Արման Գաբրիելյանի դասախոսություններ
Էջ 1 2 3 4

20 ապրիլի 2018

ՉԱՐԵՆՑԻ պատգամը

Նոր լույս ծագեց աշխարհին.

Ո՞վ այդ արևը բերեց:–

Ահա վոսկյա մի արև՝

Ճառագումով իր հրե՝

Այգաբացի պուրպուրե

Նժույգների վրա հեց՝

Նոր աշխարհին ու մարդուն

Հղում ե լույս զվարթուն:

Նոր աշխարհին ու մարդուն

Ո՞վ բերեց լույսն այս արթուն:

Ո՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ

Հրակարմիր, հրավարս,

Ադամանդյա լույսը այս:–

Կքած կյանքի բեռի տակ,

Խոր գերության ընդերքում,

Իմաստության մի գետակ

Հիմարության համերգում –

Քանի՜ տարի, քանի՜ դար

Վկայեցիր անհերքում…

Ափերին այն խավարտչին,

Ուր հայրենիքն եր մեր հին, –

Չկա՞ր արդյոք գետ մի հորդ,

Վոր գերության անհաղորդ՝

Լուրթ՝ հոսելով դարից-դար՝

Մթության մեջ այն համառ

Այս այգաբացն եր կրում,

Հո՜ւր այգաբացն այս հեռու՝

Հնուց պահած իր ջրում

Ո՜, ըղձական այս հեռուն…

Կքած կյանքի բեռի տակ՝

Վոգի՜ անկոր, հո՜ւր գետակ…

Ահա վառվում ե մեր նոր

Հաղթանակի լույսը բորբ.

Լվանում ե նա հիմա

Վառվող վոգին մեր անմահ,

Չքնաղ արև՛ն այդ արի,

Վառված հրով աշխարհի…

Չկա՜ ուրիշ արև ե՛լ.

Նա՛ յե միայն, վոր դարեր

Անմար՝ պիտի արևե՛…

Լույսով վառված սակայն այդ՝

Նժարներից հիմա մենք

Հիմարությամբ չթափենք

Իմաստությունն այն արար. –

Մեր անցյալի խորամիտ

Ե՛ջն այն արդար ու ռամիկ՝

Մեծահանճար ու վարար…

Պատգամը հրապարակել եմ «չարենցյան» ուղղագրությամբ:

Հեռակա ուսուցմամբ ուսանողների համար

«Արժութային քաղաքականություն» դասընթացի 2018թ-ի հունիսի 19-ի քննության հարցաշար

  1. Արտարժույթի գլոբալ շուկան (գլուխ 16):
  2. Սփոթ և ֆորվարդ արտարժութային գործարքները (գլուխ 16):
  3. Ֆորվարդ և սփոթ դրույքների առնչությունը (գլուխ 16):
  4. Ֆորվարդ դրույքը և արբիտրաժը (գլուխ 16):
  5. Արտարժութային և արժութային սվոփ գործարքները (գլուխ 16):
  6. Արժութային օպցիոն գործարքը (գլուխ 16):
  7. Իրական և փաստացի փոխարժեքները (գլուխ 16):
  8. Փոխարժեքը և ակտիվների առևտուրը (գլուխ 18):
  9. Գնողունակության համարժեքությունը (գլուխ 18):
  10. Բալասսա-Սամյուելսոնի մոդելը (գլուխ 18):
  11. Ճկուն գների մոնետար մոդելը (գլուխ 18):

Հեռակա ուսուցմամբ ուսանողների համար

«Միջազգային կապիտալի միգրացիա» դասընթացի 2018թ-ի հունիսի 16-ի քննության հարցաշար

  1. Արտապատվիրման տնտեսագիտության հիմունքները։
  2. Արտապատվիրման ազդեցությունը երկրի բարեկեցության վրա։
  3. Կապիտալի հոսքերի և երկրի արտաքին հարստության առնչությունը։
  4. Ընթացիկ հաշվի միջժամանակային մոդելի հիմունքները։
  5. Կապիտալի միջազգային հոսքի և սպառման միջժամանակային հարթեցման առնչությունը։
  6. Ընթացիկ հաշվի և կապիտաի հոսքերի առնչությունը վարկատու և վարկառու երկրներում։
  7. Բաց և փակ տնտեսությունների հավասարակշռությունների համադրումը վարկատու և վարկառու երկրների տեսանկյունից։
  8. Տոկոսադրույքի աճի և ապագա սպառման վերարժևորման ազդեցությունը ընթացիկ հաշվի և արտաքին պարտքի վրա։
  9. Եկամտի աճի ազդեցությունը ընթացիկ հաշվի և արտաքին պարտքի վրա։
  10. Կառավարության ծախսերի ազդեցությունը ընթացիկ հաշվի միջժամանակային մեծության վրա։
  11. Կապիտալի շարժի ազդեցությունը համաշխարհային տնտեսությունում արտադրության ու եկամուտների բաշխման վրա։
  12. Կապիտալի հարկման ազդեցությունը կապիտալի համաշխարհային շարժի ու եկամուտների բաշխման վրա։
  13. Արտադրության և ներդրումների ազդեցությունը կապիտալի հոսքերի ու ընթացիկ հաշվի միջժամանակային մեծության վրա։
  14. Կապիտալի հոսքի և ընթացիկ հաշվի հաշվեկշռի վերլուծությունը հումք արտահանող երկրների օրինակով։
  15. Համաշխարհային տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքի վերլուծությունը (էջ 232-237)։
  16. Կապիտալի միջազգային հոսքը պայմանավորող գործոնները (էջ 237-244)։
  17. Հյուրընկալ երկրի տեսանկյունից օտարերկրյա ուղղակի ներդրումների պոտենցիալ առավելությունները և թերությունները (էջ 244-247)։

Վերջնական տարբերակ (հեռակա ուսուցմամբ ուսանողների համար)

«Արտաքին առևտրատնտեսական կապեր» դասընթացի հարցաշար

  1. Մաքսային միությունների ազդեցությունն անդամ երկրների բարեկեցության վրա [տնտեսական ինտեգրման մակարդակները (էջ 1-2), բարեկեցության վրա մաքսային միության ազդեցությունը (էջ 2), իրավիճակ 4 (էջ 12-14)]։
  2. Կառավարության հարկային քաղաքականությունն իբրև արտաքին առևտուրը պայմանավորող գործոն (սպառման հարկում և արտադրության հարկում) [էջ 1-6]։
  3. Ձեռնարկությունների հավասարակշիռ թիվը մոնոպոլիստական մրցակցության շուկայում [էջ 1-5]։
  4. Առևտրի ազատականացման ազդեցությունը մոնոպոլիստական մրցակցության շուկայի հավասարակշռության վրա [էջ 5-7]։
  5. Ծավալի աճող էֆեկտը և համեմատական առավելությունը [էջ 7-8]։
  6. Ավտարկիայի ու ազատ առևտրի կարճատև և երկարատև հավասարակշռությունների գրաֆիկական վերլուծությունը մոնոպոլիստական մրցակցության շուկայում։
  7. Ծավալի արտաքին էֆեկտը և արտադրության համաշխարհային տեղաբաշխումը։
  8. Մաքսատուրքի և քվոտայի ազդեցությունը տեղական մենաշնորհի դեպքում։
  9. Մաքսատուրքի ազդեցությունը օտարերկրյա մենաշնորհի դեպքում։
  10. Գնագցում իրագործող օտարերկրյա մենաշնորհը և հակագնագցումային մաքսատուրքը։
  11. Տնտեսության նորակազմ ճյուղի պաշտպանության հիմունքները։
  12. Արտաքին առևտուրը, երբ ձեռնարկությունները հետերոգեն են։

27 դեկտեմբեր 2017

Բանավոր քննությունը ճշմարտության պահ է։ Այն բացահայտում է գիտելիքների իրական իմացությունը։

Հարգելի՛ ուսանողներ, առաջարկում եմ եզրափակիչ քննությանը պատրաստվել պատասխանատվության գիտակցումով։

26 դեկտեմբեր 2017

Հարգելի՛ ուսանողներ, առաջարկում եմ եզրափակիչ քննությանը պատրաստվել ամենայն լրջությամբ։

Հարց 18. Փոխարժեքի որոշումը։ Անհրաժեշտ է սովորել 18-րդ գլխի «Փոխարժեքը և ակտիվների առևտուրը» և «Գնողունակության համարժեքությունը» բաժինները. էջ 282-293:

Հարց 10. Լեոնտևի պարադոքսը։ Անհրաժեշտ է սովորել 11-րդ գլխի սկզբից մինչև «Հեքշեր-Օհլին-Վանեկի մոդել» բաժինը` առանց կարմիր գույնով նշված հատվածների. էջ 148-158:

25 դեկտեմբեր 2017

Հարգելի՛ ուսանողներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում եզրափակիչ քննության հարցաշարը։

22 դեկտեմբեր 2017

«Կառավարում» մասնագիտության հարգելի՛ ուսանողներ, առաջարկում եմ առաջիկա միջանկյալին պատրաստվել ամենայն լրջությամբ։

«Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ հոսքի հարգելի՛ ուսանողներ, առաջարկում եմ առաջիկա քննությանը պատրաստվել ամենայն լրջությամբ։ Եթե նույնիսկ Ձեզ մնացել է 1 բալ, որպեսզի ստանաք անցողիկ գնահատական, ապա բանավոր քննությանն անհրաժեշտ է առնվազն նվազագույն չափով պատրաստվել։

Այս դասընթացի առումով տերմիններն ունեն հետևյալ իմաստները։

Բանավոր քննությանը նվազագույն չափով պատրաստվել նշանակում է կարդալ քննությունում ներառված նյութերի գերակշիռ մասը և հիմնականում հասկանալ։ Սա համապատասխանում է 1-ից 2 բալ գնահատականին։

Բանավոր քննությանը լավ պատրաստվել նշանակում է կարդալ քննությունում ներառված բոլոր նյութերը, հիմնականում հասկանալ և հիմնականում կարողանալ վերարտադրել։ Սա համապատասխանում է 3-ից 7 բալ գնահատականին։

Բանավոր քննությանը գերազանց պատրաստվել նշանակում է կարդալ քննությունում ներառված բոլոր նյութերը, լիովին հասկանալ և լիովին կարողանալ վերարտադրել։ Սա համապատասխանում է 8-ից 10 բալ գնահատականին։

Հասկանալ նշանակում է համապատասխան թեման կարողանալ մեկնաբանել կամ հիմնավորել։

Վերարտադրել նշանակում է համապատասխան թեման ներկայացնել առանց հուշող կամ օգնող նյութեր կիրառելու։

19 դեկտեմբեր 2017

Հարցաշարի վերջնական տարբերակը

Հարգելի՛ ուսանողներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում երկրորդ ընթացիկ քննության հարցաշարի վերջնական տարբերակը։

Այսօր մի շարք ուսանողներ հարցադրումներ էին կատարում ներառված թեմաների վերաբերյալ։ Այդ պատճառով պարզաբանում եմ.

Դրույթ առաջին։ 2-րդ ընթացիկ քննությունը ներառելու է 12-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ գլուխները։

Դրույթ երկրորդ։ 2-րդ ընթացիկ քննությունը չի ներառելու այդ գլուխների որոշ հատվածներ (դրանք նշված են ուղեցույցում)

Հետևություն։ 2-րդ ընթացիկ քննությունը ներառելու է 12-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ գլուխների ԲՈԼՈՐ այն հատվածները, որոնք նշված չեն, որ չեն ներառվելու։

Այս տրամաբանությունը մարդկությանը հոգեհարազատ է սկսած առնվազն Արիստոտելից։

Բոլորիդ հաջող քննություններ եմ մաղթում։

16 դեկտեմբեր 2017

Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ երեկ նախարարը դատապարտվեց ազատազրկման կաշառք վերցնելու համար։

Դատապարտյալը Ալեքսեյ Ուլյուկայեվն է՝ տնտեսական զարգացման նախկին նախարարը։ Դատարանի որոշմամբ նա մեղավոր ճանաչվեց և 8 տարվա ազատազրկման ու 2.2 մլն դոլ. տուգանքի դատապարտվեց «Ռոսնեֆտի» գործադիր տնօրեն Իգոր Սեչինից 2 մլն դոլ. կաշառք պահանջելու և ստանալու համար։

Սեչինը Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանցից է։ Իր ստվերային ազդեցությամբ նա համարվում է Ռուսաստանում երկրորդ մարդը՝ Պուտինից հետո։

Եթե Ուլյուկայեվն իսկապես նման արարք է կատարել, ապա նրան անհրաժեշտ է ուղարկել հոգեբուժարան, ոչ թե մեկուսարան, քանի որ միայն խելագարը Սեչինից կաշառք կպահանջի։

16 դեկտեմբեր 2017

Անսուրբ երրորդություն

Վերջին դասախոսության հիմնական պատգամներից մեկը «Անսուրբ երրորդությունն» էր։ Ըստ այդմ, երբ (1) երկրի և մնացյալ աշխարհի միջև կապիտալի հոսքը կատարյալ է, ապա երկիրը չի կարող միաժամանակ և՛ (2) ֆիքսել փոխարժեքը, և՛ (3) վարել ինքնուրույն մոնետար քաղաքականություն։

Այսինքն, երբ երկրի և մնացյալ աշխարհի միջև ֆինանսական շուկաները լիովին ինտեգրված են, ապա երկիրը պետք է ընտրություն կատարի փոխարժեքը ֆիքսելու կամ ինքնուրույն մոնետար քաղաքականություն վարելու միջև։

16 դեկտեմբեր 2017

Հարցաշար: Հարգելի՛ ուսանողներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում երկրորդ ընթացիկ քննության հարցաշարի նախնական տարբերակը։

15 դեկտեմբեր 2017

Այսօր սեմինարին անդրադարձանք Գերմանիայի 2015թ-ի վճարային հաշվեկշռին։

Տվյալները հետևյալն են։ 2015թ-ին ընթացիկ հաշվի ավելցուկը կազմել է 257 մլրդ եվրո, իսկ ֆինանսական հաշվի մնացորդը (ակտիվների զուտ ձեռք բերումը) կազմել է 232.2 մլրդ դոլ. (Աղբյուրը՝ Bundesbank

Այսինքն՝ 2015թ-ին Գերմանիայից կապիտալի զուտ արտահանումը (նույնն է՝ կապիտալի զուտ արտահոսքը) կազմել է 232.2 մլրդ դոլ.։

14 դեկտեմբեր 2017

Ահա երևանյան մի պատկեր, որը բնութագրում է 20-րդ դարասկզբի Երևանը։ Հեղինակը Եղիշե Չարենցն է։

Երևան։
Աստաֆյան փողոց։
Քնաթաթախ։
Աչքերին փոշի։
Խաղաղ—խաղաղ—քաղաք։
Ու զռռոցը— «Ա՜-ի՜, ա՜–ի՜, ա՜-ի՜»—
Իշու,
Էշան,
Էշի...
Ծույլ,
Դանդաղ։
Մի քնած էշի
Երջանիկ երազի նման—
Տոթ,
Արև,
Ամառվա փոշի—
Երևա՜ն,
Երևա՜ն,
Երևան...

Ահա մեկ այլ պատկեր, այս անգամ իջևանյան՝ կատարված առաջինից մեկ դար անց, այս օրերին Մելինա Խեչիկյանի կողմից։

Դպրոցականներով լի և գազով աշխատող երթուղային ավտոբուսը տաքացվում է կրակով։

Երևանյան և իջևանյան պատկերների տարբերությունը ժամանակն է (մեկ դար) և տարվա եղանակը (մի դեպքում՝ ամառ, մյուսում՝ ձմեռ)։

Երկու պատկերների ընդհանրությունը, սակայն, թշվառությունն է։

Տխուր է։

12 դեկտեմբեր 2017

Արտարժութային ֆյուչերսի խոշորագույն շուկան International Monetary Markets (IMM) է։

IMM-ում առաջարկվող ֆյուչերսներն ունեն հետևյալ ստանդարտ չափերը՝ 125,000 եվրո, 62,500 ֆունտ, 100,000 կան. դոլար, 125,000 շվ. ֆրանկ, 500,000 պեսո, 12.5մլն իեն։ Դրանց հասունացման ստանդարտ ժամկետներն են մարտի, հունիսի, սեպտեմբերի և դեկտեմբերի երրորդ չորեքշաբթին։

Ի տարբերություն ֆյուչերսի՝ ֆորվարդ գործարքները, որ սովորաբար կնքվում են 30, 90 կամ 180 օր ժամկետով, կարող են հասունանալ տարվա ցանկացած օր և կարող են կնքվել կողմերի հայեցողությամբ ցանկացած գումարի չափով։

Ենթադրենք՝ վերավաճառողը կանխատեսում է, որ հաջորդ տարվա մարտին եվրոյի սփոթ փոխարժեքը կլինի 0.96 դոլար/եվրո։

Ենթադրենք նաև՝ մարտի ֆյուչերսի գինը 1.2 է։ Վերավաճառողը կարող է վաճառել մարտի ֆյուչերս պայմանագիր։ Այսինքն՝ նա պարտարվորվում է պայմանագրի հասունացման պահին վաճառել 125,000 եվրո՝ 1.2 դոլար/եվրո փոխարժեքով։ Վաճառքի դիմաց նա կստանա 150,000 դոլար (=125,000×1.2):

Եթե վերավաճառողի կանխատեսումն իրականանա և մարտին սփոթ շուկայում փոխարժեքն իսկապես դառնա 0.96 դոլար/եվրո, ապա 150,000 դոլարով նա ձեռք կբերի 156250 եվրո (=150,000/0.96): Տարբերությունն էլ՝ 156,250-125,000=31250 եվրո, կկազմի նրա շահույթը:

11 դեկտեմբեր 2017

Ըստ ավանդության, երբ Մարի Անտուանետին՝ Ֆրանսիայի թագուհուն հայտնում են, որ մարդիկ ուտելու հաց չունեն, նա քամահրանքով շպրտում է,- «Թող խմորեղեն ուտեն»։

Ժակ Լուի Դավիթը Մ. Անտուանետի այս ճեպանկարը կատարել է 1793թ-ի հոկտեմբերի 16-ին, երբ հեղափոխությունից հետո նախկին թագուհուն առաջնորդում էին կառափնարան։

Կառափնարան տանող ուղին նրա ամուսինը՝ Լյուդովիկոս 16-րդը, անցել էր իրենից առաջ՝ հունվարի 21-ին։

7 դեկտեմբեր 2017

Երկրաշարժից 29 տարի անց Գյումրիում շուրջ 2000 ընտանիքներ ապրում են տնակներում։ Սա առկա պետական համակարգի անարդյունավետության ամենացցուն վկայություններից մեկն է։


5 դեկտեմբեր 2017

Այսօր դասախոսության ընթացքում անդրադարձանք կոնյակի «Արարատ» ապրանքանիշին և դրա պատկանելությանը։

«Արարատ» ապրանքանիշը պատկանում է բացառապես «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ին։

Միևնույն ժամանակ, Կոնյակի-գինու-օղու կոմբինատի անվան մեջ առկա է Արարատ անունը՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ։ Սույն կոմբինատը հայկական կոնյակ արտադրում է «Նոյ» ապրանքանիշով, բայց քանի որ Արարատ անունը հեղինակավոր է, ապա ձգտում է կոնյակի շշի վրա և այլ տեսանելի վայրերում այդ անունը հաճախակի կիրառել։

Հայաստանում Արարատ անվամբ առկա են նաև ֆուտբոլային ակումբ, ռեստորան, հացատուն, հյուրանոց, հանգստարան, ինչպես նաև մարզ, բայց «Արարատ» ապրանքանիշը պատկանում է բացառապես «Երևանի կոնյակի գործարանին»։

5 դեկտեմբեր 2017

Այսօրվա դասախոսության հիմնական թեզերն են.

- Արտարժույթի համաշխարհային շուկան երկրագնդի խոշորագույն շուկան է. օրական շրջանառությունը 5.1 տրլն դոլ., ինչը համարժեք է Հայաստանի 500 տարվա ՀՆԱ-ին։

- Արտարժույթի գլոբալ շուկայի հիմնական գործարքներն են՝ սփոթը, ֆորվարդը, արտարժութային սվոփը, արժութային սվոփը, օպցիոնը։

- Երկրի գնային մրցունակությունը բարելավվում է, երբ իրական փոխարժեքը բարձրանում է։ Վերջինը տեղի է ունենում, երբ կա՛մ տեղական գներն են նվազում, կա՛մ արտերկրի գներն են աճում, կա՛մ ազգային արժույթն է արժեզրկվում։

- Փաստացի փոխարժեքի փոփոխությունն արտահայտում է երկրի արտաքին մրցունակության ընդհանուր փոփոխությունը։

27 նոյեմբեր 2017


Այսօր Չարենցի ողբերգական մահվան 80-րդ տարելիցն է։

Մի հատված Չարենցի «Պատմության քառուղիներում» խորապես ազգային ստեղծագործությունից։

.... առաջնորդել են մեզ տարիներ երկար
Արքաներ անժողովուրդ և գահազուրկ,
Որոնց փառքը` մեր հին մատյաններում երգած`
Եղել է եղկություն ու քծնություն քսու:-
Օ, դո՛ւք, մեր վաղեմի առաջնորդնե՛ր,
Առասպելյալ Հայկեր ու Տրդատներ բազում,
Իշխաններ անփառունակ, սին ըղձերի ճորտեր,
Արքաներ անժողովուրդ ու գահազուրկ,-
Դո՛ւք, որ դարեր երկար, հազարամյակներ,
Ուրուների նման անկերպարանք
Ապրել եք ու կանգնել օդե ապարանքներ,
Օտար խարույկներից հայցել ոգու կրակ,-
Որ ամբողջ ձեր գոյության հազարամյակներում
Չեք ծնել և ո՛չ մի խոհ սերունդների համար -
Ո՞ր, ո՞ր պատմիչը ձեզ պիտի կարդա ներում,
Օ, դո՛ւք, անպտուղ պարտեզներ ու խորաններ ամա…

Մարկ Շագալ, «Սիրահարները», 1928թ.

«Չիշտ չէ արդյո՞ք, որ նկարչությունը և գույնը ոգեշնչվում են սիրով։ Արվեստում, ինչպես կյանքում, ամեն ինչ հնարավոր է, եթե հղացվել է սիրով»,- Մարկ Շագալ։

«Մեր կյանքում, ինչպես՝ արտիստի գունապնակում, միայն մեկ գույն կա, որը կյանքին և արվեստին իմաստ է հաղորդում։ Դա սիրո գույնն է,- Մարկ Շագալ։

Մեծ արվեստը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է բնությունը,- Մարկ Շագալ։

17 նոյեմբեր 2017

Նախորդ դասախոսությունում վերլուծեցինք տնտեսության վրա մաքսատուրքի ազդեցությունը։ Դասախոսության պատգամն այն էր, որ մաքսատուրքը, որպես կանոն, կրճատում է ընդհանուր բարեկեցությունը։

Հաջորդ դասախոսությունում, որի նյութը հրապարակել եմ այսօր, վերլուծելու ենք առևտրային քաղաքականության ոչ մաքսային գործիքները, ինչպիսիք են քվոտան, լրավճարը, հակագնագցումը։

14 նոյեմբեր 2017

Առևտրային քաղաքականությունը և կառավարությունը

Այսօր դասախոսությանը հարցադրում կատարվեց, թե ինչպես է, որ կառավարությունները սահմանափակում են առևտուրը, չնայած նրան, որ ազատ առևտուրը նախընտրելի քաղաքականությունն է։

Այլ կերպ հարցադրումը հետևյալն էր. ինչպես է, որ կառավարությունները իրագործում են մի քաղաքականություն, որի արդյունքում հասարակության բարեկեցությունը նվազում է։

Հակիրճ պատասխանը հետևյալն է. կառավարությունները կազմված են բանական մարդկանցից. մարդիկ, որոնք ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց վերընտրվելու հավանականությունը։

Ուստի՝ առևտրային քաղաքականության, այսինքն՝ մաքսերի, քվոտաների, լրավճարների և այլ միջոցներով սատարում են քաղաքականապես զորեղ խմբերին։

Բացի այդ, մաքսատուրքերը երրորդ աշխարհի կառավարությունների համար եկամուտների ստացման դյուրին միջոց են։

13 նոյեմբեր 2017

Ազատ առևտրից օգուտները

1. Ստատիկ օգուտ։ Ազատ առևտրից երկիրը շահում է, քանի որ առևտուրը հնարավորություն է տալիս սպառել ապրանքների այնպիսի համախումբ, որը արտադրական հնարավորությունների սահմանից դուրս է գտնվում և հետևաբար՝ անհասանելի է միայն տեղական արտադրության միջոցով։

Դինամիկ օգուտներ

2. Ազատ առևտուրն ընդլայնում է ոչ միայն ընթացիկ սպառման, այլև ապագա սպառման հնարավորությունը։ Այսպես՝ առևտրի շնորհիվ երկիրը կարողանում է ներմուծել կապիտալ միջոցներ, ինչն ընդլայնում է երկրի արտադրական հնարավորությունները և թույլ է տալիս ապագայում ընդլայնել սպառումը։

3. Ազատ առևտուրն ընդլայնում է երկրի արտադրական հնարավորությունները նաև այն բանի շնորհիվ, որ հեշտացնում և արագացնում է նոր տեխնոլոգիաների և գիտելիքների փոխանցումը։

4. Ազատ առևտուրը խթանում է մրցակցությունը, քանի որ առևտրի ազատականացումը խաթարում է տեղական մոնոպոլիստների տնտեսական, հետևաբար նաև քաղաքական իշխանությունը։

5. Ազատ առևտուրն ընդլայնում է շուկայի մեծությունը և արտադրողներին հնարավորություն է տալիս առավել լիարժեքորեն օգտվել ծավալի էֆեկտից։ Արդյունքում՝ արտադրողների միջին ծախսերը կրճատվում են, ինչի շնորհիվ կրճատվում են նաև արտադրանքի գները։

7 նոյեմբեր 2017

Ինկոթերմս

Այսօր 4-րդ հոսքում սեմինարի ընթացքում անդրադարձանք ինկոթերմսին։

Ինկոթերմսը ապրանքների միջազգային վաճառքի ստանդարտ պայմաններ են, որոնք հստակեցնում են արտահանողի և ներմուծողի միջև ծախսերի ու պատասխանատվության բաշխումը ապրանքի տրանսպորտային տեղափոխման ընթացքում։

Ներկայում գործում է «Ինկոթերմս 2010» խմբագրությունը, որը ներառում է 11 պայմաններ։ Դրանցից ստորև նկարագրում եմ մի քանիսը։ Միևնույն ժամանակ, 14-րդ գլխի վերջում ավելացրել եմ հավելված, որում աղյուսակի միջոցով հակիրճ նկարագրվում են Ինկոթերմս 2010-ի բոլոր պայմանները։

- EXW (Ex Works) - Վաճառողն ապրանքը տրամադրում է գնորդին իր պահեստից։ Այս պայմանի դեպքում գնորդը կրում է առավելագույն պատասխանատվություն, քանի որ ստանձնում է վաճառողի պահեստից մինչև նշանակման վայր ապրանքի փոխադրման բոլոր ծախսերն ու ռիսկերը։ Այս պայմանի դեպքում գնորդը պետք է հոգա նաև ապրանքի արտահանման մաքսային ձևակերպման ծախսը։

- FOB (Free on Board) - Վաճառողն ապրանքը տրամադրում է գնորդին առաքման նավահանգստում նավի վրա։ Այդ պահից սկսած բոլոր ռիսկերն ու ծախսերը անցնում են գնորդին։ Արտահանման մաքսային ձևակերպումը կատարում է վաճառողը։ Այս պայմանը կիրառելի է ծովային փոխադրումների դեպքում։ Եթե ծովային փոխադրում չի նախատեսվում, ապա կիրառվում է համարժեք FCA (Free Carrier) պայմանը։

- CIF (Cost, Insurance & Freight) - Վաճառողը կատարում է մինչև նշանակման նավահանգիստ ապրանքի տեղափոխման և ապահովագրության ծախսերը, սակայն ապրանքի կորստի և փչացման ռիսկերը գնորդին են անցնում առաքման նավահանգստում բեռը նավի վրա բարձելուց հետո։ Եթե ծովային փոխադրում չի նախատեսվում, ապա կիրառվում է համարժեք CIP (Carriage & Insurance Paid To) պայմանը։

7 նոյեմբեր 2017

Այսօր 3-րդ հոսքում դասախոսության ընթացքում անդրադարձանք Հրազդանի ՊՇԷԿ-ին։

ՊՇԷԿ նշանակում է պետական շրջանային էլեկտրակայան։ Կոնդեսացիոն շոգետուրբիններով հանդերձված ջերմային էլեկտրակայանը ԽՍՀՄ-ում կոչվում էր «պետական շրջանային էլեկտրակայան» (ՊՇԷԿ)։ Հրազդանի էլեկտրակայանը կոչվել է ՊՇԷԿ նախքան այն 2003թ-ին Ռուսաստանին վաճառելը։

6 նոյեմբեր 2017

Հարգելի՛ ուսանողներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նոր դասախոսությունը՝ վճարային հաշվեկշռի վերաբերյալ։

24 հոկտեմբեր 2017

Այս հաշվիչի միջոցով կարող եք վերլուծել առևտրի վրա տնտեսական աճի ազդեցությունը։

22 հոկտեմբեր 2017

Բհագվաթիի Սուզման աճի մոդելում առևտրի պայմանների վատացումը պետք է լինի նշանակալի, որ հանգեցնի եկամտի կրճատման։

Այսպես, երբ եկամտի մեջ արտահանման կշիռը 25% է, ապա թողարկման 1% աճի դեպքում առևտրի պայմանները պետք է վատանան ավելի քան 4%-ով, որպեսզի աճը լինի սուզման:

Ենթադրենք՝ եկամուտը 100 միավոր է։ Այդ դեպքում արտահանումը 25 միավոր է։ Համարենք՝ առևտրի պայմանները հավասար են մեկի, այսինքն՝ 25 միավոր արտահանումը համարժեք է 25 միավոր ներմուծման։ Թողարկման 1% աճից հետո եկամուտը կկազմի 101 միավոր։ Եթե առևտրի պայմանները վատանան 10%-ով և կազմեն 0.9, ապա 25 միավոր արտահանումը համարժեք կլինի 22.5 միավոր ներմուծման։

Այսինքն՝ չնայած տնտեսական աճին՝ եկամուտը, հաշվի առնելով ներմուծումը, հավասար կլինի 101-25+22.5=98.5, ինչն ավելի քիչ է, քան նախքան տնտեսական աճն էր։

Նույն օրինակում արտահանման կշիռը եկամտի մեջ եթե լինի 40%, ապա առևտրի պայմանները պետք է վատանան 2.5%-ով, որպեսզի աճը լինի սուզման։ Այսինքն՝ սուզման աճն այնքան ավելի հավանական է, որքան առևտրի կշիռը եկամտի մեջ մեծ է։

22 հոկտեմբեր 2017

Էյլերի թեորեմ

Երկրների միջև գործոնների բացարձակ իրական գների հավասարվելը ցուցադրում ենք Էյլերի թեորեմի միջոցով։

Էյլերի թեորեմ։ Երբ ծավալի էֆեկտը հաստատուն է, և ռեսուրսների վարձատրությունը հավասար է սահմանային արդյունքի արժեքին, ապա թողարկված արդյունքն ամբողջությամբ բաշխվում է ռեսուրսների միջև, այսինքն՝ թողարկման արժեքը ճշտորեն հավասար է ռեսուրսների ընդհանուր վճարին։

Համասեռ արտադրական ֆունկցիայի համար, ընդհանուր դեպքում, ունենք.

$$Q(\lambda L,\lambda K)=\lambda^n Q(L,K)$$

Այսինքն, երբ ռեսուրսների քանակն ընդլայնվում է $\lambda$-ով, ապա թողարկումն ընդլայնվում է $\lambda^n$-ով։ Դիֆերենցենք ըստ $\lambda$-ի.

$$(\partial Q/\partial \lambda L)L+ (\partial Q/\partial \lambda K)K$$ $$=n\lambda ^{(n-1)} Q(L,K)$$ Վերջինը ճիշտ է $\lambda$-ի ցանկացած, այդ թվում $\lambda=1$ արժեքի համար. $$(\partial Q/\partial L)L+ (\partial Q/\partial K)K=n Q(L,K)$$ Երբ $n=1$, ապա արտադրական ֆունկցիան առաջին կարգի համասեռ է, այսինքն՝ ծավալի էֆեկտը հաստատուն է. $$(\partial Q/\partial L)L+ (\partial Q/\partial K)K= Q(L,K)$$ Վերջինը համարժեք է հետևյալին. $$(MP_L)L+ (MP_K)K= Q(L,K)$$

որտեղ $MP$ համապատասխան ռեսուրսի սահմանային արդյունքն է։

Վերջին հավասարման աջ և ձախ մասերը բազմապատկենք ապրանքի գնով՝ $p$:

$$p(MP_L)L+ p(MP_K)K= pQ(L,K)$$

Քանի որ ռեսուրսի շուկաները կատարյալ մրցակցային են, ապա ռեսուրսների վճարը հավասար է սահմանային արդյունքի արժեքին.

$$w=p(MP_L)\qquad r=p(MP_K)$$

Հետևաբար՝

$$wL+ rK= pQ$$

Այսինքն՝ թողարկման արժեքը ճշտորեն հավասար է ռեսուրսների ընդհանուր վճարին։

22 հոկտեմբեր 2017

Հարգելի՛ ուսանողներ, հոկտեմբերի 24-ի դասախոսությանն ընդառաջ «Առևտրի վրա տնտեսական աճի ազդեցություն», «Բհագվաթիի Սուզման աճի մոդել», «Հոլանդական հիվանդություն» թեմաների գրավոր նյութերն էապես բարեփոխել եմ։ Նոր տարբերակները կարող եք կարդալ 7-րդ գլխի համապատասխան հատվածներում։

21 հոկտեմբեր 2017

1. Ենթադրենք երրորդ դասարանի մաթեմատիկայի քննությանը տրված է խնդիր. գտեք x-ի արժեքը x+y=10 հավասարումից, երբ y=4: Եթե աշակերտը փոխի խնդրի պայմանը և լուծի խնդիրն այն դեպքի համար, երբ y=6, ապա դա տրված խնդրի լուծումը չի լինի։

Նույն տրամաբանությամբ, եթե քննատոմսի Ձեր հարցում նշված է՝ աշխատավարձը նշանակեք m, ապա սխալ կլինեն հարցի բոլոր այն պատասխանները, որոնցում աշխատավարձը նշանակել եք այլ կերպ։

Այսպիսով՝ փոփոխականի տրված արժեքը կամ նշանակումը անհրաժեշտ է նույնությամբ կիրառել։

2. Միևնույն ժամանակ, եթե հարցատոմսում որևէ փոփոխականի արժեքը կամ նշանակումը տրված չէ, ապա այն կարող եք ընտրել Ձեր հայեցողությամբ։ Օրինակ՝ եթե նշված չեն երկրները, ապա կարող եք ընտրել ցանկացած, այդ թվում՝ երևակայական երկրներ:

3. Հարցատոմսի տարբեր հարցերի նշանակումները միմյանց հետ կապված չեն։ Մի հարցում ապրանքները կարող են նշանակված լինել a և b, մյուսում՝ c և d:

20 հոկտեմբեր 2017

Հարգելի՛ ուսանողներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հարցաշարի ուղեցույցի վերջնական տարբերակը։

Հոկտեմբերի 24-ի դասախոսությանը քննարկելու ենք.

Այս թեմաների մի մասին թեպետ նախկինում անդրադարձել ենք, բայց դարձյալ կանդրադառնանք։ Հոկտեմբերի 24-ին հնարավոր է նաև ներկայության մասնակի հաշվառում կատարենք։

20 հոկտեմբեր 2017

Հաճախ տրվող հարց

Հարց։ Ես սովորել եմ հարցերի կեսը, կարող եմ արդյո՞ք ակնկալել միջին գնահատական։

Պատասխան։ Հարգելի՛ ուսանող, ցավոք՝ ոչ։ Սովորած հարցերի թվի (կամ ծավալի) և ստացած գնահատականի միջև կապը գծային չէ։ Կեսը սովորելով Դուք կարող եք ակնկալել միջինից ցածր, տեսականում նաև՝ միջինից բարձր։

Ի նկատի ունեցեք, որ դասընթացը փոխշաղկապված գաղափարների ամբողջություն է։ Ուստի քննությունները կազմակերպվում են այնպես, որ խրախուսեն նրանց, ովքեր քննություններին պատրաստվում են ոչ թե մասամբ, այլ ամբողջովին։

Այսինքն՝ ստրատեգիական սովորելը չի խրախուսվում։ Ստրատեգիական եմ համարում այն սովորելը, երբ հնարավորինս քիչ սովորելով ձգտում են ստանալ հնարավորինս բարձր։ Երբ դառնաք հանրային գործիչներ, այն ժամանակ դրսևորեք Ձեր ստրատեգիական վարքը։ Իսկ հիմա ամեն ինչ պարզ է. ուզում եք ստանալ բարձր, սովորեք ամբողջը։

19 հոկտեմբեր 2017

Ջորջ Բուշի այսօրվա ելույթն ազատ հասարակության մարտահրավերների մասին է։ Թեպետ իր ժամանակին հենց նա է զգալի չափով նպաստել ներկա մարտահրավերների ի հայտ գալուն։

Բուշն իրավացիորեն նշում է, որ ազատ և բարեկեցիկ հասարակության էական նախադրյալներից մեկն ազատ առևտուրն է։ Բայց 2002թ-ին հենց նա էր, որ շեշտակի բարձրացրեց պողպատի ներմուծման մաքսատուրքերը՝ նպատակ ունենալով մեծացնել իր վերընտրվելու հավանականությունը։

18 հոկտեմբեր 2017

Հարգելի՛ ուսանողներ, 7.1 թեստի միջոցով կարող եք էլ ավելի բարելավել Ռիբչինսկու թեորեմի իմացությունը։

14 հոկտեմբեր 2017

Չորրորդ թեստի լուծման մեկնաբանությունը կարող է օգտակար լինել 7-րդ թեստը լուծելու համար։

Հաշվի առեք, որ 7-րդ թեստում համարում ենք, որ երկիրն արտադրում է արտադրական հնարավորությունների սահմանի ոչ թե բեկման կետում, այլ վերին կամ ստորին կողմերին, որոնցում ռեսուրսներից մեկը ոչ լիովին է զբաղված։ Ինչպես գիտեք, երբ արտադրական հնարավորությունների սահմանը բեկյալ է, ապա միայն բեկման կետում են բոլոր ռեսուրսները լիովին զբաղված։

12 հոկտեմբեր 2017

Հարգելի՛ ուսանողներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում առաջին ընթացիկ քննության հարցաշարի ուղեցույցը։ Ուղեցույցի նպատակն է միարժեքորեն նկարագրել յուրաքանչյուր քննական հարցի բովանդակությունը։ Այսինքն ապահովել քննության լիարժեք թափանցիկություն։

9 հոկտեմբեր 2017

1. Հեքշեր-Օհլինի մոդելը երկարատև ժամանակաշրջանի մոդել է: Հեքշեր-Օհլինի մոդելը և մասնավորապես՝ ազատ առևտրի արդյունքում երկու երկրներում գործոնների գների հավասարեցումը ենթադրում են երկարատև ժամանակաշրջան։ Երկար այնքան, որքան անհրաժեշտ է արտադրությունների միջև ռեսուրսների կատարյալ շարժուն լինելու համար։

Ինչպես ցույց կտանք Ռիկարդո-Վիների Յուրահատուկ ռեսուրսի մոդելում՝ կարճատև ժամանակաշրջանում, երբ ռեսուրսներից առնվազն մեկը կատարյալ շարժուն չէ, ազատ առևտրի արդյունքում երկու երկրներում գործոնների գները միմյանց չեն հավասարվում։

Նմանապես՝ Սթոլփեր-Սամյուելսոնի թեորմը նկարագրում է ապրանքի և ռեսուրսի գների կապը երկարատև ժամանակաշրջանում։ Իսկ կարճատև ժամանակաշրջանում այդ կապը, ինչպես ցույց կտանք Ռիկարդո-Վիների մոդելում, այլ բնույթ ունի։

2. Ռիբչինսկու թեորեմը և առևտուրը: Ռիբչինսկու թեորեմից հետևում է՝ երբ փոքր երկրում ընդլայնվում է արտահանվող ապրանքի արտադրությունում ինտենսիվ կիրառվող ռեսուրսը, ապա արտահանվող ապրանքի արտադրությունն աճում է, ուստի՝ արտահանումն աճում է։ Միևնույն ժամանակ, մյուս ապրանքի, այն է՝ ներմուծվող ապրանքի տեղական արտադրությունը կրճատվում է, ուստի՝ ներմուծումն աճում է։ Այսինքն՝ արտաքին առևտուրն ընդլայնվում է։

Բայց երբ ընդլայնվում է ներմուծվող ապրանքի արտադրությունում ինտենսիվ կիրառվող ռեսուրսը, ապա ներմուծվող ապրանքի տեղական արտադրությունն աճում է, ուստի՝ ներմուծումը կրճատվում է։ Միևնույն ժամանակ, մյուս ապրանքի, այն է՝ արտահանվող ապրանքի տեղական արտադրությունը կրճատվում է, ուստի՝ արտահանումը կրճատվում է։ Այսինքն՝ արտաքին առևտուրը կրճատվում է։

3. Հեքշեր-Օհլինի և Սթոլփեր-Սամյուելսոնի թեորեմների զուգորդումը։ Հեքշեր-Օհլինի և Սթոլփեր-Սամյուելսոնի թեորեմներից հետևում է, որ ազատ առևտրից շահում է երկրի առատ ռեսուրսը, իսկ հազվագյուտ ռեսուրսի իրական եկամուտը կրճատվում է։

4 հոկտեմբեր 2017

8-րդ թեստը վերաբերում է Լեռների սխեմայում զուգահեռագծի կանոնին։

28 սեպտեմբեր 2017

3.2 թեստը վերաբերում է հարաբերական աշխատավարձին։ Նրանում, ի տարբերություն 3.1 թեստի, ներառել եմ փոխարժեքը։ Բացի այդ, ի տարբերություն նախորդ թեստերի, այն կազմել եմ անգլերեն։

25 սեպտեմբեր 2017

Վաղվա դասախոսությունում քննարկելու ենք Հեքշեր-Օհլինի մոդելը, որն արտաքին առևտրի առավել նշանակալի մոդելներից է։ Այդ մոդելի շրջանակում ապացուցելու ենք չորս թեորեմներ։

Առաջին թեորեմը, որից կսկսենք մոդելի ուսումնասիրությունը, կրում է նույն անունը՝ Հեքշեր-Օհլինի թեորեմ։ Այն փաստում է, որ երկիրը համեմատական առավելություն ունի այն ապրանքի արտադրությունում, որում առավել ինտենսիվ է կիրառվում այդ երկրի համեմատաբար առատ ռեսուրսը։

Դասախոսության թեմայի առնչությամբ կարող եք կատարել 7-րդ թեստը։

Նախորդ դասախոսությունում անդրադարձել ենք Կոնդորսեթի պարադոքսին։ Այդ մասին կարող եք կարդալ այստեղ։

20 սեպտեմբեր 2017

Հարգելի՛ ուսանողներ, կարող եք լրացնել հինգերորդ թեստը։ Այն վերաբերում է գոգավոր կորի տեսք ունեցող արտադրական հնարավորությունների սահմանին։ Ավելին, կարող եք լրացնել նաև վեցերորդ թեստը, որը վերաբերում է հասարակության անտարբերության կորերին։

19 սեպտեմբեր 2017

Հարգելի՛ ուսանողներ, առաջարկում եմ Ձեզ լրացնել չորրորդ թեստը։ Այն վերաբերում է բեկված գծի տեսք ունեցող արտադրական հնարավորությունների սահմանին։

Այսօրվա դասախոսության առանցքը նեոդասական մոդելում ազատ առևտրի հավասարակշռության որոշումն էր։ Բացի այդ, անդրադարձանք նախապայմաններին, որոնք անհրաժեշտ են հասարակության անտարբերության կորերը նորմատիվ մեկնաբանելու համար։

Դասախոսության պատգամը, սակայն, ընդհանրական է և վերաբերում է նրան, որ ցանկացած երևույթ (լինի դա հասարակության անտարբերության կորը, թե Ջորջ Օրվելի «Անասնաֆերման») վերլուծելիս անհրաժեշտ է պարզել ներքին էությունը և ոչ մի դեպքում չբավարարվել արտաքին երևութականով։

19 սեպտեմբեր 2017

Երկրորդ թեստի 2-րդ հարցի մեկնաբանությունն ավելացրել եմ Խնդիրներ #2.1-ի էջ 4-5-ում։

Երկրորդ թեստի 4-րդ հարցում բամբակի համաշխարհային հարաբերական գինը կարող է գտնվել ավտարկիայի հարաբերական գների միջակայքում։ Բամբակի հարաբերական գինը ավտարկիայում Կոնգոյում 3/2=1.5 է, իսկ Զամբիայում՝ 9/4=2.25 է։ Այսինքն՝ բամբակի համաշխարհային հարաբերական գինը կարող է գտնվել 1.5-ից 2.25 միջակայքում։

15 սեպտեմբեր 2017

Հարգելի՛ ուսանողներ, առաջարկում եմ Ձեզ լրացնել երրորդ թեստը։ Այն վերաբերում է հարաբերական աշխատավարձին։ Ինչպես գիտեք՝ երկրի մրցակցային առավելությունը կախված է ոչ միայն հարաբերական արտադրողականությունից, այլև՝ հարաբերական աշխատավարձից։

12 սեպտեմբեր 2017

Հարգելի՛ ուսանողներ, առաջարկում եմ Ձեզ լրացնել երկրորդ թեստը։

Առաջին թեստի 3-րդ հարցի կապակցությամբ.

Ըստ խնդրի պայմանի՝ Իրանը համեմատական առավելություն ունի կարագի արտադրությունում։ Ուստի՝ եթե երկրներն ամբողջովին մասնագիտանան ըստ համեմատական առավելության սկզբունքի, ապա կարագի համաշխարհային արտադրությունը բաղկացած կլինի միայն Իրանում կարագի արտադրությունից, որը հավասար է 30/2.5=12 միավորի։

Այսօրվա դասախոսության հիմնական պատգամներից մեկն այն էր, որ «Հարաբերական աշխատավարձը կախված է հարաբերական արտադրողականությունից»։ Ուստի՝ երկրում հարաբերական աշխատավարձը չի կարող բարձրանալ քանի դեռ ցածր է հարաբերական արտադրողականությունը։ Իսկ հարաբերական արտադրողականությունը գլխավորաբար պայմանավորված է կրթության մակարդակով։ Այսինքն՝ հարաբերական աշխատավարձը մշտապես ցածր է լինելու ցածր կրթամակարդակ ունեցող երկրում։

10 սեպտեմբեր 2017

Guardian-ի անդրադարձը, թե ինչպես աշխարհը կանգնեց Հս. Կորեայի հետ միջուկային առճակատման հիմնախնդրի առջև։

9 սեպտեմբեր 2017

Բոլոր մոդելները «սխալ» են, բայց որոշներն օգտակար են

«Մոդելները իրականությունից կտրված են, քանի որ չեն արտահայտում իրական աշխարհում առկա բոլոր առնչությունները»,- կարծում են ոմանք։

Այնինչ մոդելների օգտակարությունը հենց բխում է նրանից, որ դրանցում պարզեցնում ենք իրականությունը՝ դեն նետելով բոլոր այն առնչությունները, որոնք տվյալ մոդելի տեսանկյունից էական չեն։

Օրինակ՝ տնտեսագիտության պարզագույն՝ ապրանքի առաջարկի և պահանջարկի մոդելի օգտակարությունը բխում է նրանից, որ համարում ենք, որ բոլոր մյուս պայմանները հավասար են։ Այդ պարզեցնող ենթադրության շնորհիվ է, որ հնարավորություն ենք ստանում պարզորոշ վերլուծել առաջարկի ու պահանջարկի փոփոխության ազդեցությունը գնի և թողարկման վրա։

Կամ Ռիկարդոյի մոդելը երկու երկրի և երկու ապրանքի համար։ Իր պարզության շնորհիվ է, որ այն մեզ օգնում է պարզել արտադրողականության տարբերությունների դերը արտաքին առևտրի կառուցվածքի որոշման խնդրում։ Հակառակ դեպքում, եթե փորձեինք միաժամանակ դիտարկել բոլոր ապրանքները և բոլոր երկրները, հաշվի առնեինք տարբեր շուկաների առանձնահատկությունները, դիտարկեինք տրանսպորտային ծախսերը, մաքսերը, ինֆորմացիայի անկատարությունը և այլն, ապա վերջին հաշվով որևէ օգտակար արդյունք չէինք ստանա։

Այսպիսով, բոլոր մոդելները «սխալ» են այն առումով, որ դրանցում իրականությունը շեշտակիորեն պարզեցված է (հենց դրա համար էլ դրանք կոչվում են մոդելներ)։

Ու թեպետ բոլոր մոդելները «սխալ» են, բայց կան մոդելները, որոնք օգտակար են, քանի որ օգնում են բացատրել իրական աշխարհը։

4 սեպտեմբեր 2017

Այսօրվա դասախոսության հիմնական պատգամներից մեկն այն էր, որ «Ազատ առևտուրն ընդլայնում է արտադրության արդյունավետությունը և հասարակության բարեկեցությունը»։

Հարգելի՛ ուսանողներ, առաջարկում եմ Ձեզ լրացնել հետևյալ թեստը։ Այն ներառում է չորս հարց, ու եթե տեսությունն ուսումնասիրել եք, ապա ձեզանից կպահանջի շուրջ 5 րոպե։

Էջ 1 2 3 4