնում,

Եթե այն ընկալում ենք «խիղճ», ապա դատելով հաջորդող տողերից.

Այսպես խիղճը ամենքիս է երկչոտ դարձնում,
.....
.....
Խոշորագույն ու կարևոր ձեռնարկումներ
Այս պատճառով դուրս են գալիս իրենց հունից

ըստ երևույթին, Շեքսպիրը նկատի ունի, որ Համլետը խուսափում է Կլավդիուսին սպանելուց, քանի որ անհանգստանում է իր հոգու փրկության համար. Այսինքն՝ աստվածատուր խղճի պատճառով կարևոր ձեռնարկ՝ Կլավդիուսի սպանությունը, չի իրագործվում։

....................................................... ցավեր թռչել։
Այսպես խիղճը ամենքիս է երկչոտ դարձնում,
Եվ այսպես է, որ բնատուր գույնը վճռի
Դալկանում է մտածմունքի գունատ շերտով։
Խոշորագույն ու կարևոր ձեռնարկումներ
Այս պատճառով դուրս են գալիս իրենց հունից
Եվ դադարում գործ անվանվել...

«Լինե՞լ, թե չլինել» հատվածը վերցրել եմ «Համլետի» նոր թարգմանությունից, որը կատարել է մեր ժամանակի ամենատաղանդավոր թարգմանիչներից մեկը՝ ԱՐԱՄ ԹՈՓՉՅԱՆԸ (Թոփչյան Ա., «Համլետ», Երևան, 2013թ)։ Թոփչյանը «conscience»-ը թարգմանել է «խիղճ». «Այսպես խիղճն ամենքիս է երկչոտ դարձնում»։


Իսկ բնօրինակը սա է.

To be, or not to be: that is the question:
Whether 'tis nobler in the mind to suffer
The slings and arrows of outrageous fortune,
Or to take arms against a sea of troubles,
And by opposing end them? To die: to sleep;
No more; and by a sleep to say we end
The heart-ache and the thousand natural shocks
That flesh is heir to, 'tis a consummation
Devoutly to be wish'd. To die, to sleep;
To sleep: perchance to dream: ay, there's the rub;
For in that sleep of death what dreams may come
When we have shuffled off this mortal coil,
Must give us pause: there's the respect
That makes calamity of so long life;
For who would bear the whips and scorns of time,
The oppressor's wrong, the proud man's contumely,
The pangs of despised love, the law's delay,
The insolence of office and the spurns
That patient merit of the unworthy takes,
When he himself might his quietus make
With a bare bodkin? who would fardels bear,
To grunt and sweat under a weary life,
But that the dread of something after death,
The undiscover'd country from whose bourn
No traveller returns, puzzles the will
And makes us rather bear those ills we have
Than fly to others that we know not of?
Thus conscience does make cowards of us all;
And thus the native hue of resolution
Is sicklied o'er with the pale cast of thought,
And enterprises of great pith and moment
With this regard their currents turn awry,
And lose the name of action.


16 հունվար«Պրիմավերան» արևմտյան արվեստի ամենից չքնաղ, բայց և խորհրդավոր աշխատանքներից է։ Բոտիչելիի երկու անմահ ստեղծագործություններից մեկը։



16 հունվար 3 հարց ուղեղը մարզված պահելու համար

1. Թենիսի ռակետը և գնդակը միասին արժեն 1.1 դոլար: Ռակետի գինը 1 դոլարով բարձր է, քան գնդակի գինը: Որքա՞ն է գնդակի գինը:

2. Եթե 5 հաստոց 5 րոպեում պատրաստում են 5 դետալ, ապա 100 հաստոցը 100 դետալը քանի՞ րոպեում կպատրաստեն։

3. Լճի կենտրոնում աճում են ջրաշուշաններ։ Ամեն օր դրանց զբաղեցրած մակերեսը կրկնապատկվում է։ Եթե ջրաշուշանները 48 օրում ծածկում են ամբողջ լիճը, ապա քանի օրում են դրանք ծածկում լճի կեսը։








15 հունվար Նյու Յորքի մետրոյում Ձեզ լուրջ պահեք

Հայաստանում օրենքները հիմնականում բանականության սահմաններում են, և նախորդ գրառման մեջ նշված այն փաստը, որ Թենեսիում առանց 300 ժամ սովորելու ուրիշի գլուխը լվանալու դեպքում կարող ես հայտնվել բանտում, մեզ չափից ավելի վայրենի է թվում։

Նման բնույթի օրենքները, սակայն, ԱՄՆ-ում համատարած են, և դա ունի իր պատճառը։ Այսօր պատճառներին չենք անդրադառնա, բայց մատնանշենք ևս մեկ հանգամանք։

Նյու Յորքի մետրոյում վարվելակերպի պահանջները բավական խիստ են, և խախտողներին սպասում է ընդհուպ ազատազրկում։

Այսպես՝ Նյու Յորքի մետրոյում ավելի քան մեկ նստատեղ զբաղեցնելը, ոտքերը նստարանին դնելը, նստարաններին պառկելը, վագոնի դռանը մոտ կանգնելը և այդ կերպ ուղևորահոսքին խոչընդոտելը, հարբած վիճակում երթևեկելը կարող են վանդակե ճաղերի հետևում հայտնվելու առիթ դառնալ։

Պետք է հաշվի առնել, որ Նյու Յորքի մետրոն չափազանց ընդարձակ է (ընդհանուր 425 կայարան), և մի ծայրից մյուսը 20 րոպեում չես կարող հասնել, այնպես ինչպես Երևանում։ Ու քանի որ մետրոն աշխատում է շուրջօրյա, ապա լուսադեմին գործից տուն վերադարձող տանջահար նյույորքցիների համար նստարաններին հարմար տեղավորվելու գայթակղությունը չափազանց մեծ է։ Բայց բացարձակ դատարկ վագոնում միայնակ երթևեկելիս երկու նստարան զբաղեցնելը կարող է հանցանք համարվել։

Նյու Յորքի մետրոն այն տեղը չէ, որ ուզածիդ պես տեղավորվես նստարաններին։ Եթե հայտնվի ոստիկանը, ապա բանդ բուրդ կլինի, հատկապես եթե սևամորթ ես: Ոստիկանը, եթե հայերեն իմանար, կասեր՝ նստարանները հորդ տնից չես բերել, որ սենց փռվել ես։

Այնպես որ, եթե ուզում ես մետրոյից դուրս գալ առանց ոստիկանի ուղեկցության, ապա ավելի լավ է մետրոյում քեզ լուրջ պահես։


15 հունվար Գլուխ լվանալու դոկտոր, պրոֆեսոր

Բժիշկ աշխատելու համար և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում պահանջվում է համապատասխան կրթություն և փորձ։ Եվ դա բնական է, քանի որ չենք ուզում, որ քիսաչին սրտի վիրահատություն անի։

Հայաստանում լիցենզավորվող մասնագիտությունները քիչ են։ Եվ դա դրական է, քանի որ չենք ուզում, որ մարդկանց սոցիալական շարժը սահմանափակվի։

Բոլորս պարզ գիտակցում ենք, որ երբ մասնագիտությունը լիցենզավորվում է, ապա հասարակության ոչ արտոնյալ խավի մուտքի հնարավորությունները սահմանափակվում են, և եկամուտների բաշխման անհավասարությունն էլ ավելի է խորանում։

Բայց ի տարբերություն Հայաստանի՝ ԱՄՆ-ում բոլորովին այլ իրավիճակ է։ Այնտեղ շուրջ 500 մասնագիտություններ առնվազն մեկ նահանգում լիցենզավորվում են։

Այդպիսին է, օրինակ՝ վարսավիրանոցում գլուխ լվանալու մասնագիտությունը Թենեսի նահանգում։ Կարող է նույնիսկ զարմանալի թվալ, որ գլուխ լվանալը համարվում է մասնագիտություն։ «Դե գլուխ է, լվանում ենք, էլի» մտածում են շատերը։ Բնական է, գլուխներս բռի, կոպիտ չոբանի չենք վստահի, բայց ամեն դեպքում չենք ակնկալում, որ նա գլխի լվացման նեոդասական մոդելին տիրապետի։

Բայց Թենեսի նահանգի օրենսդիրները այդպես չեն մտածում։ Այդ նահանգում գլուխ լվացող դառնալու համար անհրաժեշտ է 300 ժամ (շեշտում եմ՝ երեք հարյուր ժամ) տեսական և գործնական պարապմունքների հաճախել և հանձնել երկու քննություն, որոնց ընդհանուր ծախսը գերազանցում է 3000 դոլ-ը։ Ահա համապատասխան օրենքը (նայեք e կետը)։

Ընդ որում, նրանք, ովքեր կհանդգնեն առանց լիցենզիայի գլուխ լվանալ, կարող են ազատազրկվել մինչև 6 ամիս կամ տուգանվել մինչև 1000 դոլ.։

Պատկերացրեք, սովորական դասընթացը Համալսարանում 64 ակադեմիական ժամ է, որը հավասար է մոտ 43 սովորական ժամի։ Թենեսիում գլուխ լվացող դառնալու համար անհրաժեշտ է սովորել մեր շուրջ 7 դասընթացներին հավասար ժամաքանակ։




Յուրի Գագարինի հուշարձանը Մոսկվայում։ Լուսանկարը՝ Reuters-ի, 2017թ-ի հունվարի 9։


14 հունվար Թրամփի ընտրությունը արժեթղթերի շուկայի տեսանկյունից

Նախորդ գրառման մեջ արձանագրել էինք, որ Թրամփի ընտրվելուց հետո Դոու Ջոնսի ինդեքսը շուրջ 8.5%-ով բարձրացել է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։

Կարճ հիշեցում։ Դոու Ջոնսի ինդեքսը, ճշգրիտ՝ «Դոու Ջոնսի արդյունաբերական միջինը» արժեթղթերի շուկայի ինդեքս է, որը ցույց է տալիս, թե ԱՄՆ-ի 30 խոշորագույն բաժնետիրական ընկերությունների արժեթղթերի արժեքը բորսայում ինչպես է փոխվել (թե որոնք են այդ 30 ընկերությունները, և ինչպես է ինդեքսը հաշվարկվում, կարող եք կարդալ այստեղ):

Ընդհանուր դեպքում արժեթղթերի շուկայի արձագանքը այս կամ այն իրադարձությանը կախված է նրանից, թե շուկայի ընկալմամբ այդ իրադարձությունն ինչպես կազդի ընկերությունների շահույթի վրա։

Թրամփի դեպքում բացասական ազդեցությունները սպասվում են նրանից, որ նա բազմիցս սպառնացել է առևտրային պատերազմ սկսել Չինաստանի և Մեքսիկայի հետ, ինչն առնվազն նշանակում է առևտրի մաքսատուրքերի աճ և առևտրի ծավալների անկում։ Բացի այդ Թրամփի խոստացած տնտեսական քաղաքականությունը սպառնում է ընդլայնել ԱՄՆ-ի դաշնային կառավարության բյուջեի պակասորդը։

Վերջինը 2016թ-ին 587 մլրդ դոլ էր։ Իսկ դաշնային կառավարության պարտքը 19.5 տրլն դոլ. էր, ինչը համարժեք էր ՀՆԱ-ի 105.6%-ին։

Բայց այն, որ արժեթղթերի շուկան աճում է, նշանակում է, որ շուկան նշված բացասական գործոններից զատ տեսնում է դրական գործոններ, ընդ որում այնպիսիք, որոնք առավել քան հակակշռում են բացասականներին։ Որո՞նք են դրանք։

Թրամփի նախագահության շրջանում բիզնեսի կողմից ակնկալվող ԴՐԱԿԱՆ զարգացումներն են հարկերի կրճատումը, ենթակառուցվածքներում ներդրումների աճը և բիզնեսը կարգավորող օրենսդրության պարզեցումը։

Զարմանալի չէ, որ Թրամփն այս երեք կետերը կձգտի իրագործել (փաստացի որքան դա նրան կհաջողվի, կախված է նաև կոնգրեսից), քանի որ արդյունքում նա շահելու է անձնապես՝ հաշվի առնելով այն բիզնես կայսրությունը, որը նա տիրապետում է։

Ինչևէ՝ արժեթղթերի շուկան առայժմ ավելի շատ դրական, քան թե բացասական ակնկալիքներ ունի։ Թեպետ Դոու Ջոնսի վերջին շաբաթվա դինամիկան (իսկ վերջին շաբաթում այն կրճատվել է 0.4%-ով) կարծես թե խոսում է այն մասին, որ շուկան մտադիր է հանդարտվել և սպասել Թրամփի հետագա գործողություններին։


14 հունվար Թրամփի ընտրությունը Սորոսի վրա 1 մլրդ դոլ. է նստել

Ջորջ Սորոսին, 86 ամյա նորափեսային, որ 3-րդ անգամ 2013թ֊ին է ամուսնացել, որ 1992թ-ին նվաստացրեց Անգլիայի կենտրոնական բանկին, որ 1998թ-ին տեղատարափ առաջացրեց Հոնգ Կոնգում, որ տարաբնույթ գունավոր հեղափոխություններ է ֆինանսավորել նախկին սոցիալիստական ճամբարում, Դուք հիշում եք։

Դուք գիտեք, որ Սորոսը գերհաջողակ ներդրող է, ակտիվ սպեկուլյանտ, մարդ, որը շատերի մոտ ունի մարգարեի համարում, իսկ ինքն իրեն համարում է մեր ժամանակի ամենանշանակալի մտածողներից մեկը։

Ինչևէ՝ Wall Street Journal-ին հայտնի է դարձել, որ Թրամփի ընտրվելուց անմիջապես հետո, ակնկալելով շուկայի ընդհանուր անկում, Սորոսը մասսայաբար անցում է կատարել կարճ վաճառքին։

Կարճ հիշեցում։ Կարճ վաճառքի գաղափարը հետևյալն է։ Ենթադրենք՝ Դուք կարող եք պարտքով վերցնել ԱԲԳ ընկերության արժեթղթերը, որոնց արժեքը Ձեր համոզմամբ առաջիկայում նվազելու է։ Դրանց ընթացիկ արժեքը 90 դոլ. է, և պարտքով վերցնում եք 100 արժեթուղթ։ Արժեթղթերը պարտքով վերցնելուց անմիջապես հետո դրանք վաճառում եք, և հասույթը փոխանցում Ձեր հաշվին՝ որպես պարտքի ապահովման միջոց։ Եվ ահա մի քանի ամիս անց ԱԲԳ-ի արժեթղթերի գինը նվազում է մինչև 80 դոլ., և Դուք Ձեր բաց դիրքը փակում եք։ 80 դոլ-ով գնում եք ԱԲԳ-ի 100 արժեթուղթ և պարտքը վերադարձնում։ Արդյունքում՝ շահում եք 1000 դոլ.: Սկզբի համար վատ չէ։ Բնական է, եթե արժեթղթերի գինը բարձրանար, ապա կվնասվեիք, ոչ թե կշահեիք։

Եվ ահա Սորոսն ակնկալում էր, որ արժեթղթերի գինը Թրամփի ընտրվելուց հետո նվազելու է, բայց եղավ ճիշտ հակառակը. համենայն դեպս՝ առայժմ։ Ընտրության օրը՝ 2016թ-ի նոյեմբերի 8-ին Դոու Ջոնսի ինդեքսը 18332 էր, իսկ հունվարի 13-ին այն 19885 էր, աճը կազմել է 8.5%:

Շուկայի աճի պատճառով Սորոսը կրել է շուրջ 1 մլրդ դոլ-ի վնաս։ Ընդ որում, 2016թ-ի տարեվերջին Սորոսն իր բաց դիրքերը փակել է՝ հետագա հնարավոր վնասներից խուսափելու համար։

Բայց Սորոսն էլի մնացել է Սորոս, քանի որ նրա ընդհանուր ներդրումների արժեքը տարվա ընթացքում աճել է 5%-ով։

Այնպես որ, մենք կարիք չունենք անհանգստանալու Սորոսի և նրա երիտասարդ կնոջ բարեկեցության համար։ Սորոսի ընթացիկ կարողությունը Forbes-ը գնահատում է 25 մլրդ դոլ., և դա նրանց պետք է որ բավարարի։

Ի միջի այլոց Թրամփի ընթացիկ կարողությունը գնահատվում է 4.5 մլրդ դոլ., ու Թրամփն ահավոր վատ է զգում դրանից։ Նա ամեն պատեհ և անպատեհ առիթով պնդում է, որ ինքն ավելի հարուստ է, քան կարծում են։ Վերջին անգամ դա երկու օր առաջ էր, հայտնի մամլո ասուլիսի ժամանակ, որի մասին խոսել ենք։

Ուշագրավ է, որ մինչ ԱՄՆ-ում Թրամփը ձգտում է համոզել, թե ինքն իրականում ավելի հարուստ է, Հայաստանի օլիգարխների մեծ մասը, ընդհակառակը, հասկանալի պատճառներով ձգտում են համոզել, թե իրենք անհամեմատ թշվառ են։


13 հունվար Մեծ սպասումներ

Ութ տարի առաջ, երբ Օբաման եկավ, սպասումները հսկայական էին։ Բուշի ստեղծած քաոսից հետո Օբաման փրկության փարոս էր։

Այսօր, երբ Օբաման հեռանում է, ակնհայտ է, որ այդ սպասումները մեծ չափով ի դերև ելան։

ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր ծագերում Օբամային փնովելու, և նույնիսկ նզովելու շատ առիթներ կան։

Բայց մենք՝ Հայաստանում պարտավոր ենք շնորհակալությամբ արձանագրել առնվազն երկու փաստ.

1. Օբաման Իրանում պատերազմ չսանձազերծեց և Իրանում իշխանափոխության նպատակ չհետապնդեց։ Ավելին՝ հաջողացրեց ստորագրել ԱՄՆ-Իրան հարաբերությունները հարթող համաձայնագիր։

2. Օբաման սիրիական պատերազմին բավական հպանցիկ մասնակցեց, որի շնորհիվ էլ Ասադի իշխանությունը գոյատևեց։

Առավել մանրամասն այս խնդիրներին կանդրադառնանք մեկ ուրիշ անգամ։ Իսկ այսօր Սպիտակ տանը իրար բարձրագույն մեդալներ էին շնորհում, ուրախության արցունքներ զեղում և ողջագուրվում։

Օբաման որոշել էր փոխնախագահ Բայդենին անակնկալի բերել և բարձրագույն քաղաքացիական պարգևի՝ Ազատության մեդալի արժանացնել։


13 հունվար ԵԹԵ

Կիպլինգի «Եթե»-ն Ձեզ հավանաբար քաջ ծանոթ է։ Դա այն ստեղծագործություններից է, որի պատգամները Մարդուն պետք է ուղեկցեն ողջ կյանքում, ուստի՝ ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հիշեցնելը։

«Եթե»-ի բազմաթիվ հայերեն թարգմանություններ կան, բայց դրանք կարծում եմ՝ համարժեքորեն չեն արտահայտում բնօրինակի պաթոսը։ Ուստի՝ չեմ մեջբերում։

Ռուսերեն թարգմանություններից ընդունված է լավագույնը համարել Լոզինսկունը, բայց կարծում եմ ավելի արժեքավոր է Մարշակի թարգմանությունը, որը և մեջբերում եմ։



IF Rudyard Kipling
If you can keep your head when all about you
 Are losing theirs and blaming it on you,
If you can trust yourself when all men doubt you,
  But make allowance for their doubting too;
If you can wait and not be tired by waiting,
  Or being lied about, don’t deal in lies,
Or being hated, don’t give way to hating,
  And yet don’t look too good, nor talk too wise:

If you can dream—and not make dreams your master;
  If you can think—and not make thoughts your aim;
If you can meet with Triumph and Disaster
  And treat those two impostors just the same;
If you can bear to hear the truth you've spoken
  Twisted by knaves to make a trap for fools,
Or watch the things you gave your life to, broken,
  And stoop and build ’em up with worn-out tools:

If you can make one heap of all your winnings
  And risk it on one turn of pitch-and-toss,
And lose, and start again at your beginnings
  And never breathe a word about your loss;
If you can force your heart and nerve and sinew
  To serve your turn long after they are gone,
And so hold on when there is nothing in you
  Except the Will which says to them: “Hold on!”

If you can talk with crowds and keep your virtue,
  Or walk with Kings—nor lose the common touch,
If neither foes nor loving friends can hurt you,
  If all men count with you, but none too much;
If you can fill the unforgiving minute
  With sixty seconds’ worth of distance run,
Yours is the Earth and everything that’s in it,
  And—which is more—you’ll be a Man, my son.

«Если…» Р. Киплинг (перевод С. Маршака)
О, если ты покоен, не растерян,
Когда теряют головы вокруг,
И если ты себе остался верен,
Когда в тебя не верит лучший друг,
И если ждать умеешь без волненья,
Не станешь ложью отвечать на ложь,
Не будешь злобен, став для всех мишенью,
Но и святым себя не назовешь,

И если ты своей владеешь страстью,
А не тобою властвует она,
И будешь тверд в удаче и в несчастье,
Которым, в сущности, цена одна,
И если ты готов к тому, что слово
Твое в ловушку превращает плут,
И, потерпев крушенье, сможешь снова-
Без прежних сил – возобновить свой труд,

И если ты способен все, что стало
Тебе привычным, выложить на стол,
Все проиграть и вновь начать сначала,
Не пожалев того, что приобрел,
И если сможешь сердце, нервы, жилы
Так завести, чтобы вперед нестись,
Когда с годами изменяют силы
И только воля говорит: «Держись!»

И если можешь быть в толпе собою,
При короле с народом связь хранить
И, уважая мнение любое,
Главы перед молвою не клонить,
И если будешь мерить расстоянье
Секундами, пускаясь в дальний бег,-
Земля – твое мой мальчик, достоянье!
И более того, ты – человек!

12 հունվար Թրամփը և ամերիկյան մրցունակությունը

10 օր առաջ Ֆորդը հայտարարեց, որ Մեքսիկայում նախատեսվող 1.6 մլրդ դոլ-ի նոր ներդրումը, չեղարկում է։ Պատճառը այն անորոշությունն է, որ ստեղծվել է ԱՄՆ-Մեքսիկա հարաբերություններում Թրամփի ընտրությամբ։

Այդ ներդրմամբ Ֆորդը Մեքսիկայում պետք է կառուցեր մեքենաների հավաքման ևս մեկ գործարան և այդ կերպ համեմատաբար էժան ավտոմեքենաների արտադրությունն ամբողջովին դուրս բերեր ԱՄՆ-ից՝ հաշվի առնելով դրսում դրանց հավաքման անհամեմատ ավելի ցածր ծախսերը։

Եվ ահա այսօր Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ (որն իմիջիայլոց հրավիրվել էր իր բոլորովին այլ բնույթի արկածների կապակցությամբ) հերթական անգամ պարծենում էր, թե տեսեք-տեսեք ինչ հմայիչ եմ ես, Ֆորդի մեքսիկական ներդրումները խափանեցի, դրա փոխարեն նա կներդնի Ամերիկայում։

Թրամփի ընտրողների համար նա իհարկե հերոս է։ Այսօր նրանցից ոմանք թավ ծածկոցի մեջ փաթաթված` բազմոցին փռված կճմլկոտեն ու բազմոցը նրանց ճոճք կթվա: Նրանք կպատկերացնեն, թե իրենք նորից աշխատանք կունենան կամ ավելի լավ աշխատանք կունենան:

Բայց իրո՞ք այդպես է: Եթե Թրամփն իր տնտեսական քաղաքականության առանցքը պատրաստվում է դարձնել ամերիկյան արտադրողներին հարկադրելը, որ նրանք արտերկրում ներդրումների փոխարեն ներդնեն ԱՄՆ-ում, ապա առաջանում են էական ռիսկեր:

Նախ՝ ամերիկյան արտադրողները, եթե սահմանափակեն արտերկրում ներդրումները և ավելի քիչ չափով օգտվեն արտերկրյա էժան աշխատուժն ու ռեսուրսները շահագործելու հնարավորություններից, ապա կդառնան պակաս մրցունակ։ Իսկ այդ դեպքում երկարատև ժամանակաշրջանում նրանք շուկան կզիջեն օտարերկրյա արտադրողներին և ԱՄՆ-ում աշխատատեղերը շատ ավելի մեծ չափով կկրճատվեն։

Այնուհետև՝ ընկերությունները, երբ իշխանությունների համար ինչ-որ բան են անում (առավել ևս Ամերիկայում), ապա երբեք դա անվճար չեն անում։ Տվյալ դեպքում, երբ որևէ ընկերություն արտերկրում ներդնելու փոխարեն ներդնում է ԱՄՆ-ում, ապա քաղաքական տեսանկյունից Թրամփին դա խիստ ձեռնտու է (մեկ ամիս առաջ երբ ևս մի ընկերություն՝ Carrier-ը, հայտարարեց, թե սահմանափակում է մեքսիկական ներդրումները, ապա Թրամփն իրեն շատ ավելի հաղթական էր ներկայացնում, քան՝ Մակեդոնացին Պերսեպոլիսը գրավելիս)։ Բայց ինչպե՞ս է դրա դիմաց Թրամփը վճարելու։ Պարզ է։ Լրացուցիչ պետական պատվերներ տալու և կամ պետական կարգավորումը պահանջված կերպով փոփոխելու միջոցով։ Այստեղ մենք արդեն բախվում ենք կոռուպցիայի։

Բայց Թրամփի ընտրազանգվածը, որում անհամամասնորեն մեծ է միայն միջնակարգ կրթություն ունեցողների կշիռը, այս ամենը չի գիտակցում և երջանիկ է: Ու Թրամփը վարպետորեն շահագործում է այդ հանգամանքը։


11 հունվար «Որդիական սիրո» նախորդ խնդրի գաղափարն այն էր, որ մեր որոշումների հիման վրա (գնալ, թե չգնալ օդանավակայան) կարող ենք ինքներս մեր մասին բավական անսպասելի բացահայտումներ անել։

«Բարեհաջող գործարքի» այս խնդրի գաղափարն այն է, որ մեր որոշումների հիման վրա (ներդնել կամ չներդնել), կարող ենք ենթադրյալ հավանականությունները պարզել։


11 հունվար Հարգելի ուսանողներ, Դուք հիշում եք այն խնդիրը, որում հարցնում էինք՝ «Որքա՞ն արժե ծնողներին տեսնելու նրա ցանկությունը, եթե որոշում է օդանավակայան չգնալ»։ Դուք այդ խնդիրը հավանաբար վաղուց լուծել եք, բայց խնդրի այս պատասխանը կարդալը չի խանգարի։

10 հունվար Գրագիտությունն իբրև մաքուր միջավայրի նախապայման

Գրագիտությունը Համաշխարհային բանկը սահմանում է որպես գրելու և կարդալու կարողություն և պարզ արտահայտություններ հասկանալու ունակություն։ Նա, ով գիտի գրել և կարդալ ու կարող է հասկանալ այնպիսի պարզ արտահայտություններ, ինչպես՝ «կեղտոտել պետք չէ», «դասի ժամանակ խոսել պետք չէ», համարվում է գրագետ։

Թվում է, թե այսքան մեղմ չափանիշով Հայաստանում բոլոր չափահասները պետք է լինեին գրագետ։ Բայց ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ Հայաստանում գրագետ է 15 տարեկանից բարձր բնակչության միայն 99.77%-ը։

Բայց դա էլ վատ չէ։ Ընդամենը բնակչության 0.23%-ն է, որ գրագետ չէ։

Կարող էինք հուսալ, որ մեզ նրանց հանդիպելու տհաճությունը չի վիճակվի։ Չէ որ նրանք բնակչության ընդամենը 0.23%-ն են կազմում։

Բայց արի ու տես, որ այդպես չէ։ Ամեն տարի առնվազն մեկը, որը ոչ մի կերպ բազմաթիվ անգամ կրկնելուց հետո չի հասկանում «դասի ժամանակ խոսել պետք չէ» և «կեղտոտել պետք չէ» արտահայտությունների իմաստը, իր ներկայությամբ ապականում է միջավայրը։


10 հունվար Մոդելների և Բորխեսի մի պատմվածքի մասին

Դուք գիտեք, որ բոլոր մոդելները կառուցված են իրականությունը պարզեցնող ենթադրությունների վրա։ Այդ ենթադրություններին անվանում ենք նախապայմաններ։

Ձեզանից շատերը ցածր կարծիք ունեն այդ նախապայմանների վերաբերյալ։ Բայց՝ անտեղի։ Այդ նախապայմանների շնորհիվ է, որ մոդելներն օգտակար են։

Օրինակ՝ երբ քննարկում ենք պահանջարկը, ապա համարում ենք, որ սպառողները ռացիոնալ են։ Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ ոչ ոք կատարյալ ռացիոնալ չէ, իսկ ոմանք իռացիոնալ են։ Բայց ընդհանուր դեպքում, երբ եկամուտն աճում է կամ գները կրճատվում են, ապա սպառումն ընդլայնվում է։ Ու խելամիտ մոտարկում է այն, որ սպառողները ռացիոնալ են։

Պատկերացրեք՝ որքան անարդյունավետ կլիներ և որքան ռեսուրսներ կվատնվեին, եթե ամեն անգամ փորձեինք պարզել, թե որքանով է ռացիոնալ յուրաքանչյուր սպառողը։ Եթե նույնիսկ դա պարզելը հնարավոր լիներ, ապա տվյալների բազմազանությունը և հակասականությունը հնարավոր է նույնիսկ մեզ հանգեցներ սխալ եզրահանգումների։

Նկատենք, եթե յուրաքանչյուրի ռացիոնալությունը պարզելը հնարավոր լիներ, ապա մոդելը կմոտենար իրականությանը, բայց դրանից ոչինչ չէինք շահի, ավելին՝ հնարավոր է կորցնեինք, եթե տվյալների բազմազանության ու հակասականության պատճառով հանկարծ եզրակացնեինք, թե պահանջարկի կորը ոչ թե վարընթաց է, այլ՝ վերընթաց։

Ուստի՝ խելամիտ նախապայմանները մեզ օգնում են ճիշտ եզրահանգումներ անել, ինչի շնորհիվ էլ մոդելները դառնում են օգտակար։


Խորխե Լուիս Բորխեսը մի պատմվածք ունի, որում անդրադառնում է նույն խնդրին։ Այն, որ երբ նախապայմանները դեն ենք շպրտում, որ մոդելներն ավելի մոտ լինեն իրականությանը, ապա արդյունքը բացարձակ անօգտակար է ստացվում։

Բորխեսի մոտ մոդելը քարտեզն է։ Մարդիկ կազմում են գերճշգրիտ քարտեզ՝ 1:1 հարաբերությամբ, բայց արդյունքում պարզվում է, որ այդ քարտեզը ոչ մեկին պետք չէ։

Պատկերացրեք՝ աշխարհի քարտեզը որքան անօգտակար կլիներ, եթե բացարձակ ճշգրիտ լիներ։ Օրինակ՝ եթե միաժամանակ պատկերեր աշխարհի բոլոր փոսերը՝ Չարբախի փոսը, Գայի փոսը, Հայաստանի ու Զիմբաբվեի միջպետական ճանապարհների փոսերը։ Այդ քարտեզը լավագույն դեպքում կլիներ անընթեռնելի։ Աշակերտները դրանից ոչինչ չէին սովորի։

Եթե մի օր պետական կառավարումը Հայաստանում այնքան արդյունավետ լինի, որ ճանապարհների փոսերը փակվեն, ապա շինարարներին Հայաստանի փոսերի քարտեզը միգուցե օգնի, բայց այդ նույն քարտեզում Զիմբաբվեի փոսերի առկայությունը քարտեզը կդարձնի անօգտակար։

Այդ պատճառով աշխարհի քաղաքական քարտեզը ոչ մի փոս էլ չի պատկերում, իսկ փոսերի քարտեզ կազմում են ոչ թե աշխարհի կամ երկրի համար, այլ տվյալ փողոցի կամ մայրուղու մի հատվածի համար։


Բորխեսի պատմվածքը միայն մեկ պարագրաֆ է, որը Ձեզ համար թարգմանել եմ հայերեն։


Խորխե Լուիս Բորխես, «Գիտական ճշգրտության մասին»

Այդ Կայսրությունում Քարտեզագրության Արվեստն այնպիսի կատարելության էր հասել, որ մի Նահանգի քարտեզը մի ամբողջ Քաղաք էր զբաղեցնում, իսկ Կայսրության քարտեզը՝ մի ամբողջ Նահանգ։ Ժամանակի ընթացքում այդ Անհամաչափ Քարտեզները անբավարար համարվեցին, և Քարտեզագրության Գիլդիան կազմեց Կայսրության այնպիսի Քարտեզ, որը Կայսրության մեծությունն ուներ և կետ առ կետ համընկնում էր նրան։ Հետագա Սերունդները, որոնք այդքան տարված չէին Քարտեզագրությամբ, հասկացան, որ այդ հսկա Քարտեզը Անօգտակար է և ոչ առանց Անխղճության հանձնեցին Արևի և Ձմռան տաժանքին։ Արևմուտքի անապատներում տակավին հանդիպում են այդ Քարտեզի ցաքուցրիվ Ավերակները, որոնցում Գազաններն ու Մուրացկաններն են բնակվում։ Այդ ամբողջ Երկրում Աշխարհագրության ոչ մի այլ Մասունք չի մնացել։


8 հունվար

Թե ինչպես Ֆելինիի «8.5»-ին փոխարինեց Հովհաննես-Մկրտիչի «7.5»-ը

Տարածված ստերեոտիպ է, թե կինոն զվարճանքի համար է, իսկ գիրքը՝ կրթության և իմացության։ Այդ պատճառով ոմանք նույնիսկ տեղյակ չեն, որ գիրքն ինքնին կարող է լինել զվարճալի, իսկ կինոն՝ իմացական։

Գիրքն իհարկե հազարամյակների պատմություն և ավանդույթ ունի։ Այն նաև հեղինակավոր է։ Վերջ ի վերջո գրքի, և ոչ թե կինոյի միջոցով են մեզ ավանդել Վահագնի ծնունդը և Հովհաննես Մկրտչի մարգարեությունները։

Իսկ կինոյի հեղինակությունը թեպետ ցածր է, բայց ցածրարվեստ կինոն կարող է դառնալ մեգահիթ, եթե խելամտորեն փաթեթավորված է իբրև ժամանցի միջոց։

Բայց բարձրարվեստ կինոն բարձրարվեստ գրականությանը համարժեք է։ Ու կինոն մի էական առավելություն ունի. նրա սպառումը դյուրին է։

Կարելի է աշակերտներին դասաժամին ցուցադրել «Շան սիրտը» ֆիլմը, բայց դժվար է հետևել, որ նրանք կարդան «Շան սիրտը» գիրքը, թեպետ գիրքը կարդալը, սովորաբար, նախընտրելի է, երբ խոսքը վերաբերում է գրական ստեղծագործությունների էկրանավորմանը։ Գիտակցելով կինոյի մշակութային և դաստիարակչական արժանիքները՝ Ռուսաստանում նախաձեռնվել է դպրոցներում 100 ռուսական ֆիլմերի դասավանդման ծրագիր։

1990-ականներին Հայաստանում համալսարանավարտ երիտասարդների զգալի մասը բավական տեղյակ էր համաշխարհային կինոյի վարպետների աշխատանքներից։ Առնվազն հայտնի էին Ռոման Պոլանսկու «Դառը լուսինը», Լուիս Բունյուելի «Ցանկության այս անորոշ առարկան», Բոբ Ֆոսսի «Կաբարեն» և այդօրինակ բազմաթիվ ֆիլմեր։ Ներկայում, սակայն, դասական ֆիլմերի իմացությունն անհամեմատ սահմանափակ է։ Եվ դա այն դեպքում, երբ ներկայում ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ցանկացած ֆիլմ ցանկացած պահի կարող ենք նայել։ Ու հետևաբար, ո՞րն է դասական ֆիլմերի իմացության անկման պատճառը։

Նշանակալի պատճառներից մեկը հեռուստատեսությունների քաղաքականության արմատական փոփոխությունն է։ Իսկ հեռուստատեսությունը և՛ այն ժամանակ, և՛ ներկայում ճաշակ թելադրող զորեղ գործիք է։ Ու եթե 1990-ականներին դասական ֆիլմերը եթերի անբաժան մասն էին, ապա այժմ եթերը հագեցած է բոլորովին այլ ֆիլմերով։ Ֆելինիի «8.5»-ին փոխարինել է Հովհաննես-Մկրտիչի «7.5»-ը։ Բայց չկարծեք, թե այդ փոփոխությունը հեռուստատեսությունների դավադրության արդյունք է, ոչ և հազար անգամ ոչ, դա պարզ հետևանք է հասարակության նախապատվություններին ճշգրիտ արձագանքելու ցանկության։

Կար ժամանակ, երբ հայկական հեռուստաալիքները մի քանիսն էին, գովազդատուները քիչ էին, գովազդի գները շատ ցածր էին, և սեփական արտադրության հաղորդումները (առավել ևս ֆիլմերը) հազվագյուտ էին։ Ու հետևաբար՝ արտասահմանյան ֆիլմերի ցուցադրումը եթերը լցնելու հիմնական միջոցն էր։ Հայկական հեռուստաշուկայում և՛ հեռուստալսարանի, և՛ գովազդատուների առումով հայկական «Առաջինը» գերիշխող դիրք ուներ։ Եվ «Առաջինը», դեռևս չունենալով մրցակցության խնդիր, հաճախ էր ցուցադրում դասական ֆիլմեր։ Այլ հավասար պայմաններում մարդիկ, նույնիսկ «Առաջինում» ձգտում են բարձրին, կեցությունն է, որ նրանց մղում է դեպի ցածրը։ Ու տարիներ շարունակ կինոգետ Զավեն Բոյաջյանը «Առաջին»-ով վարում էր հեղինակային հաղորդաշար՝ ցուցադրելով համաշխարհային կինոյի գլուխգործոցները և կրթելով սերունդներ։

Բայց հետո եկան այլ ժամանակներ։ Հեռուստաալիքների թիվն ավելացավ, և մրցակցությունը սրվեց։ Միևնույն ժամանակ, փող աշխատելու հնարավորությունները և միջոցները շեշտակի ընդլայնվեցին։ Ավելին՝ բարձրացավ հեռուստաալիքների քաղաքական նշանակությունը։ Ու սուր անհրաժեշտություն առաջացավ պայքարել հեռուստադիտողի համար։ Բարձր արվեստ խաղալու նախկին սենտիմենտալ ժամանակներն ավարտվել էին։ Այլևս անհրաժեշտ էր ցուցադրել միայն այն, ինչը հեռուստադիտողն իսկապես նախընտրում էր, որպեսզի հեռուստալսարանը հնարավորինս մեծ լինի, ու հնարավոր լինի և՛ ավելի շատ փող աշխատել, և՛ ցանկալի մտածողություն ու գաղափարներ ներարկել։ Ազատ մտածողության նախկին ժամանակներն անցել էին, անհրաժեշտ էին հստակ կաղապարներ, որ մարդկանց ուղեղները մաքսիմալ քառակուսի լինեն։

Իսկ ի՞նչ է նախընտրում հեռուստադիտողը։ Այն, ինչը նվազագույն մտավոր լարում է պահանջում։ Հետևաբար՝ անհրաժեշտ է ցուցադրել ոչ թե օրինակ՝ Վոնգ Կարվայի մանվածապատ «Սիրային տրամադրությունը», այլ պարզ ու հասկանալի ֆուտբոլ (ոմանք չեմպիոնների լիգայի խաղերը նայելիս իրենց բարձր արվեստի հետ են հաղորդակից համարում): Ֆուտբոլից բացի անհրաժեշտ է ցուցադրել «32 ատամ», որում հնչող հումորը մարդկանց հասկանալի ու հոգեհարազատ է, այնինչ Վուդի Ալենի ֆիլմերի հումորը, նույնիսկ բացատրելուց հետո, շատերին մնում է անհասկանալի: Անհրաժեշտ է ցուցադրել «Ֆուլ հաուս», քանի որ ժամանակակից հայ հեռուստադիտողն այդ սերիալի հերոսների մեջ տեսնում է իր կրկնօրինակներին: Վերջ ի վերջո անհրաժեշտ է ցուցադրել հոլիվուդյան մասսայական սպառման ֆիլմեր, քանի որ դրանք շատ խելամտորեն մտածված են այնպես, որ դիտողը հանկարծ չմտածի։

Ահա այսպես՝ շուկայի պարտադրանքով բարձրարվեստ ֆիլմերը քշվեցին եթերի ծայրամաս։ Հասարակությունը այն չի ուզում և չի կարող նայել։ Եվ վերջ:


Վկայակոչված ֆիլմեր

1. «Շան սիրտը», 1988թ, Վլադիմիր Բորտկո, ըստ Բուլգակովի համանուն պատմվածքի:

2. «8.5», 1963թ, Ֆեդերիկո Ֆելինի:

3. «Դառը լուսին», 1992թ, Ռոման Պոլանսկի:

4. «Ցանկության այս անորոշ առարկան», 1977թ, Լուիս Բունյուել:

5. «Կաբարե», 1972թ, Բոբ Ֆոսս:

6. «Սիրային տրամադրություն», 2000թ, Վոնգ Կարվայ:


7 հունվար Հարգելի ուսանողներ, երկու ընթացիկ քննություններին Աննա Խաչատրյանը կատարյալ էր պատրաստվել։ Բացարձակորեն անթերի։

Ահա երկրորդ քննության առաջին հարցին Աննա Խաչատրյանի պատասխանը։


6 հունվար Հարգելի ուսանողներ, 18-րդ գլխի խնդիրները հրապարակել եմ։ Բանավոր քննության համար սա վերջին հրապարակումն է։ Բանավոր քննության համար այլ նյութեր չեն լինի։ Բանավոր քննությունում ներառվող բոլոր նյութերը կարող եք գտնել կայքի «Արտաքին առևտուր» և «Միջազգային ֆինանսներ» բաժիններում։

5 հունվարԱյս ֆիլմը, որի գլխավոր հերոսները միջատներն ու այլ անողնաշարավորներն են, բոլորովին նոր դիտանկյունից է բացահայտում աշխարհը։ Եվ այդ բացահայտմամբ ընդլայնում ու էականորեն ձևափոխում է գեղեցիկի ընկալումը։

Ֆիլմը նկարահանվել է 1996թ-ին։ 1999թ-ին միայն մեկ օր այն ցուցադրվել է Երևանում, Կինոյի տան մեծ էկրանին։




5 հունվար Տղա ծնվելու հավանականությունը փոքր-ինչ ավելի է, քան աղջիկ ծնվելունը։ Համաշխարհային միջինը շուրջ 106 տղա է 100 աղջկա հաշվով, այսինքն՝ ծննդյան պահին տղա-աղջիկ հարաբերության միջին արժեքը 1.060 է։

Որոշ երկրներում, սակայն, կիրառվում է հղիության ընտրովի ընդհատումը։ Հայտնի է, որ դրանում առաջինը աշխարհում Չինաստանն է։ Քչերն են, սակայն, տեղյակ, որ երկրորդը Հայաստանն է։

Այսպես՝ ծննդյան պահին տղա-աղջիկ հարաբերությունը Չինաստանում 1.149 է, Հայաստանում՝ 1.130: Հաջորդում են Հնդկաստանը՝ 1.120, Վիետնամը՝ 1.110, Ադրբեջանը՝ 1.110, Ալբանիան՝ 1.100, Վրաստանը՝ 1.080, Մակեդոնիան՝ 1.080: Իսկ մնացյալ երկրներում այդ ցուցանիշը մոտ է բնականոնին։

Տղա-աղջիկ հարաբերության բարձր ցուցանիշը վկայում է, որ Չինաստանում, Հայաստանում և նշված մի քանի երկրներում իրականացվում է հղիության ընտրովի ընդհատում։

Հայաստանում այս խնդրի վերաբերյալ 2011թ-ին ՄԱԿ֊ի Բնակչության հիմնադրամն իրականացրել է հատուկ հետազոտություն։

ՀՀ-ում խնդրի իրավական կարգավորումը, առայժմ ոչ բավարար արդյունավետությամբ, կատարվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածով։


4 հունվար Որոշ ցուցանիշներ, որոնք արտահայտում են Հայաստանի դիրքը Հարավային Կովկասում։

ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2016թ-ին (հզ դոլ.) Հայաստանում 3.6, Վրաստանում 3.9, Ադրբեջանում 6.7

Գործարար միջավայրի բարենպաստությամբ (աշխարհում կարգը) Վրաստանը 16-րդ, Հայաստանը 38-րդ, Ադրբեջանը 65-րդ

Կոռումպացվածությամբ (աշխարհում կարգը) Վրաստանը 48-րդ, Հայաստանը 95-րդ, Ադրբեջանը 119-րդ

5.5մլն զբոսաշրջիկ 2014թ-ին այցելել է Վրաստան, Ադրբեջան 2.2մլն, Հայաստան 1.2մլն

Տնտեսական ազատությամբ (աշխարհում կարգը) Վրաստանը 23-րդ, Հայաստանը 54-րդ, Ադրբեջանը 91-րդ

Մրցունակությամբ (աշխարհում կարգը) Ադրբեջանը 37-րդ, Վրաստանը 59-րդ, Հայաստանը 79-րդ

Արտահանման կշիռը ՀՆԱ-ում 2015թ-ին Հայաստանում 30%, Վրաստանում 45%, Ադրբեջանում 38%

ՀՆԱ-ի աճը 2015թ-ին Հայաստանում 3%, Վրաստանում 2.8%, Ադրբեջանում 1.1%


4 հունվարՓոխարժեքի և տոկոսադրույքի կապը տնտեսության առավել հիմնարար մակրոառնչություններից է։ Կենտրոնական բանկերը տոկոսադրույքների վրա ազդում են տարբեր նպատակներով, այդ թվում՝ փոխարժեքի վրա ներգործելու նպատակով։ Իսկ ինչպիսի՞ն է տոկոսադրույքի և փոխարժեքի կապը։ Այդ հարցի պարզաբանման համար առաջարկում եմ կարդալ այս նյութը, որը հատված է 18-րդ գլխի խնդիրներից։ Այդ խնդիրները շուտով կհրապարակեմ։

3 հունվար 18-րդ գլխում կիրառել եմ մի շարք տերմիններ, որոնց բացատրությունը կարող է օգտակար լինել։

Առևտրում չներառվող ապրանք (nontraded good), ապրանք, որի միջազգային առևտուրը հնարավոր չէ (շտապօգնության ծառայությունը հնարավոր չէ արտահանել, քանի որ մինչև շտապօգնությունը հասնի արտերկիր, այլևս շտապ օգնություն չի լինի) կամ առևտրի խոչընդոտները մեծ են (վարսահարդարման և մերսման ծառայությունները, սովորաբար, չեն արտահանվում, քանի որ տրանսպորտային ծախսը մեծ է, և մարդիկ հիմնականում բավարարվում են հայրենի վարսահարդարմամբ ու մերսմամբ):

Կապիտալ օգուտ (capital gain), ակտիվի արժեքի աճը, ընթացիկ գնի և ձեռք բերման գնի տարբերությունը: Կապիտալ օգուտ ստանում են օրինակ՝ արտարժութային ակտիվներ տնօրինողները, երբ տեղի է ունենում ազգային արժույթի արժեզրկում։ Երբ դրամը x%-ով արժեզրկվում է, ապա դոլարային ակտիվների դրամային արժեքը x%-ով բարձրանում է. այդ հավելաճն էլ կոչվում է կապիտալ օգուտ։

Պորտֆել (portfolio), բոլոր ակտիվների ամբողջությունը, որը տնօրինում է ներդրողը։ Սովորաբար տարբեր ակտիվների տնօրինումը նախընտրելի է մեկ ակտիվի տնօրինումից, քանի որ այդ դեպքում պորտֆելի ընդհանուր արժեքի նշանակալի անկման ռիսկն էապես կրճատվում է։ Երբ պորտֆելում առկա են միայն մեկ ձեռնարկության արժեթղթերը, ապա այդ ձեռնարկության իրավիճակի վատացման դեպքում պորտֆելի արժեքը կտրուկ նվազում է։ Բայց երբ պորտֆելում առկա են տնտեսության տարբեր ճյուղերի միմյանց հետ չկապված տասնյակ ձեռնարկությունների արժեթղթերը, ապա պորտֆելի արժեքի կտրուկ անկման հավանականությունն էապես փոքր է։

Պորտֆելը հնարավորություն է տալիս զուգորդել բարձր եկամտաբերությամբ, բայց ցածր իրացվելիությամբ ակտիվները ցածր եկամտաբերությամբ, բայց բարձր իրացվելիությամբ ակտիվների հետ։

Սպեկուլյացիա (speculation), տնտեսական գործունեություն, որի նպատակը ապրանքների, ակտիվների կամ արժույթների գների ակնկալվող փոփոխությունից շահույթ ստանալն է: Սպեկուլյանտները գնում են այն ակտիվները, որոնց գինն ակնկալում են, որ բարձրանալու է, և վաճառում են այն ակտիվները, որոնց գինն ակնկալում են, որ նվազելու է:

Հեջինգ (hedging), ռիսկը կրճատելուն ուղղված գործողություններ։ Երբ ձեռնարկությունը տնօրինում է ինչ-որ ակտիվների (օրինակ՝ հացահատիկի կամ պղնձի) պաշար, ապա դրանց գնի նվազման դեպքում վնաս կկրի։ Գնի անկման ռիսկից խուսափելու համար ձեռնարկությունը կարող է այդ ակտիվները վաճառել ֆորվարդ շուկայում, այսինքն՝ որոշված գնով վաճառել ապագա ժամանակում։ Նույն նպատակով ձեռնարկությունը կարող է գնել փութ օպցիոն (put option), որը տալիս է սահմանված գնով վաճառելու իրավունք։ Նմանապես, ձեռնարկությունը, որին ապագայում անհրաժեշտ է ձեռք բերել ինչ-որ ակտիվներ, կվնասվի, եթե այդ ակտիվների գինը բարձրանա։ Գնի աճի ռիսկից խուսափելու համար ձեռնարկությունը կարող է այդ ակտիվները գնել ֆորվարդ շուկայում։ Նույն նպատակով ձեռնարկությունը կարող է գնել քոլ օպցիոն (call option), որը տալիս է սահմանված գնով գնելու իրավունք։

Դոլարիզացիա (dollarization), իրավիճակ, երբ երկրում ազգային արժույթի փոխարեն կիրառվում է օտարերկրյա արժույթը։ Դոլարիզացիայի ցուցանիշ է ընդհանուր ավանդների կառուցվածքում արտարժութային ավանդների կշիռը։


2 հունվար Հարգելի ուսանողներ, «Փոխարժեքի որոշումը» դասախոսության վերջին, հինգերորդ մասը հրապարակել եմ։ Այն նկարագրում է փոխարժեքի որոշման Դորնբուշի մոդելը, որն իր ժամանակին հեղափոխություն կատարեց փոխարժեքի տեսական ընկալումներում։ Դորնբուշի մոդելի հմայքը նրանում է, որ այն առաջին անգամ տրամաբանորեն բացատրեց փոխարժեքի կտրուկ տատանումների ֆենոմենը։ Դորնբուշի շնորհիվ տնտեսագետները խորը շունչ քաշեցին, քանի որ իրենց լավ զգացին, որ այս էական երևույթը նույնպես իրենք կարող են տրամաբանորեն հիմնավորել։

Ցանկանում եմ բոլորիդ երջանկություն, և՛ այս նոր տարում, և՛ բոլոր հետագա տարիներին



31 դեկտեմբեր Հարգելի ուսանողներ, «Փոխարժեքի որոշումը» դասախոսության չորրորդ մասը հրապարակել եմ։ Այն նկարագրում է փոխարժեքի որոշման Ճկուն գների մոնետար մոդելը, որի հեղինակն է Ֆրենկելը։ Մոդելում փոխարժեքի որոշումը բացատրվում է փողի առաջարկի, իրական եկամտի և տոկոսադրույքի միջոցով։

31 դեկտեմբեր «Առավոտ»֊ի խմբագիր Արամ Աբրահամյանի վերջին խմբագրականը անլիարժեքության բարդույթի լեզվական դրսևորումների մասին է։

31 դեկտեմբեր

31 դեկտեմբեր Բրիտանիայի վարչապետուհի Թերեզա Մեյը երեկ իրեն թույլ է տվել աննախադեպ հանդգնություն. նա հրապարակավ քննադատել է ԱՄՆ֊ի պետքարտուղարի ելույթը, որում պետքարտուղարը խիստ բացասական բնորոշումներ էր տվել Իսրայելի ներկա վարչակարգին՝ կապված Պաղեստինում հրեաների բնակեցման քաղաքականության հետ։

Սովորական իրավիճակում Մեյի քայլն անհնար կլիներ. սովորական իրավիճակում Բրիտանիայի վարչապետը գովերգում է, էլեգիաներ է ձոնում, համերաշխության ներբողներ է կարդում ԱՄՆ֊ի նախահագին, ոչ թե փնովում է։

Ապա ինչո՞ւ է Մեյը հանկարծ անցել սովորականի սահմանագիծը։

Պատճառը պարզ հաշվարկն է։ Օբամայի օրերը հաշված են, իսկ հունվարի 20-ին գահ է բարձրանալու Թրամփը։ Իսկ ու՞մ է Թրամփը նախագահ ընտրվելուց հետո առաջինը հյուրընկալել Բրիտանիայից։ Ոչ թե Թերեզա Մեյին, այլ նրա ոխերիմ հակառակորդին՝ Նիգել Ֆարաջին (ահա երկուսով Թրամփի ոսկեկուռ դռների առջև): Եվ քանի որ պետքարտուղարի այդ ելույթը Թրամփը նույնպես քննադատել էր, ապա Մեյը ցանկանում է հստակ պատգամ ուղարկել Թրամփին. «Դոնալդ, ես եմ քո հետ, ես եմ քո կողքին»։


31 դեկտեմբեր Կոնգոյի նախագահն այսօր համաձայնել է 2017թ-ի վերջում կազմակերպել ընտրություններ և փոխանցել իշխանությունը (այս թեմային անդրադարձել էինք երեկ)։ Եթե այս համաձայնագիրն իրագործվի, ապա դա կլինի Կոնգոյում իշխանության առաջին անարյուն փոխանցումը։ Ավելին՝ Կաբիլան պարտավորվել է չփոխել սահմանադրությունը և չփորձել երրորդ անգամ ընտրվելու հնարավորություն ստանալ։

Իրականում, Կաբիլան ժամանակ է շահում։ Այս կերպ ինքը ևս մեկ տարով լեգիտիմացնում է իր անօրեն իշխանությունը։ Իսկ մեկ տարվա ընթացքում կփորձի կենտրոնացնել իշխանությունը և ոչնչացնել ընդդիմությանը։ Դա սակայն պարտադիր չէ, որ նրա մոտ ստացվի։


31 դեկտեմբեր Khan Academy-ի այս փոքրիկ դասախոսությունում համադրվում են դասական և քեյնսյան պատկերացումները ամբողջական առաջարկ-պահանջարկ մոդելի շրջանակում։ Նյութին Դուք հիմնականում ծանոթ եք, բայց փոքրիկ կրկնությունը կարող է օգտակար լինել։

Նշեմ միայն, որ դասական մոդելն առնչվում է երկարատև ժամանակաշրջանին, իսկ քեյնսյան մոդելը՝ կարճատև ժամանակաշրջանին։

Դասախոսությունը նայելուց հետո Ձեզ կարող է հետաքրքրել հետևյալ հարցը.

- Դասական տնտեսագիտության ընկալմամբ, որն է տնտեսությունը ճգնաժամից հանելու ուղին:

- Տնտեսությունը ինքն իրեն դուրս կգա ճգնաժամից, և կառավարությունը ոչինչ անհրաժեշտ չէ, որ ձեռնարկի,- պատասխանում են դասականները։

- Բայց ինքն իրեն ինչպե՞ս դուրս կգա,- թերևս հարցնեք Դուք։

- Շուկաները ինքնակարգավորվում են, քանի որ գները, աշխատավարձերը և տոկոսադրույքները կատարյալ ճկուն են։ Մասնավորապես, ճգնաժամի դեպքում աշխատողները կնախընտրեն աշխատել ավելի ցածր աշխատավարձով, քան թե մնալ գործազուրկ, ինչի շնորհիվ զբաղվածությունը կընդլայնվի և թողարկումը կվերադառնա լրիվ զբաղվածության մակարդակին,- պնդում են դասականները։

Հիշենք, որ դասականների կարծիքով գործազրկությունը, եթե առկա է տնտեսությունում, ապա բացառապես կամավոր է։ Յուրաքանչյուրը, ով ցանկանում է աշխատել, կարող է աշխատել, եթե ընդունի շուկայի առաջարկած աշխատավարձը։





30 դեկտեմբեր Կոնգոյի նախագահ Կաբիլային Դուք ծանոթ եք: Նրան անդրադարձել ենք, երբ դիտարկում էինք այն հարցը, թե ինչու են երկրները այդչափ աղքատ։

Հիշում եք՝ Կոնգոյում 1960թ-ին մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 755 դոլ. էր: Կես դար անց՝ 2013թ-ին, այն 288 դոլ. էր։ Հիշում եք նաև՝ Կոնգոն բնական պաշարներով աշխարհի ամենահարուստ երկրներից է (այնտեղ է ադամանդի և կոբալտի համաշխարհային պաշարների 30%, պղնձի 10%): Կոնգոն, ունենալով այդքան բնական ռեսուրսներ և Հայաստանի համեմատ 23 անգամ շատ բնակչություն ու 78 անգամ ընդարձակ տարածք, 2013թ-ին Հայաստանից ընդամենը երկու անգամ մեծ ՀՆԱ ուներ. համարժեք գնողունակության ՀՆԱ-ն Հայաստանում 22.4մլրդ դոլ. էր, Կոնգոյում՝ 48.8մլրդ դոլ.։

Եվ ահա դեկտեմբերի 19-ին ավարտվել է Կաբիլայի նախագահության ժամկետը։ Կոնգոյի սահմանադրությամբ նա երրորդ անգամ նախագահ չի կարող ընտրվել։ Բայց հարցն այն է, որ նա չփորձեց էլ ընտրվել։ Ընտրությունները պետք է լինեին նոյեմբերին, բայց Կաբիլան ընտրություններ չկազմակերպեց։ Նա պարզապես հրաժարվում է հանձնել իշխանությունը. «Ես եմ նախագահը, ու վերջ»։

Երրորդ աշխարհի երկրներում, սովորաբար, երբ նախագահի ժամկետն ավարտվում է, բայց նա ոչ մի կերպ չի կարողանում բաժանվել իշխանությունից (դե մարդ է, սիրում է իշխանությունը), ապա փոխում են սահմանադրությունը։ Այնպես չէ, որ Կաբիլան սահմանադրությունը փոխելու նեղությունը իրեն չի ուզում տալ։ Նա երազում է սահմանադրությունը փոխել, բայց այնքան իշխանություն չունի, որ դա իրագործի։

Դեկտեմբերի 19-ին հաջորդող օրերին շուրջ 40 ցուցարար է սպանվել ոստիկանության հետ բախումներում, բայց Կոնգոյում դա առանձնակի իրադարձություն չէ։ 1996-2003թթ-ի խժդժությունների տարիներին մի քանի միլիոն մարդ է սպանվել։

Երկու շաբաթ առաջ Կաբիլան ակնարկում էր, որ 2018թ-ի ապրիլին նա, այնուամենայնիվ, ընտրություններ կկազմակերպի։ Բայց ներկայում Կոնգոյում Կաթոլիկ եկեղեցու միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, որոնց արդյունքում Կաբիլան հավանաբար ստիպված կլինի համաձայնել ընտրությունները կազմակերպել մի փոքր շուտ՝ 2017թ-ին։


30 դեկտեմբեր



29 դեկտեմբեր Դուք գերազանց գիտեք, որ Եվրոպայում գները միջին հաշվով ավելի բարձր են, քան Հայաստանում։ Ընդ որում, գների տարբերությունը հատկապես նշանակալի է ծառայությունների ոլորտում։

Ծառայությունների նշանակալի մասը միջազգային առևտրում չեն ներառվում։ Դա արդեն իսկ հուշում է, որ դրանց գները տարբեր երկրներում պետք է տարբեր լինեն, քանի որ առևտուրն է, որ ապրանքների գները հավասարեցնում է իրար։

Բայց ինչո՞ւ են ծառայությունները Եվրոպայում ավելի թանկ։ Սիրողական պատասխանը կարող է լինել այն, որ Եվրոպայում եկամուտներն ավելի բարձր են։ Իսկ ավելի լրջմիտ պատասխանը տալիս է Բալասսա-Սամյուելսոնի մոդելը։ Այն կարող եք ուսումնասիրել 18-րդ գլխի 3-րդ մասում, որը հրապարակել եմ։

Ձեր ուշադրությունը հրավիրում եմ գծ. 18-7-ի վրա, որը ցույց է տալիս, որ գների միջին մակարդակը Հայաստանում մինչև 2003թ֊ը շուրջ 4 անգամ ցածր էր, քան ԱՄՆ֊ում: Իսկ ներկայում այն ցածր է շուրջ 2.5 անգամ։

Ձեր ուշադրությունը հրավիրում եմ նաև գծ. 18-8-ի վրա վրա, որը ցույց է տալիս մեկ շնչի հաշվով ՀՆԱ֊ի դինամիկան Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում։



29 դեկտեմբեր Ինչո՞վ են զբաղված այս երիտասարդները



28 դեկտեմբեր Ոստիկանության անօրինականությունները ԱՄՆ֊ում: ԱՄՆ֊ի Արդարադատության նախարարության դեկտեմբերի 19-ի հաշվետվությունը սահմռկեցուցիչ բացահայտումներ է անում։

Պարզվում է՝ Լուիզիանայի ոստիկանությունը տարիներ շարունակ հարյուրավոր անձանց անօրինաբար ազատությունից զրկել է։ Հարյուրավոր անձիք, որոնք այս կամ այն պատճառով ոստիկանության տեսադաշտում են հայտնվել, օրեր շարունակ պահվել են ոստիկանությունում՝ մինչև տվել են ինքնախոստովանական, հաճախ կեղծ ցուցմունքներ։

Օրինակ՝ Վիլլե Պլատտե քաղաքում, որի բնակչությունը շուրջ 7300 է, 2012-14թթ֊ին ազատությունից անօրինաբար զրկվել և օրեր շարունակ ոստիկանությունում պահվել են առնվազն 700 հոգի` քաղաքի բնակչության 10%-ը։



28 դեկտեմբեր Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են վերջ տալ ընտրակեղծիքներին (սա կատակ չէ)։

Մեծ Բրիտանիայում գործում է քվեարկելու երեք եղանակ. 1) անձամբ ընտրատեղամասում, 2) փոստով, 3) մեկ ուրիշ անձի միջոցով։ Արդեն իսկ այս թվարկումից Դուք նկատեցիք, որ այդ երկրում ընտրություններին կեղծելը խաղ ու պար է։

Այսպես՝ փոստով ընտրելու համար անհրաժեշտ է լրացված քվեաթերթիկն ուղարկել փոստով։ Յուրաքանչյուրը կարող է կիրառել ընտրություն կատարելու այս մեթոդը։ Պատկերացնենք այսպիսի բնութագրական օրինակ։ Ամբողջ ընտանիքը պարզ դիմումի միջոցով ձեռք է բերում փոստով քվեարկելու մշտական իրավունք։ Այնուհետև՝ ամեն ընտրությունից առաջ նրանց է այցելում ընտանիքի «մերձավորը» և բերում է մի նվեր, օրինակ՝ բրնձի շիլա։ Կուշտ զխկտվելուց հետո ընտանիքի բոլոր անդամները կովի ժպիտը երեսներին լրացնում են քվեաթերթիկները և փոստով առաքում։ Ահա և ամբողջ պատմությունը։

Իսկ մեկ ուրիշի միջոցով ընտրություն կատարելու համար անհրաժեշտ է ունենալ հարգելի պատճառ, օրինակ՝ ընտրության օրը զբաղված լինել (սա նույնպես կատակ չէ)։ Արդյունքում՝ յուրաքանչյուրը կարող է բոլորովին օրինական եղանակով մեկ ուրիշին փոխանցել ընտրության օրն իր անունից քվեարկելու իրավունքը։ Ոմանք այդ կերպ ձեռք են բերում տասնյակ անձանց անունից «բիրիկ» քվեարկելու իրավունք։

Ընտրությունների կեղծումը հատկապես տարածված է Բրիտանիայում բնակվող որոշ ազգային փոքրամասնությունների շրջանում։ Մասնավորապես՝ բանգլադեշցիները, հատկապես այնտեղ, ուր բնակվում են հոծ խմբերով, օրինակ՝ Բիրմինգեմում կամ Լոնդոնի Թաուեր Համլետս թաղամասում, զբաղվում են մանկուց սիրած, պապերից ժառանգած արհեստով՝ ընտրակեղծարարությամբ։

Բրիտանացի ազգագրագետները «նոր են հասկացել», որ որոշ ասիական երկրներում ցեղային կազմավորումները դեռևս հեռու են քայքայվելուց։ Այդ երկրներում ընտրության գնում է ոչ թե անհատը, այլ ցեղը։ Ընդ որում, ամբողջ ցեղը քվեարկում է այնպես, ինչպես հանձնարարել է ցեղի առաջնորդը։

Եվս մեկ նրբություն։ Ներկայում իշխանության ղեկին Պահպանողականներն են։ Իսկ Բրիտանիայում բնակվող ասիական փոքրամասնությունները հիմնականում քվեարկում են Լեյբորիստների օգտին։ Եզրահանգումը պարզ է։ Այդ ցեղերի քվեարկելու հնարավորությունները պետք է սահմանափակել։ Ինպե՞ս։ Խստացնելով փոստով կամ ուրիշի միջոցով քվեարկելու պայմանները և նաև ընտրական տեղամասում անձը հաստատող փաստաթղթերին ներկայացվող պահանջները։


28 դեկտեմբեր Հատկապես Նոր տարվա շեմին հատկապես կանանց հուզում է իրենց սանրվածքը։

Վարսահարդարի ծառայությունը միջազգային առևտրում չներառվող ապրանքի դասական օրինակ է։ Քանի որ առևտրում այն չի ներառվում, ապա դրա գները երկրներում էապես տարբեր են։ Մասնավորապես՝ կանացի վարսահարդարի ծառայությունը Օսլոյում արժե 95, Նյու–Յորքում՝ 73, Հռոմում՝ 49, Փարիզում՝ 48, Մոսկվայում՝ 41, Դելիում՝ 12, Պեկինում՝ 9, Ջակարտայում՝ 5 (գները դոլարով են):



28 դեկտեմբեր Մաքդոնալդսի Բիգմաքը և Կոկա֊կոլան ամերիկյան մշակույթի առավել ճանաչելի սիմվոլներն են։

Բիգմաքը մի առավելություն ունի. այն ինքնին ապրանքների համախումբ է, քանի որ նրանում բազմաթիվ բաղադրիչներ են օգտագործվում, օրինակ՝ տավարի միս, լոլիկ, վարունգ և այլն։ Այդ պատճառով «Էքոնոմիստ» հանդեսը Բիգմաք համաթիվը կիրառում է արժույթների թեր կամ գեր արժևորված լինելը պարզելու համար։ Դրա հիմքում ընկած է գնողունակության համարժեքության տեսությունը։

Այս թեմայի վերաբերյալ մանրամասն կարող եք կարդալ 18-րդ գլխի երկրորդ մասում, որը հրապարակել եմ։ Այն ընդամենը երեք էջ է:

Գնողունակության բացարձակ համարժեքության տեսության գաղափարը հետևյալն է։

Եթե առևտրի արգելքներ չկան և տրանսպորտային ծախսերը զրո են, ապա երկու երկրներում ապրանքների գները պետք է լինեն նույնը։

Որպես օրինակ վերցնենք համակարգիչը։ Ենթադրենք այն Երևանում արժե 400 հզ դրամ, իսկ Նյու-Յորքում 600 դոլ, և դրամ/դոլար փոխարժեքը 500 է։ Այդ դեպքում համակարգիչը Նյու-Յորքում դրամով արտահայտված արժե 300 հզ դրամ։ Յուրաքանչյուր ձեռներեց երիտասարդ կամ օրիորդ կարող է համակարգիչը գնել Նյու-Յորքում և վաճառել Երևանում։ Համարենք՝ փոստով առաքումը 55 հզ դրամ է։ Այդ դեպքում ամեն համակարգչից նա 45 դրամ կշահի։ Բնականաբար՝ այդպիսի ձեռներեցներ շատ կլինեն, և Երևանում համակարգչի գինը կնվազի։ Տեսականում նաև հնարավոր է, որ գինը Նյու-Յորքում աճի, բայց գործնականում դժվար թե Երևանի պահանջարկի հաշվին Նյու-Յորքում գների փոփոխություն լինի։

Ինչևէ՝ կարևորն այն է, որ գները կփոխվեն այնպես, որ երկու երկրներում դրանք կհավասարվեն։ Եվ արդյունքում՝ արբիտրաժի միջոցով երաշխավորված եկամուտ ստանալու հնարավորությունը կվերանա։

Ապրանքների գինը նշանակենք Երևանում $P$, Նյու֊Յորքում՝ $P^*$, իսկ դրամ/դոլար փոխարժեքը նշանակենք $\epsilon$: Ապրանքների գինը Նյու֊Յորքում արտահայտված դրամով հավասար է $\epsilon \ast P^*$։ Ուստի՝ հավասարակշռության վիճակում $P = \epsilon \ast P^*$: Հետևաբար՝ $\epsilon = P / P^*$: Այսինքն՝ դրամ/դոլար փոխարժեքն ըստ գնողունակության բացարձակ համարժեքության հավասար է երկու երկրներում գների հարաբերությանը։

Այժմ համարենք՝ ապրանքների գինը Հայաստանում միջին հաշվով ավելի բարձր է, քան ԱՄՆ֊ում։ Այսինքն՝ եթե դրամ/դոլար շուկայական փոխարժեքը $\bar{\epsilon}$ է, ապա $P > \bar{\epsilon} \ast P^*$։ Դա նշանակում է, որ շուկայական փոխարժեքը ցածր է գնողունակության համարժեքությանը համապտասխանող փոխարժեքից. $ \bar{\epsilon} < P / P^* = \epsilon$ : Այսինքն՝ շուկայական փոխարժեքն արժևորված է։ Իսկ երկարատև ժամանակաշրջանում ակնկալելի է, որ այն արժեզրկվի, այնպես որ գնողունակության համարժեքությունը վերականգնվի։

Ինչ վերաբերում է Բիգմաք համաթվին, ապա «Էքոնոմիստ» հանդեսն օգտագործում է միայն մեկ ապրանք` Բիգմաքը։ Ըստ իր այս տարվա հաշվարկի՝ ներառված արժույթներից առավել արժեզրկված են ուկրաինական գրիվնան, մալազիական ռինգիթը և ռուսական ռուբլին։ Իսկ նշանակալի արժևորված է միայն մեկ արժույթ՝ շվեյցարական ֆրանկը։


27 դեկտեմբեր Հարգելի ուսանողներ, 18-րդ գլխի 1-ին մասը հրապարակել եմ։

Այն հիմնականում վերաբերում է տոկոսադրույքների համարժեքությանը։ Վերջինը ցույց է տալիս, թե տարբեր արժույթներով գնանշված պարտատոմսերի տոկոսադրույքները միմյանց ինչպես են կապված։ Մասնավորապես՝ տոկոսադրույքների համարժեքությամբ կարող ենք պարզել փոխարժեքի հավասարակշիռ ֆորվարդ դրույքը, ինչպես նաև որոշել փոխարժեքի ակնկալվող փոփոխության չափը։

Այս բաժնի էական արդյունքներից է նաև այն, որ փոխարժեքի ապագա ակնկալվող դրույքի փոփոխությունը հանգեցնում է փոխարժեքի ընթացիկ սփոթ դրույքի փոփոխությանը։


27 դեկտեմբեր Հարգելի ուսանողներ, ԱՄՆ-ում դաշնային դրույքը մի քանի օր առաջ բարձրացվեց 0.5%-ից 0.75%: Այս տեսահոլովակը դրա հնարավոր հետևանքների մասին է։


26 դեկտեմբեր Օրեր առաջ Հայաստանում էր Իրանի նախագահը, ինչն աշխարհաքաղաքական առումով էական իրադարձություն է, բայց տնտեսական առումով երկրորդական է։ Սակայն փորձագետները լծված են ապացուցելու անապացուցելին։ Թե իբր հայ-իրանական մերձեցումը ներդրումների շռնդալից հոսք է խոստանում։ Նախ՝ հայ-իրանական կապերը բարեբախտաբար նոր չէ, որ մերձ են, ու անհրաժեշտաբար մերձ են մնալու։ Իսկ տնտեսական կապերում պոռթկումների կամ ճեղքումների համար բարեբեր հող է անհրաժեշտ։

Ինչևէ։ Հայաստանում հանրային քննարկումներում շրջանառության մեջ են դրվել տնտեսական ցուցանիշների վերաբերյալ միամիտ տեղեկություններ։ Մասնավորապես՝ հայտնի է, որ Իրանի ՀՆԱ-ն համարժեք գնողունակությամբ 1.4 տրլն դոլ. է, իսկ Ռուսաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով 1.3 տրլն դոլ. է։ Եվ ահա այս երկու տարբեր ցուցանիշները շփոթվել են, ու խոսվում է այն մասին, թե Իրանի ՀՆԱ-ն հավասար է Ռուսաստանի ՀՆԱ-ին։

Մեծ պատմահայրը նաև մեծ մարգարե էր, քանի որ նրա «Ողբը» մշտապես այժմեական է։



24 դեկտեմբեր

Ինչո՞ւ է պարտատոմսերի գինը հակադարձ տոկոսադրույքին

Պարտատոմսերի շուկայական արժեքը և տոկոսադրույքը միմյանց հակադարձ են. երբ մեկը բարձրանում է, մյուսը նվազում է։

Ենթադրենք՝ տնտեսությունում ընդհանուր տոկոսադրույքը 10% է։ «Անկապ» բանկը թողարկում է 1000 դոլ. անվանական արժեքով և 10% անվանական տոկոսադրույքով պարտատոմս, որի շրջանառության ժամկետը մեկ տարի է։

Նկատենք, եթե այդ պարտատոմսի տոկոսադրույքը լիներ տնտեսության ընդհանուր տոկոսադրույքից ցածր, ապա այն ներդրողներին չէր հետաքրքրի։

Դիցուք՝ այդ պարտատոմսի ընթացիկ շուկայական արժեքը 1000 դոլ. է, և Շավարշը ձեռք է բերում մեկ պարտատոմս։ Ժամկետի վերջում Շավարշը հետ կստանա իր 1000 դոլ-ը և ևս 100 դոլ. տոկոսավճար։

Ի՞նչ կլինի, եթե ընդհանուր տոկոսադրույքը անակնկալ բարձրանա մինչև 12%: Այդ դեպքում Շավարշն այլևս չի կարող իր հենց նոր գնած պարտատոմսը 1000 դոլ-ով վաճառել։ Պատճառն այն է, որ ներդրողներն արդեն հնարավորություն կունենան 1000 դոլ. ներդրման դիմաց մեկ տարի անց ստանալ ոչ թե 1100 դոլ., այլ՝ 1120 դոլ.:

Ուստի՝ «Անկապ»-ի պարտատոմսերի շուկայական արժեքը պետք է նվազի այնքան, մինչև ապահովի 12% եկամտաբերություն։

Այսպես՝ «Անկապ»-ի պարտատոմսը մեկ տարի անց բերելու է 1100 դոլ. եկամուտ։ Իսկ քանի որ ընդհանուր տոկոսադրույքը 12% է, ապա մեկ տարի հետո ստացվելիք 1100 դոլ-ի ներկա արժեքը 1100/1.12=982.1 դոլ. է։

Շավարշը, եթե որոշի վաճառել իր պարտատոմսը, կարող է վաճառել 982.1 դոլ-ով։ Գնորդը, ներդնելով 982.1 դոլ. և մեկ տարի անց ստանալով 1100 դոլ., ներդրման դիմաց փաստացի կստանա 12% եկամուտ։

Այսպիսով՝ երբ տոկոսադրույքը 10%-ից բարձրացավ 12%, ապա պարտատոմսի շուկայական գինը 1000 դոլ-ից նվազեց 982.1 դոլ.։ Այսինքն՝ պարտատոմսի գինը և տոկոսադրույքը հակադարձ են։

Ամփոփենք։ Երբ «Անկապ»-ը թողարկում է 1000 դոլ. անվանական արժեքով, 10% անվանական տոկոսադրույքով պարտատոմս, և երբ տնտեսությունում ընդհանուր տոկոսադրույքը 10% է, ապա ներդրողների համար միևնույնն է՝ գնել այդ պարտատոմսը, թե օրինակ՝ խնայել փողը առկա տոկոսադրույքով։

Այնուհետև՝ եթե ընդհանուր տոկոսադրույքը բարձրանում է մինչև 12%, ապա «Անկապի»-ի պարտատոմսը, որի անվանական տոկոսադրույքը 10% է, դադարում է որևէ ներդրողի հետաքրքրել, քանի դեռ նրա շուկայական գինը չի նվազել։ Ընդ որում, գինը պետք է նվազի այնքան, մինչև եկամտաբերությունը կազմի 12%: Դա նշանակում է, որ պարտատոմսի շուկայական գինը պետք է հավասարվի 982.1 դոլ-ի։

Համապատասխանորեն՝ եթե ընդհանուր տոկոսադրույքը նվազում է մինչև 8%, ապա «Անկապի»-ի պարտատոմսը, որի անվանական տոկոսադրույքը 10% է, դառնում է խիստ գրավիչ։ Ներդրողներն ընդլայնում են նրա նկատմամբ պահանջարկը, և այդ պարտատոմսի գինը բարձրանում է։ Ընդ որում, բարձրանում է այնքան, մինչև փաստացի եկամտաբերությունը դառնում է 8%: Մեր օրինակում, եթե պարտատոմսի շուկայական գինը դառնա 1018.5 դոլ, ապա նրա եկամտաբերությունը կկազմի 8%:

Իբրև վերջաբան կրկնենք՝ տոկոսադրույքը և պարտատոմսերի գինը հակադարձ են։ Այդ պատճառով, երբ ԿԲ-ն իրականացնում է մոնետար ընդլայնում և բաց շուկայի գործարքների միջոցով գնում է պարտատոմսեր, ապա դրանց գինը բարձրանում է, և տոկոսադրույքը նվազում է։


22 դեկտեմբեր

Ո՞ր տարիքում սովորել միջազգային տնտեսագիտություն

Հարգելի ուսանողներ, երեկ, դեկտեմբերի 21-ին Neuron ամսագիրը հրապարակել է «Searching for Signatures of Brain Maturity» հոդվածն այն մասին, թե որ տարիքում է ավարտվում մարդու ուղեղի ձևավորումը։ Այդ հոդվածին առնչվող մի քանի կարճ դիտարկումներ կատարենք։

Նախ ինչո՞ւ է կարևոր, թե որ տարքում է մարդու ուղեղը վերջնականապես ձևավորվում։ Այն պատճառով, որ միայն այդ տարիքից հետո հասարակությունը կարող է նրան վերաբերվել իբրև հասուն անձի և, հետևաբար, ակնկալել համապատասխան վարք, տրամադրել համապատասխան իրավունքներ և պահանջել որոշակի պարտականությունների կատարում։

Օրինակ՝ բնականոն կլինի, որ միայն այդ տարիքից հետո մարդը ձեռք բերի ընտրական իրավունք կամ ամուսնանալու իրավունք։ Բացի այդ՝ ուղեղի հասունության տարիքը կարևոր է կատարած հանցանքի պատիժը որոշելու համար, որովհետև, եթե մարդը իրավական տեսանկյունից չափահաս է, բայց նյարդաբիոլոգիական տեսանկյունից անչափահաս է, ապա թերևս անարդացի է նրան պատժել իբրև չափահասի։

Ի վերջո ուղեղի հասունության տարիքը կարևոր է նաև պարզելու համար, թե երբ կարող ենք ակնկալել, որ մարդը սովորի տարբեր դիսցիպլիններ, այդ թվում՝ միջազգային տնտեսագիտություն։

Եվ այսպես՝ երեխայի ուղեղի քաշը ընդհուպ մոտենում է հասուն մարդու ուղեղի քաշին 10-12 տարեկանում։ Առավել որոշակի՝ 10-12 տարեկանում տղամարդկանց ուղեղը 1440գր է, իսկ կանանցը՝ 1260գր։ Իսկ 19-21 տարեկանում, երբ մարդու ուղեղի քաշը հասնում է իր առավելագույն մեծությանը, տղամարդկանց մոտ այն 1450գր է, կանանց մոտ՝ 1310գր։

Բայց քաշից բացի կարևոր են նյարդաթելերի միջև կապերը։ Գլխուղեղի կեղևի տակ գտնվում է սպիտակ նյութը, որը կազմված է շուրջ 86 մլրդ նյարդաթելերից։ Երբ երեխան ծնվում է, նրա ուղեղում արդեն իսկ կան այնքան նյարդաթելեր, որքան՝ հասուն մարդու ուղեղում։ Սակայն նյարդաթելերի միջև կապերի ձևավորումն ընթանում է տարիների ընթացքում, ընդ որում՝ ոչ հավասարաչափ։

Գլխուղեղի ծոծրակային բլթում (գլխուղեղի ետնամասում) նյարդաթելերի միջև կապերի ձևավորումը ավարտվում է մոտ 20 տարեկանում։ Իսկ ճակատային բլթում այդ կապերը շարունակում են ձևավորվել նաև 30 տարեկանում։

Իսկ երբ ուղեղի անատոմիան փոխվում է, նրա գործունեությունը նույնպես փոխվում է։ Մանուկ հասակում մարդու ուղեղի համեմատաբար հարակից հատվածներն են համատեղ աշխատում։ Իսկ պատանի հասակում ուղեղի հեռավոր հատվածներն են սկսում համատեղ աշխատել։ Համարվում է, որ արդյունքում ուղեղը սկսում է աշխատել ավելի արդյունավետ և կարողանում է ավելի շատ ինֆորմացիա մշակել։

Ուղեղի աշխատանքում շատ բան դեռևս գիտությանը անհայտ է։ Բայց առկա տվյալները փաստում են, որ պատանիները և մեծահասակները տրամաբանական խնդիրները լուծում են գործնականում նույն արդյունավետությամբ։ Սակայն պատանիները և մեծահասակները իրենց էապես տարբեր կերպ են դրսևորում զգայական իրավիճակներում։ Պատանիների մոտ, ըստ երևույթին, դեռևս զարգացած չեն ուղեղի այն կարողությունները, որոնք վերահսկողության տակ են պահում զգացմունքները։

Ինչպես նշեցինք, գիտությանը դեռևս շատ բան անհայտ է։ Այդ պատճառով միարժեք եզրահանգումներ կատարելը դեռ վաղ է։ Բայց եթե հավատանք գիտության առկա տվյալներին, ապա ստացվում է, որ միջազգային տնտեսագիտության դասավանդումը երրորդ կուրսում միանգամայն արդարացված է։ Իսկապես, եթե տրամաբանական խնդիրները պատանիները և մեծահասակները լուծում են նույն արդյունավետությամբ, ապա երրորդ կուրսեցիները, եթե ցանկանան, հեշտությամբ կարող են սովորել միջազգային տնտեսագիտություն կամ ցանկացած այլ դասընթաց։

Ինչ վերաբերում է ընտրական իրավունքին, ամուսնական իրավունքին և հանցագործության պատժին, ապա դրան հետագայում կանդրադառնանք։


21 դեկտեմբեր Օդզուի «Տոկոյան պատմություն» ֆիլմը (1953թ.) համաշխարհային կինոյի գլուխգործոցներից է։ Այն ընդամենը մի ընտանիքի առօրյա պատմություն է, բայց իր ներքին դրամատիզմով այն շեքսպիրյան ընդգրկում ունի։ Օդզուի մտահղացումն է ցույց տալ, որ սովորական ընտանիքի սովորական պատմությունը շատ ավելի դրամատիկ է, քան սովորաբար թվում է։

21 դեկտեմբեր

Հարգելի ուսանողներ, երեկ և այսօր Ձեր պարկեշտ վարքը ցույց տվեց, որ Դուք կարևորում եք իրական արժեքները։



2-րդ ընթացիկ քննության ՎԵՐՋՆԱԿԱՆ հարցաշարը

ՆՈՐ։ 19 դեկտեմբեր Չորս փաստ, որոնք կարող են օգտակար լինել 2-րդ ընթացիկի նախօրեին։

19 դեկտեմբեր Մանդելլ֊Ֆլեմինգի մոդելի խնդիրները հրապարակել եմ։ Ինչպես գիտեք, դրանք լինելու են միայն վերջնական բանավոր քննությանը։

19 դեկտեմբեր Միևնույն թվին, միևնույն կուրսում

Հարգելի ուսանողներ, ինչպես գիտեք 4-րդ առաջադրանքը կատարել էին միայն Սերինե Դավթյանը և Աննա Բեժանյանը։ Կատարել էին գերազանց, քանի որ զգալի ծավալ կազմող նյութից առանձնացրել էին էականը և վարպետորեն շարադրել էին մեկ էջի շրջանակում։ Ահա Սերինե Դավթյանի ամփոփումը։


19 դեկտեմբեր

Դասընթացի և իրականության կապը

18-րդ գլխում ուսումնասիրելու ենք, թե ինչպես է որոշվում փոխարժեքը։ Դրամի փոխարժեքի տատանումն ազդում է Հայաստանի յուրաքանչյուր բնակչի խնայողությունների և եկամտի գնողունակության վրա՝ անկախ նրա քաղաքական, կրոնական կամ այլ տիպի հակումներից։ Ու կախված նրանից, թե օրինակ՝ խնայողությունների կառուցվածքն ինչպիսին է, այդ ազդեցությունը կարող է բարենպաստ կամ անբարենպաստ լինել։

Հետևաբար, եթե անձը գիտակցում է, թե որոնք են փոխարժեքը պայմանավորող գործոնները, և թե կառավարության ու ԿԲ-ի քաղաքականությունը կամ արտաքին ու ներքին ցնցումներն ինչպես են ազդում դրամի փոխարժեքի վրա, ապա ավելի խելամիտ որոշումներ կընդունի, այնպես որ իր ֆինանսական դրությունը կբարելավվի և ոչ թե կվատանա։

Մեկ այլ օրինակ։ 17-րդ գլխում ուսումնասիրեցինք Մանդելլ-Ֆլեմինգի մոդելը, և մասնավորապես պարզեցինք, թե կառավարության ու ԿԲ-ի քաղաքականությունն ինչպես են ազդում եկամտի ու տոկոսադրույքի վրա՝ կախված փոխարժեքը ֆիքսված է, թե՝ ճկուն։ Բնականաբար, եկամտի ու տոկոսադրույքի փոփոխությունն ազդում են յուրաքանչյուրի վրա՝ դարձյալ անկախ նրա իմացության կամ պաշտոնի մակարդակից կամ հակումների ու կողմնորոշումների բնույթից։

Ու եթե անձը գիտակցում է, թե կառավարության քաղաքականության փոփոխությունը տնտեսության վրա ինչպիսի ներգործություն է ունենալու, ապա նրա որոշումները կլինեն ավելի խելամիտ։ Օրինակ՝ կենցաղային մակարդակում նա ավելի գիտակցված կվարվի բանկից վարկ կամ հիփոթեք վերցնելիս, եթե հասկանում է, թե տոկոսադրույքն ինչ տրամաբանությամբ է փոփոխվում։

Այսինքն՝ մարդը կարող է միջազգային տնտեսագիտությամբ չզբաղվել, սակայն միջազգային տնտեսագիտությունը մշտապես զբաղվում է նրանով։ Այնպես որ, դասընթացի ընթացքում ուսումնասիրված խնդիրները ուղղակիորեն ազդում են յուրաքանչյուրի վրա, անկախ նրանից՝ նա այդ ազդեցությունը գիտակցում է, թե՝ ոչ։

Ու հետևաբար՝ կարծել, թե դասընթացը պրակտիկային կամ իրականությանը չի առնչվում, կամ համարել, թե դասընթացն անօգտակար է, նշանակում է մտածելու տարրական հմտություններից զերծ լինել։ Այլ բան, որ մարդը կարող է գիտակցված չսովորել, դա արդեն իր ընտրությունն է։


17 դեկտեմբեր 4-րդ առաջադրանքը կատարել են միայն Սերինե Դավթյանը և Աննա Բեժանյանը։ Առաջադրանքը «Ինչո՞ւ են երկրները ձախողվում» գրքի 3-րդ գլխի ամփոփումն էր։

Ե՛վ Սերինե Դավթյանը, և՛ Աննա Բեժանյանը այդ ամփոփումը գրել են գերազանց։

Երբ 2012թ-ի մայիսին Աճեմողլուի և Ռոբինսոնի «Ինչո՞ւ են երկրները ձախողվում» գիրքը հրատարակվեց, այն անմիջապես գրավեց մարդկային զարգացման հիմնախնդիրներով զբաղվող շրջանակների ուշադրությունը։ Գիրքը կարդացողների թվում էր Բիլլ Գեյթսը, ով սովորություն ունի իր կարդացած գրքերի վերաբերյալ գրել քննադատական ակնարկներ։ Գեյթսի գրածից պարզ է, որ գրքի որոշ գաղափարների արժեքը նրա համար ընկալելի չէ։ Այդ պատճառով գրքի հեղինակները առանձին հոդվածով հանդես եկան՝ Գեյթսին ավելի հստակ բացատրելու համար։

Տվյալ դեպքում Սերինե Դավթյանը և Աննա Բեժանյանը հստակ են նկարագրել գրքի 3-րդ գլխի առանցքային պատգամը։


17 դեկտեմբեր Հարգելի ուսանողներ, ինչպես գիտեք 3-րդ առաջադրանքը կատարել է միայն Աննա Բեժանյանը, ընդ որում կատարել է գերազանց։ Ժամանակակից հայ իրականությունում քչերն անհրաժեշտ պատրաստվածություն ունեն միտքն այնպես շարադրելու համար, ինչես դա արել է Ձեր համակուրսեցին։ Համոզվեք ինքներդ։

14 դեկտեմբեր Երկրորդ ընթացիկ քննությունը ներառելու է 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ գլուխները, այդ թվում՝ համապատասխան խնդիրները։ Այն (այսինքն՝ 2016թ֊ի երկրորդ ընթացիկ քննությունը) չի ներառելու «12.1. Արտահանման լրավճար և փոխհատուցման մաքսատուրք» թեման, ինչպես նաև չի ներառելու 18-րդ գլուխը։

13 դեկտեմբեր Մագիստրատուրայի 2-րդ կուրսի «Արժութային քաղաքականություն» դասընթացի հարգելի ուսանողներ, գրավոր աշխատանքի համար առաջարկում եմ հետևյալ թեմաները.

1. ԱՄՆ-ի դաշնային դրույքի աճի ակնկալվող ազդեցությունը համաշխարհային տնտեսության, ԱՄՆ֊ի, Չինաստանի վրա։
2. Բացասական տոկոսադրույքների քաղաքականությունը Եվրատարածքում, Ճապոնիայում, Շվեյցարիայում, Դանիայում, Շվեդիայում։
3. Դրամավարկային քաղաքականությունը ԱՄՆ֊ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Չինաստանում, Ճապոնիայում, Թուրքիայում։
4. Նավթի, ոսկու, պղնձի միջազգային շուկաներում ակնկալվող զարգացումները։

Օրինակ՝ եթե ընտրեք բացասական տոկոսադրույքների թեման, ապա անհրաժեշտ է գրել երկրներից միայն մեկը։ Նույն սկզբունքով՝ մնացյալ հարցերի դեպքում։

13 դեկտեմբեր

Փոքրիկ դրվագ Հունաստանում մոլեգնող կոռուպցիայից

2012թ-ին հունական Զակինթոս կղզին միջազգային ճանաչում ձեռք բերեց, երբ հայտնի դարձավ, որ կղզում կույրերի հարաբերական թիվն ինն անգամ ավելի է, քան այլ եվրոպական երկրներում։ Ինչո՞վ էր պայմանավորված Զակինթոսի կուրությունը։ Պարզվեց պատճառը խիստ մերկանտիլ է։ Հունաստանում կույրերը ստանում էին նպաստ (երկու ամիսը մեկ 724 եվրո և կոմունալ ծախսերի զեղչ), իսկ տեղի ակնաբույժը սիրով տրամադրում էր կուրության վկայական (ցավոք այդ սերն անկեղծ չէր, քանի որ վկայականը փողի դիմաց էր տրամադրում)։

Զակինթոսը դարձավ հունական կոռուպցիայի սիմվոլը (դրա մասին գրեցին ու խոսեցին բոլոր միջազգային լրատվամիջոցները՝ ներառյալ CNN, Wall Street Journal, New York Times)։ Բայց դա կարծում եմ՝ միանգամայն անարդարացի էր, քանի որ զակինթոսցիների գողացածը (շուրջ 9 մլն եվրո) կաթիլ էր հսկայական գողոնի մեջ։ Այսպես՝ Brookings Institution-ի 2010թ-ի գնահատմամբ Հունաստանը ամեն տարի կորցնում էր առնվազն 20մլրդ եվրո իշխանության վերին էշելոններում տիրող կոռուպցիայի պատճառով։

Ուշագրավ է, որ մինչև կույրերի սկանդալը, Զակինթոսը հայտնի էր բոլորովին այլ՝ իրապես հերոսական իրադարձության շնորհիվ։ 1944թ-ին, երբ նացիստները գրավել էին կղզին, կղզու կառավարչից պահանջեցին ներկայացնել կղզում բնակվող հրեաների ցուցակը (կղզում այդ ժամանակ բնակվում էր 275 հրեա)։ Բայց կառավարիչը ներկայացրեց միայն երկու անձանց ցուցակ, որոնք իրականում հրեա չէին։ Ցուցակում առաջինը հենց կառավարիչն էր, իսկ երկրորդը՝ կղզու հոգևոր հայրը՝ հունական եկեղեցու ներկայացուցիչը։ Այո, հարգելի ուսանողներ, եղել են նաև այդպիսի մարդիկ։


12 դեկտեմբեր

Գամբիայի դասերը

Աֆրիկայի արևմուտքում Գամբիա գետի եզերքին փռված է Գամբիա երկիրը։ Գամբիան Աֆրիկա մայրցամաքում տարածքով ամենափոքրն է՝ հազիվ 10.7 հզ կմ2, որի բնակչության թիվը պակաս քան 2 մլն է։

Գամբիան վաղուց է ներգրավվել համաշխարհային առևտրում։ Օրինակ՝ 15-18֊րդ դարերում նա մասնագիտացել էր ամրակազմ և առողջ ատամներով ստրուկների արտահանման մեջ (ստրուկներին՝ ինչպես ձիերին, ԱՄՆ-ում, ուր դրանք ներմուծվում էին, գնահատում էին ատամներով)։

Այսօր մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն Գամբիայում հազիվ 500 դոլ. է, իսկ կյանքի սպասվող տևողությունը 59 տարի է։ Բայց դրա փոխարեն Գամբիան աչքի է ընկնում իշխանության կայունությամբ։ Դատեք ինքներդ։ Գամբիան հանրապետություն է դարձել 1970թ֊ի, և առ այսօր ունեցել է ընդամենը երկու նախագահ։ Իսկ դրանցից երկրորդը՝ Յահյա Ջամեհը (ահա այդ ժպտադեմ երիտասարդը՝ իմաստության փայտիկը ձեռքին) նախագահում է արդեն 22 տարի։

Ջամեհը օժտված է բազմաթիվ առաքինություններով։ Օրինակ՝ նա պնդում է, որ դեղաբույսերով կարող է բուժել ՄԻԱՎ-ով հիվանդներին (ահա տեսեք՝ ինչպիսի գորովանքով է նա բուժում իր ժողովրդին)։ Ավելին՝ Ջամեհը պնդում է, որ բուժում է անպտղությունը (համոզվեք ինքներդ

Ջամեհը, իհարկե, զերծ չէ թերություններց։ Նա հատկապես չի սիրում իր քննադատներին (2004թ֊ին ընդդիմադիր The Point թերթի խմբագրի սպանությունը չար լեզուները բարդում են նրա խղճին)։ Դրա փոխարեն Ջամեհը սիրում է ֆինանսական ակտիվներ։ Նրա անձնական հարստությունը ոմանք գնահատում են ավելի բարձր, քան Գամբիայի ՀՆԱ-ն է, որը հազիվ 0.9 մլրդ է (ահա նա իր կնոջ հետ՝ Սպիտակ տանը պաշտոնական ընթրիքից առաջ)։

Բայց Ջամեհի բեղուն կենսագրության ամենաարտառոց դեպքը տեղի ունեցավ այս տարի։ Գամբիան 22 տարի հարստահարելուց հետո՝ Ջամեհը այս տարի հանկարծ որոշեց, որ իր ժողովուրդը իրեն սիրում է։ «Վերջիվերջո այդքաններին ՄԻԱՎ֊ից բուժել ու պտղավորվել եմ, էլ ինչ են ուզում»,- հավանաբար մտածում էր նա։

Ինչևէ՝ հերթական ընտրությունները 2016թ֊ի դեկտեմբերի 1-ին էին։ Եվ Ջամեհն այս անգամ որոշեց նախկինի չափ չկեղծել ընտրությունները, ավելին՝ թույլատրեց, որ ձայների հաշվարկն ընթանա ազատ։ Եվ որքան էր ցնցված Ջամեհը, երբ պարզվեց, որ պարտվել է։

Ընտրություններում հաղթեց Ադամա Բառոուն։ Բառոուն 2000-ականների սկզբում սովորում էր Լոնդոնում։ Ուշագրավ է, որ նա հասել էր Լոնդոն ոչ թե տնտեսագիտություն կամ փիլիսոփայություն սովորելու, այլ ընդամենը անշարժ գույքի ոլորտում մասնագիտանալու համար։ Ընդ որում՝ գիտության նկատմամբ իր անհագ ծարավը հագուրդ տալու և ուսման համար միջոցներ հայթայթելու համար նա «ախռաննիկ» էր աշխատում Լոնդոնի բարձրաշխարհիկ խանութներից մեկում՝ Արգոսում։

Արգոսում «ախռաննիկ»֊ի անհրապույր աշխատանքը և անգլիական ինքնասիրահարված բուրժուազիայի հետ նրա հպանցիկ ծանոթությունը (այդ ծանոթությունը իրապես հպանցիկ էր, քանի որ նա անգլիական հեզաքնքուշ տիկիններին նայում էր անվտանգության տեսախցիկից) Բառոուի սրտում ծնեցին անհագ սեր ֆինանսական ակտիվների նկատմամբ։

Իսկ երրորդ աշխարհի երկրներում ֆինանսական ակտիվներին տիրելու ամենից հավաստի ուղին իշխանության գալն ու այն ատամներով պահելն է։ Եվ Բառոուն 2006թ-ին վերադարձավ հայրենի Գամբիա ու 10 տարվա աննկատ, բայց համառ աշխատանքի շնորհիվ այս տարի դեկտեմբերի 1-ին ընտրություններում հաղթեց Ջամեհին։

Ջամեհը խորապես ցնցված էր. «Այս երախտամոռները մի՞թե ինձ չեն սիրում»,- հավանաբար մտմտում էր նա։ Ցնցված այնքան, որ 8 օր պահանջվեց, մինչև դեկտեմբերի 9-ին հայտարարեց, որ ընտրությունները կեղծված են։

Սահմանադրությամբ Ջամեհը դեռևս նախագահ է։ Նրա լիազորությունները դադարում են հունվարին։ Հաշվի առնելով նրա՝ ընտրությունները կեղծված լինելու հայտարարությունը, Գամբիային թեժ Նոր տարի է սպասվում։


12 դեկտեմբեր «Մանդելլ֊Ֆլեմինգի մոդելը» դասախոսության նոր խմբագրությունը հրապարակել եմ։

Մոդելը վերլուծում է փոխարժեքի, տոկոսադրույքի և թողարկման կարճաժամկետ առնչությունը և այդ փոփոխականների վրա մակրոտնտեսական քաղաքականության ազդեցությունը։

Շեշտենք՝ ֆիսկալ կամ մոնետար քաղաքականությունների կիրառմամբ կարելի է հասնել տնտեսությունում թողարկման աճի միայն կարճատև ժամանակաշրջանում։ Իսկ երկարատև ժամանակաշրջանում տնտեսական աճի հիմնական գործոնը տեխնոլոգիական առաջընթացն է։


10 դեկտեմբեր Դասախոսության գրավոր նյութերում կիրառել եմ արբիտրաժ տերմինը։ Ահա այդ տերմինի բացատրությունը։

Արբիտրաժ (arbitrage), ապրանքի կամ ակտիվի առքը մի շուկայում, որում գինը ցածր է, և միաժամանակյա վաճառքը մեկ այլ շուկայում, որում գինը բարձր է։ Արբիտրաժը չի ենթադրում որևէ ռիսկի ստանձնում։ Արբիտրաժի շնորհիվ ապրանքների և ակտիվների գները տարբեր շուկաներում տարբերվում են սոսկ գործարքի կատարման ծախսերի չափով։ Տոկոսադրույքի արբիտրաժը պարտքի ստանձնում է մի շուկայում, որում տոկոսադրույքը ցածր է, և պարտքի միաժամանակյա տրամադրումն է մեկ այլ շուկայում, որում տոկոսադրույքը բարձր է։


10 դեկտեմբեր «Ռեսուրսների միջազգային շարժը» դասախոսության 1.3 և 1.4 խնդիրներում ավելացրել եմ լրացուցիչ մեկնաբանություններ։

10 դեկտեմբեր

Կարենը մտադիր է այցելել Կարինեին, որպեսզի միասին գնան թատրոն։ Կարինեն ապրում է Ավանում, և տաքսու ծախսը 1000 դրամ է։ Կարենը եղանակի տեսությունից իմանում է, որ 1/4 հավանականությամբ անձրև է գալու, իսկ այդ դեպքում Կարինեն թատրոն չի գա։ Ուստի՝ Կարենը որոշում է տանը մնալ։ Որքա՞ն է Կարենը ցանկանում Կարինեի հետ թատրոն գնալ։

9 դեկտեմբեր

Ձեր ընկերն առաջարկում է, որ 3,000 դոլ. ներդնեք մի գործարքում, որն իր պնդմամբ Ձեզ կբերի 40,000 դոլ. եկամուտ։ Նա արդեն իր 3,000 դոլ. ներդրել է և համոզված է, որ իր 40,000 դոլ. եկամուտը ստանալու է: Որքա՞ն է այդ գործարքի հաջողվելու հավանականությունն ըստ Ձեր ընկերոջ։

8 դեկտեմբեր Wall Street Journal-ի այսօրվա այս հոդվածը ԱՄՆ-ի համեմատական առավելության ոլորտների և այն պարզ ճշմարտության մասին է, որ շուկայի օրենքների դեմ ոչ ոք՝ այդ թվում ԱՄՆ-ի նախագահը, չի կարող գնալ, ու եթե իշխանությունները փորձում են մասնավոր բիզնեսին թելադրել՝ ինչ կամ ինչպես արտադրել, ապա դա անհրաժեշտաբար հանգեցնում է կոռուպցիայի և հասարակության բարեկեցության անկման։ Հոդվածը գրված է առանձնահատուկ հաջող։

8 դեկտեմբեր 16-րդ գլխի խնդիրները հրապարակել եմ։

7 դեկտեմբեր Տնտեսական ազատությունը աշխարհում՝ ըստ Heritage հիմնադրամի։ Առաջինը Հոնգ Կոնգն է, երկրորդը՝ Սինգապուրը։ Վրաստանը 23-րդն է, Ադրբեջանը՝ 91-րդը։ Հայաստանը պատվավոր 54-րդն է, Ֆրանսիան՝ 75-րդը, Իտալիան՝ 86-րդը։

7 դեկտեմբեր

Ենթադրենք՝ Գագիկը երկուշաբթի առավոտյան ինքնաթիռով Երևանից մեկնելու է Բեռլին՝ Պերգամոն թանգարան այցելելու համար։ Վերադարձի երկու հնարավորություն կա՝ չորեքշաբթի (տոմսը 500 դոլ. է, բայց հնարավոր է գնել միայն նախապես) և ուրբաթ (տոմսը 700 դոլ. է և կարելի է գնել վերադարձից առաջ)։ 40% հավանականությամբ Գագիկը չորեքշաբթի թանգարանն ուսումնասիրելն ավարտած չի լինի։ Բեռլինում Գագիկն օրական ծախսում է 100 դոլ.։ Արդյո՞ք Գագիկը գնի չորեքշաբթի օրվա տոմսը, թե ոչ։


6 դեկտեմբեր «Ռեսուրսների միջազգային շարժը» խնդիրներում ավելացրել եմ որոշ մեկնաբանություններ՝ նյութն ավելի մատչելի դարձնելու նկատառումով։ Հարգելի ուսանողներ, եթե ունեք չպարզաբանված հարցեր որևէ դասախոսության որևէ նյութի վերաբերյալ, ապա խնդրում եմ հարցրեք։

6 դեկտեմբեր 2015թ֊ին Հայաստանում արտադրվել է 7.8 տեռավատ-ժամ էլեկտրաէներգիա։ Նույն 2015թ֊ին Գուգլի 15 տվյալների մշակման կենտրոնները օգտագործել են 5.7 տեռավատ-ժամ էլեկտրաէներգիա կամ Հայաստանի թողարկման 73%-ը։

6 դեկտեմբեր Վաղը՝ դեկտեմբերի 7-ին Նյու Յորք Թայմսի տպագիր տարբերակում հրապարակվելու է այս հոդվածը մեր պայքարի ոգու և Արցախի մասին։

6 դեկտեմբեր

Ենթադրենք Դուք ապրում եք Երևանում, իսկ Ձեր ծնողները՝ Թբիլիսիում։ Քննություններից առաջ որոշում եք այցելել ծնողներին, և ուրբաթ կեսօրին զանգում եք ավիաընկերություն ու պարզում, որ ինքնաթիռում ազատ տեղեր կան, և տոմս կարելի է գնել հենց օդանավակայանում, բայց եղանակային պայմանները լավ չեն, և 1/3 հավանականությամբ ինքնաթիռն այդ օրը չի թռչի։ Օդանավակայան գնալն արժե 10 դոլ.։ Իսկ որքա՞ն արժե ծնողներին տեսնելու Ձեր ցանկությունը, եթե որոշում եք օդանավակայան չգնալ և մնալ տանը։

5 դեկտեմբեր «Փոխարժեքը և արժույթի շուկան» դասախոսության վերջին երկու բաժինները՝ «Իրական փոխարժեք» և «Փաստացի փոխարժեք» վերաշարադրել եմ։ Կարծում եմ՝ ներկա տարբերակով դրանք ավելի մատչելի են։

5 դեկտեմբեր

Մի քանի օր առաջ ուսանողների հետ քննարկում էինք քննական հարցերի ձևակերպման խնդիրը։ Այսօր հետաքրքրության համար թերթում էի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի 2012թ-ի շտեմարանը։ Ահա օրինակ՝ «Վերք Հայաստանի»-ն վերաբերող երկու հարց, որոնք իրենց պարզունակությամբ ձգտում են բթամտության՝ «Սարդարը ինչպես է ընդունում Սահակ աղային» և «Ո՞վ է երկու նամակ բերում Աղասուն»։ Եվ այս ոճով ձևակերպված են հարցերի մեծ մասը։

Դուք գիտեք, որ ընդունելության քննություններում շատերը ստանում են ընդհուպ գերազանց գնահատական՝ պատասխաններն անգիր անելով՝ առանց «Վերք Հայաստանի»-ն կամ մյուս ստեղծագործությունները կարդալու։

Իհարկե՝ շտեմարանների համակարգը, որ տարիներ առաջ ներդրվեց, զգալի քայլ էր բուհ ընդունելությունը հասարակության լայն խավերին հասանելի դարձնելու համար։ Սակայն, եթե նպատակն այն է, որ բուհ ընդունվողը կարդա հայ գրականությունը, ապա այս շտեմարաններն այդ նպատակին չեն ծառայում։

4 դեկտեմբեր Այս տարի Oxford բառարանն իբրև տարվա բառ ընտրել է «post-truth» ածականը, որը նշանակում է իրավիճակ, երբ զգացմունքները և անձնական համոզումները ավելի են կարևորվում, քան փաստերը։ Օրինակ՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու այս տարվա քարոզարշավն ամբողջովին կառուցված էր ակնհայտ փաստերը անտեսելու և բրիտանացիների նախապաշարումները և կեղծ համոզումները շահարկելու վրա։ Ճիշտ նույն կերպ Թրամպը դարձավ նախագահ ԱՄՆ֊ում։ Այս երևույթն է քննարկվում էկոնոմիստ շաբաթաթերթի «Ստելու արվեստը» հոդվածում։
Սակայն փաստերի անտեսումը վերաբերում է ոչ միայն քաղաքական գործիչներին, այլև մարդկանց։ Առօրյայում ականատես ենք լինում, թե ինչպես մարդիկ ակնհայտ փաստերի փոխարեն ապավինում են իրենց համոզումներին։

2 դեկտեմբեր Առևտրային քաղաքականության 1.1 խնդրի վերջում, իբրև լրացուցիչ մեկնաբանություն, ավելացրել եմ մեկ աղյուսակ, իսկ 1.3 խնդրի վերջում՝ մի քանի նախադասություն։ Երկու դեպքում էլ ավելացումները նշել եմ կարմիր գույնով։

3-րդ առաջադրանքը՝ «Ռիկարդոյի դժվարին գաղափարը» հոդվածի ամփոփումը, կատարել է միայն Աննա Բեժանյանը, ընդ որում կատարել է գերազանց։

30 նոյեմբեր 2015թ֊ին ՀՀ֊ում գործում էր 22 բանկ։ 2016թ֊ի սեպտեմբերին բանկերի թիվը 19 էր (աղբյուրը՝ ՀՀ ԿԲ տեղեկագիր)։ Ներկայում այդ թիվն ավելի է կրճատվել, քանի որ բանկերը միավորվում են՝ ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի (որը 2017թ֊ի հունվարի 1-ից 5 մլրդ֊ից դառնում է 30 մլրդ) պահանջը կատարելու համար։

29 նոյեմբեր Միջազգային պահուստները Հարավային Կովկասի երկրներում:
- Հայաստանում 2016թ-ի հոկտեմբերին՝ $1.8 մլրդ: Առավելագույնը 2013թ-ի սեպտեմբերին՝ $2.4 մլրդ։
- Վրաստանում 2016թ֊ի հոկտեմբերին՝ $2.8 մլրդ։ Առավելագույնը 2013թ֊ի հոկտեմբերին՝ $3.1 մլրդ։
- Ադրբեջանում 2016թ-ի օգոստոսին՝ $4.2 մլրդ։ Առավելագույնը 2014թ֊ի հուլիսին՝ $15.2 մլրդ։

2016թ֊ին Times Higher Education-ի դասակարգմամբ աշխարհի առաջին 5 համալսարաններն են Օքսֆորդը, Կալթեքը, Սթենֆորդը, Քեմբրիջը, Էմ Այ Թին:

Թե ինչպես Նաուրուն ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը Ռուսաստանի 50 մլն դոլ. հումանիտար օգնության դիմաց, կարող եք կարդալ այստեղ:


Հատված Չարենցի վերջին ստեղծագործություններից՝ վերնագրված «Խոհ»։ Ամբողջը կարող եք կարդալ այստեղ և խորհել։ Եթե դեռևս չեք կարդացել, ապա կարող եք կարդալ Բուլգակովի «Շան սիրտը» և դարձյալ խորհել։

.... օ, հայրենի հող,
....
....
Որդիները քո՝ գանձերիդ հանդեպ
Շարժում են խոզի մռութ լոկ քնած՝
Անցյալիդ բեղուն բերքին անտարբեր...
Սիրում են նոքա լափել, խռխռալ-
Հաճույքից ճոճել վզները ճարպոտ-
....
....

29 նոյեմբեր Առևտրային քաղաքականություն գլխում ավելացրել եմ նոր 3 (երեք) էջանոց նյութ՝ արտահանման լրավճարի և փոխհատուցման մաքսատուրքի վերաբերյալ։ Այս նյութը երկրորդ ընթացիկում չի լինի։ Այն կլինի վերջնական բանավոր քննությանը։ Նյութը տեղադրել եմ 12-րդ գլխի հիմնական նյութից առանձին, 12.1 թվահամարով։

27 նոյեմբեր Պարզ և ակնհայտ ճշմարտությունների ցուցակ։

27 նոյեմբեր Քարե գործիքի պատրաստումը մարդուն նախամարդուց էապես չի տարբերում։ Բայց քարե գործիքի տեղափոխումը, երբ այն անհրաժեշտ չէ, մտածողության էական զարգացում է ենթադրում։ Իսկ արվեստը և աբստրակտ մտածողության այլ դրսևորումները (ներառյալ «Մեդիան ընտրողի մոդելն» ընկալելու ունակությունը) մտածողության էական թռիչք են ենթադրում։ Առկա տվյալները փաստում են, որ այդ թռիչքը տեղի է ունեցել շուրջ 100 հզ տարի առաջ։
«Մեդիան ընտրողի մոդելը» դասախոսության նոր խմբագրությունը տեղադրել եմ կայքում։

23 նոյեմբեր «Փոխարժեքը և արժույթի շուկան» դասախոսության նոր խմբագրությունը տեղադրել եմ։ Այն 10 էջ է։ Մարդկանց մեծ մասը 10 տարում 10 էջ չի կարդում։ Եթե Դուք նրանցից չեք, ապա կարդացեք։ Երանի նրանց, ովքեր չեն սովորում, բայց չեն ձևացնում, թե սովորում են։ Երանի նաև նրանց, ովքեր սովորում են։

Յուրահատուկ ռեսուրսի թիվ 1.1. խնդրի երկրորդ մասը (խնդիրների էջ 41) վերախմբագրել եմ, եթե ժամանակ, ցանկություն և տրամադրություն ունեք, ապա կարող եք կարդալ։

Քննության արդյունքների նախնական դիտարկում:

Չարենցի խոսքը ապագա պարմանիներին ....

դարձյալ ու դարձյալ հորդորում եմ Ձեզ սովորել։ Կեղծիքով, խաբեությամբ, զարտուղի ճանապարհով չեք ստանալու։

Ձեր ուշադրությունը հրավիրում եմ գնահատման սկզբունքների վրա, որոնք կիրառելու եմ և գնահատականը 0.5 միավորով բարձրացնելու հնարավորության վրա։

Ձեր համար գրել եմ փոքրածավալ բացատրություն լրիվ դիֆերենցիալի վերաբերյալ, ինչպես նաև վերախմբագրել եմ Նեոդասականի վերջին խնդիրը (խնդիրների 23-26 էջեր):



1-ին ընթացիկ քննության ՎԵՐՋՆԱԿԱՆ հարցաշարը



Առաջադրանքներ 3-րդ կուրսի համար

4: Տարոն Աճեմողլուի և Ջեյմս Ռոբինսոնի «Ինչո՞ւ են երկրները ձախողվում» գրքի 3-րդ գլխի ամփոփում:
Ժամկետը - նոյեմբերի 11, 2016թ.
Առաջադրանքի նկարագրությունը:

Առաջին և երկրորդ առաջադրանքների արդյունքները:

3: Փոլ Կրուգմանի «Ռիկարդոյի դժվարին գաղափարը» հոդվածի ամփոփում:
Ժամկետը - հոկտեմբերի 14, 2016թ.
Առաջադրանք #3

2: Wall Street Journal-ի «Առևտրի ուղեցույց Թրամփի համար» հոդվածի ամփոփում:
Ժամկետը - հոկտեմբերի 5, 2016թ.
Առաջադրանք #2

1: Վիճակագրական տեղեկատվության գրաֆիկական պատկերում:
Ժամկետը - սեպտեմբերի 30, 2016թ.
Առաջադրանք #1

Մագիստրատուրայի 2-րդ կուրսի հարգելի ուսանողներ

սեպտեմբերի 28-ի դասին քննարկելու ենք Economist շաբաթաթերթի հետևյալ հոդվածները

1. Cut-price logic: A bad idea that is remarkably common. (2016, Sep. 10). Economist.

2. The Economist explains economics: What is the impossible trinity?. (2016, Sep. 9). Economist.

3. Financial markets: That 2008 comparison (again). (2016, Sep. 9). Economist.












Արման Գաբրիելյան, Հայաստանում ՀՆԱ-ի, արտահանման ու օտարերկրյա ներդրումների միջև երկարաժամկետ հավասարակշռության գնահատումը | «Բանբեր Երևանի համալսարանի. Սոցիոլոգիա, Տնտեսագիտություն», 2016 № 2 (20), էջ 57-66:

Արման Գաբրիելյան, Արժութային միության մարտահրավերները | «Հայաստան. ֆինանսներ և էկոնոմիկա», 2016 № 5-6 (189-190), էջ 33-35:




Դասընթացի գլխավոր նպատակն է զարգացնել մտածելու, տրամաբանելու հմտությունը և այդ կերպ բարելավել աշխարհը ճանաչելու, օբյեկտիվորեն դատելու կարողությունը։

Հարգելի ուսանողներ, եթե երբևէ հանդիպեք մեկին, ով համարում է, որ կարիք չունի զարգացնել իր մտածելու հմտությունները, քանի որ դրանք արդեն իսկ զարգացած են, ապա կարեկցեք և մխիթարեք նրան։

Խնդրում եմ Ձեզ, մխիթարեք նրան, քանի որ նրա մտածելու ունակությունը ձգտում է զրոյի։ Տրամաբանության բացակայությունը նրա մոտ սուր պաթոլոգիական բնույթ ունի։

Պրակտիկայում ավելի հաճախ հանդիպում են սուբյեկտներ, որոնց մոտ ախտահարումը դեռևս սկզբնական, մեղմ փուլում է։ Այդպիսի սուբյեկտները գիտակցում են իրենց մտածելու կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը, բայց ոչ մի կերպ չեն կարողանում ըմբռնել դրա և կրթության կապը։

Հարգելի ուսանողներ, խնդրում եմ Ձեզ, նման դեպքերում մի զլացեք նրանց բացատրել, որ ֆորմալ կրթությունը տրամաբանությունը զարգացնելու առավել արդյունավետ միջոցներից է։


Պրակտիկայի և կրթության կապը ոմանց առավել շատ հուզող խնդիրներից է, քանի որ կարծում են, թե կրթությունը պրակտիկայից կտրված է։

Նախ համալսարանական կրթության նպատակը բացառապես պրակտիկ հմտություններ տալը չէ։ Եթե Դուք ճանաչում եք մարդկանց, ովքեր ցանկանում են դառնալ զոդող, փականագործ, բանկային կլերկ, հաշվապահ, վարորդ, մաքսավոր, կոշկակար, քարտուղարուհի, բախտ նայող, ապա հայտնեք նրանց, որ կարող են համապատասխան կրթություն ստանալ համապատասխան վայրում։

Սակայն հայտնեք նաև, որ կրթված մարդը կարող է փորձառություն ձեռք բերելով ցանկացած պրակտիկ աշխատանք կատարել, ներառյալ՝ հաշվապահությունը, պետական կառավարումը, կոշկակարությունը և նույնիսկ պայծառատեսությունը։

Բայց հակառակը ճիշտ չէ։ Անկիրթը որքան էլ փորձառություն ձեռք բերի, միևնույնն է՝ մեխանիկական կրկնությունից, այսինքն՝ պարզ կապկումից այն կողմ չի անցնի։

Այնպես որ, եթե երբևէ հանդիպեք որևէ մեկին, ով կարծում է, թե այս կամ այն առարկան իրեն պետք չէ, քանի որ պրակտիկայի հետ կապ չունի, ապա մի զլացեք բացատրել նրան, որ այդ առարկան ոչ թե կապ չունի պրակտիկայի հետ, այլ կապ չունի տվյալ սուբյեկտի պրակտիկայի հետ, քանի որ տվյալ սուբյեկտի պրակտիկան մանր ու աղքատիկ է։

Կարևոր վերապահում։ Ֆորմալ կրթությունն անհրաժեշտ է ամեն դեպքում։ Բայց փականագործից բախտ նայող և պետական կառավարիչ անցումը գիտելիքների և իմացության էապես տարբեր ծավալ են ենթադրում։