Արման Գաբրիելյանի դասախոսություններ
Էջ 1 2 3 4

15 մայիս 2019

Առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսի հարգելի ուսանողնե՛ր, «Արժութային քաղաքականություն» դասընթացի հունիսի 26-ի ամփոփիչ քննության հարցաշարը սա է:

3 մայիս 2019

Հեռակա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսի հարգելի ուսանողնե՛ր, «Արժութային քաղաքականություն» դասընթացի ամփոփիչ քննության հարցաշարը սա է:

23 ապրիլ 2019

Էդուարդ Օլբին ամերիկյան դրամատուրգիայի և «աբսուրդի թատրոնի» նշանակալի ներկայացուցիչներից է։

Օլբիի «Ինչ էր պատահել գազանանոցում» դրամայում քննարկվում են անհատի օտարման, մեկուսացման և հասարակությունում տիրող կեղծ բարեպաշտության թեմաները։ Դրամայի իմաստային բարձրակետերից մեկը հետևյալ հատվածն է.

«... Եթե անհնար է մարդկանց հետ հաղորդակցվել, ուրեմն հարկավոր է ինչ-որ ուրիշ բանից սկսել։ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ։ Ախր հասկանո՞ւմ եք, մարդ անպայման պետք է ինչ-որ կերպ հաղորդակցվի որևէ մեկի հետ։ Եթե ոչ մարդկանց... եթե ոչ մարդկանց... ապա գոնե ինչ-որ բանի։ Մահճակալի, ուտիճի, հայելու, չէ՛, հայելին չեղավ, շատ ծանր բան է, դա ամենավերջում, երբ ճարահատյալ ես... Ուտիճի... կամ... կամ... գորգի, զուգարանի թղթի փաթույթի... չէ՛, էլի բանի նման չէ, ինչպես հայելին... Տեսնո՞ւմ եք, ինչ դժվար է հարմար բան գտնել։ Գուցե փողոցի անկյո՞ւնը, թաց, փայլուն մայթերին արտացոլված գույնզգույն լույսե՞րը... ծխի քուլան... կամ... կամ պոռնոգրաֆիկ խաղաթղթերը, զարդատուփը... որը ՓԱԿ ՉՈՒՆԻ... Մարդ պիտի հասու լինի, թե ինչ է սերը, փսխուքը, լացը, կատաղությունը, որ դեռատի սիրունիկ աղջիկները ամենևին էլ ո՛չ դեռատի են, ո՛չ էլ սիրունիկ. մարմնի առուծախը, մարմնի, որ անոթն է սիրո, և ես կարող եմ դա ապացուցել. աղեկտուր ոռնոցը, թե ինչու....

աստված հոգիդ չի առնում... աստված... Հը՞, ի՞նչ կասեք աստծու հետ հաղորդակցվելու մասին... Ախր նա սևամորթ արվամոլի մեջ է, որը կիմոնո է հագնում և հոնքերը հանում, այն կնոջ մեջ է, որն անընդհատ լաց է լինում դռան հետևում... Աստված, որն ասում են, վաղուց է երես թեքել ամեն-ամեն ինչից... Իսկ մարդի՞կ... Ախր գոնե երբեմն էլ հարկավոր է մարդկանց հետ շփվել։ Մարդկանց։ Մտքեր փոխանակել։ Խոսել ինչ-որ բանի շուրջը։ Իսկ որտե՞ղ, որտե՞ղ կարելի է այս բանտանման անողորմ աշխարհում թեկուզ մեն-մենակ, ամենահասարակ միտք փոխանակել, եթե ոչ շքամուտքում՝ սանդուղքին կանգնած։ Որտե՞ղ։ Ախր պետք է, չէ՞, ինչ-որ մեկին գտնել՝ հետը հաղորդակից լինելու համար։ Բայց ո՞ւմ։ Ո՞ւմ գտնել... փորձել հասկանալ նրան և այնպես անել, որ քեզ էլ հասկանան... Ամենահարմարը...

Ամենահարմարը շունն է։ Հա՛, հա, հենց շունը։

Շունը։ Ինձ թվում էր, թե դա միանգամայն խելացի միտք է։ Հայտնի բան է. մարդը շան լավագույն բարեկամն է։ Հա ուրեմն։ Ես ու այդ շունը նայում էինք մեկմեկու աչքերի։ Ես նրան ավելի երկար նայեցի, քան նա՝ ինձ։ Եվ դրանից հետո այդպես էլ շարունակվեց։ Երբ էլ որ իրար տեսնելիս լինենք, ուր էլ որ լինենք, գետնին մեխվածի նման կանգնում-մնում ենք։ Մենք տխրությամբ ու կասկածանքով աչք-աչքի ենք գցում, ապա անտարբեր ձևանում։ Երկուսս էլ հանգիստ անցնում ենք մեկս մյուսի կողքով. մենք արդեն հասկանում ենք իրար։ Սա շատ տխուր բան է, բայց համաձայնեք, որ փոխըմբռնում է։ Մենք բազմիցս փորձել ենք շփվել իրար հետ, բայց ամեն ինչ ապարդյուն է անցել։ Շունն առաջվա պես աղբն է քչփորում, իսկ ես անարգել անցնում-դառնում եմ։ Ես հանգիստ ու անարգել անցուդարձի իրավունք եմ նվաճել, եթե դա կարելի է նվաճում կոչել և ոչ թե կորուստ։ Ես հասկացել եմ, որ ոչ բարությունը, ոչ էլ դաժանությունը՝ ինքնին, մեկը մյուսից անկախ, ոչնչի չեն հանգեցնում, բայց ես հասկացել եմ նաև, որ միաժամանակ, երկուսը միասին, սովորեցնում են զգալ։ Բայց ինչ օգուտ դրանից, եթե հաղթանակը կորուստ է, եթե դրա հետևանքն այն է, որ ես շան հետ փոխզիջման եմ եկել կամ ավելի ճիշտ, գործարքի նման մի բան եմ կնքել։ Մենք չենք սիրում իրար, բայց չենք էլ նեղացնում, որովհետև չենք փորձում հասու լինել իրար։ Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է շանը կերակրելը սիրո նշան համարել։ Իսկ միգուցե ինձ կծելու շան փորձերն է՞լ էին սիրո նշան։ Բայց եթե մենք անզոր ենք մեկմեկու հասկանալ, էլ ինչո՞ւ ենք ընդհանրապես «սեր» բառը հնարել։»

Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան

21 ապրիլ 2019

Հեռակա ուսուցման 5-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, «Արտաքին առևտրատնտեսական կապեր» դասընթացի ամփոփիչ քննության հարցաշարը սա է:

19 ապրիլ 2019

Սևակ, թե՞ Չարենց

Քաղաքում երկու ակումբ կա. մեկը՝ քաղաքի կենտրոնում (1-ին ակումբ), մյուսը՝ ծայրամասում (2-րդ ակումբ)։

Ուրբաթ երեկոյան երկու ակումբն էլ նախատեսում են գրական երեկո կազմակերպել կա՛մ սևակյան, կա՛մ չարենցյան թեմայով։ Բայց 2-րդ ակումբի համար կա մի բարդություն։ Այցելուները նախընտրում են կենտրոնում գտնվող ակումբը, և եթե ուրբաթ երեկոյան երկու ակումբներում էլ լինի օրինակ՝ չարենցյան երեկո, ապա 2-րդ ակումբը որևէ այցելու չի ունենա։

Հայտնի է, որ 80 հոգի միայն Սևակի երկրպագու են և չարենցյան երեկոյի չեն գնա։ 30 հոգի միայն Չարենցի երկրպագու են և սևակյան երեկոյի չեն գնա։ Եվս 30 հոգի նախընտրում են Չարենց, բայց եթե չարենցյան երեկո այդ օրը չլինի, ապա կգնան սևակյան երեկոյի։

Պարզ է, որ 2-րդ ակումբը չպետք է կազմակերպի նույն երեկոն, ինչ-որ 1-ին ակումբը։ Բայց, ավա՜ղ, 2-րդ ակումբը նախապես չգիտի, թե ի՞նչ է կազմակերպելու 1-ին ակումբը։

Իհարկե, 2-րդ ակումբը կարող է ապավինել պատահականությանը, բայց դա անմիտ մոտեցում կլինի։ Հուշե՛ք 2-րդ ակումբին, թե ո՞րն է ճիշտ որոշումը։

Ի՞նչ երեկո կազմակերպի 2-րդ ակումբը՝ չարենցյան, թե սևակյան։

17 ապրիլ 2019

Դեկամերոնի առաջին նովելում պատմվում է ոմն Չեպարելլոյի մասին։ Այս Չեպարելլոյին կնախանձեին մեր նախորդ կառավարության ներկայացուցիչներից շատերը, քանի որ, չնայած իրենց անդուլ ջանքերին, նրանք չհասան Չեպարելլոյի հոգու անդունդներին։

Եվ այսպես, Չեպարելլոն նոտար էր։ Նա իր համար մեծ անպատվություն էր համարում, եթե որևէ փաստաթուղթ չէր կեղծում։

Նա մեծ բավականությամբ սուտ վկայություն էր տալիս, և խարդախությամբ շահում էր բոլոր դատական գործերը։

Կանանց սիրում էր նույնքան, որքան շունը՝ դագանակը, մինչդեռ հակառակ մոլության մեջ ավելի մեծ բավականություն էր գտնում, քան որևէ այլ անառակ։

Հանգիստ խղճով գողանում էր և կողոպտում։ Հայտնի որկրամոլ էր ու հարբեցող։ Հանրածանոթ խաբեբա էր և խարդախ զար գցող։

Բայց չնայած այդ ամենին՝ Չեպարելլոն կյանքի վերջում հաջողացրեց բարեպաշտ, կույս և անմեղ ներկայանալ ու թաղվել եկեղեցում։

17 ապրիլ 2019

ՄՈՒՍԻՈՒՍ (մի քիչ իրեն կորցրած). - Կինս է, բայց ես սիրում եմ նրան։ (Բոլորը ծիծաղում են)։

... Երիտասարդ հոգին հուսահատեցնելը առավելագույնն է հանցանքներից, ...

ԿԱԼԻԳՈՒԼԱ. - ... Երկու ոճրագործություն։ Եվ երկուսից էլ քեզ փրկություն չկա։ Կամ չէի ուզում քեզ սպանել, և դու ինձ անարդարացիորեն կասկածում ես, ինձ՝ քո կայսրին, կամ ուզում էի, և դու՝ միջատ, ընդդիմանում ես իմ որոշմանը։

Քամյու, «Կալիգուլա»

16 ապրիլ 2019

Հարկերը Հարավային Կովկասում

Հարկերի և հարկային վճարումերի թիվը տարվա ընթացքում14
Տարվա ընթացքում հարկերը վճարելու վրա ծախսվող ժամանակը262
Ընդհանուր հարկերն իբրև % շահույթից18.5
Հարկերի և հարկային վճարումերի թիվը տարվա ընթացքում5
Տարվա ընթացքում հարկերը վճարելու վրա ծախսվող ժամանակը220
Ընդհանուր հարկերն իբրև % շահույթից9.9
Հարկերի և հարկային վճարումերի թիվը տարվա ընթացքում6
Տարվա ընթացքում հարկերը վճարելու վրա ծախսվող ժամանակը159
Ընդհանուր հարկերն իբրև % շահույթից40.8
Հարկերի և հարկային վճարումերի թիվը տարվա ընթացքում Հոնկոնգում3
Տարվա ընթացքում հարկերը վճարելու վրա ծախսվող ժամանակը Սինգապուրում49
Ընդհանուր հարկերն իբրև % շահույթից 32 ամենամրցունակ երկրներում26.1

Աղբյուրը՝ Doing Business

15 ապրիլ 2019

Ցցված ուսուցչուհին

Զանգը խփեց, բոլորս մտանք դասարան, նստեցինք, ու ըհը՛, մեկ էլ ուսուցչուհին դիմացներս ցցվեց. միսս Չոլոփ էր անունը. ա՜խ, մի իմանայի, թե սրանք որտեղից են ծլում։

Ուիլյամ Սարոյան, «Հայրիկ, դու խենթ ես»

Ջեքսոն Պոլլոք, «Համար 1»

5 ապրիլ 2019

Առկա ուսուցման 4-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, «Արտաքին առևտրա-տնտեսական կապեր» դասընթացի ամփոփիչ քննության հարցաշարը սա է:

2 ապրիլ 2019

Բանկային ավանդները ՀՀ-ում։ 2019թ-ի փետրվարին ՀՀ առևտրային բանկերում առկա էր 6.15 մլրդ. դոլ. ավանդ, որից 1.55 մլրդ. դոլ. ներգրավվել էր ոչ ռեզիդենտներից։ Ընդհանուր ավանդների կառուցվածքում ոչ ռեզիդենտների կշիռը շուրջ 25% է։

Արտարժույթով ավանդները կազմում էին ոչ ռեզիդենտների ավանդների 85% և ռեզիդենտների ավանդների 52%: Ընդհանուր առմամբ, արտարժույթով ավանդները 3.7 մլրդ. դոլ. են, ընդհանուրի՝ 60.6%:

25 փետրվար 2019, ժամը 15:30

Քիչ անց սկսվելու է 3-րդ կուրսի քննության 2-րդ վերահանձնումը։

Ըստ երևույթին, զգալի թվով ուսանողներ դարձյալ կդժվարանան հանձնել քննությունը։ Բայց անվիճելի է, որ Սև շենքի բոլոր ուսանողներն օժտված են անհրաժեշտ կարողություններով՝ առնվազն լավ սովորելու համար։ Այդ կարողությունները, սակայն, չեն դրսևորվում, քանի որ հարգելի ուսանողները չունեն անհրաժեշտ խթաններ։

Ըստ երևույթին, նրանց ուսման տարիներին տարբեր հանգամանքներ և անձինք խաթարել են (հիմնականում՝ ոչ միտումնարվոր) նրանց սովորելու ձգտումը։ Արդյունքում՝ այդ ուսանողներին թվում է, թե ֆորմալ կրթությունը սոսկ սահմանային դեր է խաղալու կյանքում հաջողության հասնելու խնդրում։

Ամեն դեպքում, կարծում եմ՝ անարդարացի կլինի այդ ուսանողների ուսերին թողնել անարդյունավետ կրթական համակարգի պատասխանատվության բեռը։

21 հունվար 2019, ժամը 19:40

3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, այսօր 3.2.II խմբում մի շարք ուսանողներ քննությանը արտակարգ էին պատրաստվել։

Իբրև նախնական ամփոփում այս ուս. տարվա 1-ին կիսամյակի արդյունքների՝ նշեմ, որ այս տարի նույնպես (ինչպես նախորդ բոլոր տարիներին) բացառիկ հնարավորություն ունեցա դասավանդելու իրապես տաղանդավոր, շնորհաշատ և կիրթ ուսանողների, ինչը մեծ հպարտություն է ինձ համար։

Հարգելի, սիրելի ուսանողներ, բոլորիդ մաղթում եմ կյանքում հաջողություն և Ձեր բարի նպատակների իրագործում։

21 հունվար 2019, ժամը 19:00

Հեռակա ուսուցման 5-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, ամփոփիչ քննության հարցաշարը սա է:

15 հունվար 2019

3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, այսօրվա և երեկվա քննության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Արդյունքները հրապարակում եմ՝ թափանցիկություն ապահովելու նպատակով։

Ինչո՞ւ 18 և 19 միավորներ չեմ նշանակել։

Որովհետև անթույլատրելի եմ համարել հանրագումարային բանավոր մեկ քննության դեպքում ուսանողների միջև այդքան փոքր տարբերություններ կիրառելը։

Կարծում եմ՝ 18 կամ 19 միավորների կիրառումը իմ կողմից կլիներ կամայականություն և սուբյեկտիվ նախապատվությունների դրսևորում։ Ինչը, բնականաբար, անթույլատրելի կլիներ։

Միայն գրավոր քննության դեպքում, երբ յուրաքանչյուր հարցի (կամ ենթահարցի) արժեքը չի գերազանցում 2-3 միավորը, թույլատրելի կհամարեի 18 կամ 19 միավորների կիրառումը։

ԵՊՀ, սակայն, քննության նման կազմակերպման հնարավորություն չի տալիս՝ դեռևս։

20 դեկտեմբեր 2018

4-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, երկրորդ ընթացիկ քննության հարցաշարը սա է:

Հարգելի «ստրատեգիական սովորող» ուսանողներ, հայտնի չէ, թե ինչ գնահատական կստանաք, եթե սովորեք դասընթացի թեմաների կեսը։ Կեսը սովորելու դեպքում պարտադիր չէ, որ ստանաք 10-ից 5 բալ։ Տեսականում հնարավոր է, որ 5-ից բարձր ստանաք, թեպետ ավելի հավանական է, որ 5-ից ցածր ստանաք։ Սակայն միարժեք է, որ կստանաք հնարավոր առավելագույնը, եթե սովորեք ամբողջը։

Սույն դասընթացի առումով սովորել նշանակում է կարդալ, կարդացածը հասկանալ և կարողանալ վերարտադրել։

20 դեկտեմբեր 2018, 01:00

3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, այսօր դասախոսությանը անդրադարձանք Ճապոնիայում տնտեսական աճի տեմպի դանդաղմանը։ Այսպես՝ ՀՆԱ միջին իրական աճը $1961-1990$թթ-ին կազմել է $6.2\%$, իսկ $1991-2017$թթ-ին՝ ընդամենը $1.02\%$։

Միևնույն ժամանակ, Ճապոնիան շարունակում է մնալ աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը. նրա կշիռը համաշխարհային ՀՆԱ-ում (գնողունակության համարժեքությամբ) $4.3\%$ է։ (տվյալների աղբյուրը World Bank WDI):

19 դեկտեմբեր 2018, 18:15

3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, այսօր դասախոսությանը անդրադարձանք հարաբերական փոփոխությունը լոգարիթմների տարբերության միջոցով մոտարկելու խնդրին. $$\frac{x_1-x_0}{x_0}\approx lnx_1-lnx_0$$

Այսպես՝ $lnx$-ի դիֆերենցիալը հավասար է. $dlnx/dx=1/x$: Հետևաբար՝ $dlnx=dx/x$, այսինքն՝ $lnx$-ի փոքր փոփոխությունը հավասար է $x$-ի հարաբերական փոփոխությանը։

Օրինակ՝ ՀՀ ՀՆԱ ընթացիկ գներով 2016թ-ին $5,067,294$ մլն դրամ էր։ Իսկ 2017թ-ին ՀՆԱ նախորդ տարվա միջին տարեկան գներով $5,446,794$ մլն դրամ էր։ Դրանով իսկ իրական աճը կազմել է $7.5\%$: Միևնույն արժեքը կարող ենք մոտարկել լոգարիթմների տարբերության միջոցով. $ln5,446,794-ln5,067,294=7.22\%$։

Տվյալ օրինակում շեղումը կազմում է $(7.5-7.22)/7.22=4\%$: Բնականաբար, նա, ում համար շեղման այս չափն անընդունելի է, իր հաշվարկներում մոտարկման այս մոտեցումը չի կիրառի։ Բազմաթիվ հետազոտողներ, սակայն, էկոնոմետրիկական վերլուծություններում այս մոտեցումը կիրառում են։ Բացի այդ, տեսական վերլուծություններում լոգարիթմների այս հատկության կիրառությունը միանգամայն ընդունելի է։

17 դեկտեմբեր 2018, 22:00

3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում եզրափակիչ քննության հարցաշարը։

16 դեկտեմբեր 2018, 16:00

Հարգելի՛ ուսանողներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում հերթական խնդիրը։ Որքան արագ լուծեք, այնքան շատ միավորներ ստանալու հնարավորություն կունենաք։ Լուծե՛ք շատ, ստացե՛ք շատ։

Փոքր երկրում առկա են թզբեհ արտադրող $50$ ձեռնարկություն։

Բոլոր արտադրողների ծախսերի կառուցվածքը նույնն է, և մասնավորապես՝ յուրաքանչյուրի ընդհանուր ծախսերի ֆունկցիան է $C(q)=5q^2+6q$, որտեղ $q$ թողարկման քանակն է։

Շուկան կատարյալ մրցակցային է, և շուկայի ընդհանուր պահանջարկն է $20-0.5p$, որտեղ $p$ թզբեհի գինն է։

Առևտուրն ազատ է, և թզբեհի միջազգային գինը $\$20$ է։

Մաս 1: Սկզբում կառավարությունը որոշում է ազգային ավանդական արժեքներն արտերկրում հանրահռչակելու նպատակով խրախուսել թզբեհի արտահանումը և սահմանում է թզբեհի արտահանման լրավճար՝ արտահանման գնի $10\%$-ի չափով։

Որքա՞ն է կառավարությունը ծախսում արտահանման լրավճարի վրա։

Մաս 2: Որոշ ժամանակ անց կառավարությունը Համաշխարհային բանկի ճնշմամբ տրամագծորեն փոխում է քաղաքականությունը և թզբեհի փոխարեն սկսում է խրախուսել դուդուկի արտահանումը։ Արդյունքում՝ թզբեհի արտահանման լրավճարի տրամադրումը դադարեցնում է, ավելին՝ թզբեհի արտահանման նկատմամբ սահմանում է մաքսատուրք։ Մաքսատուրքի ո՞ր մեծության դեպքում կառավարության եկամուտը կլինի առավելագույնը։

Ուշադրություն։ Յուրաքանչյուր կուրսի յուրաքանչյուր հոսքում, ով առաջինը ճիշտ կլուծի այս խնդիրը և լուծումը կուղարկի ինձ, քննությանը կստանա մեկ լրացուցիչ միավոր։

16 դեկտեմբեր 2018, 15:30

Հարգելի՛ ուսանողներ, ողջունում եմ խնդիրների լուծմանը ձեր մասնակցությունը։ Ներկա դրությամբ մեկ հավելյալ միավոր ունեն հինգ ուսանողներ։ Նոր միավոր ձեռք բերելու համար կարող եք մասնակցել հաջորդ խնդրի լուծմանը։

16 դեկտեմբեր 2018, 15:15

Հարգելի՛ ուսանողներ, կան գրքեր, որոնք յուրաքանչյուր կրթված մարդ պարտավոր է կարդալ։ Նման գրքերից այսօր ձեզ կառաջարկեմ երեքը. Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» ու «1984» և Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը»։ Ձեր հետագա կյանքում ժամանակ առ ժամանակ անդրադարձեք այս գրքերին. դրանք անչափ կարևոր պատգամներ են հղում։

14 դեկտեմբեր 2018, 00:15

Հարգելի՛ ուսանողներ, բարձր կինոարվեստի իրապես բացառիկ նմուշ է Յասուդզիրո Օդզուի «Տոկոյան պատմությունը»։ Եթե այդ ֆիլմը դիտելու առիթ չեք ունեցել, ապա չեք կարող պատկերացնել, թե ձեր կյանքում ինչ եք գտնելու, երբ որ այն դիտեք։

13 դեկտեմբեր 2018, 23:10

4-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, այսօրվա դասախոսության նյութերն են.

13 դեկտեմբեր 2018, 23:00

3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, վերջին դասախոսության ընթացքում անդրադարձել ենք «14. Վճարային հաշվեկշիռը և ազգային հաշիվները» ու «16. Փոխարժեքը և արժույթի շուկան» թեմաներին։

10 դեկտեմբեր 2018, 15:40

Հարգելի՛ ուսանողներ, թենիսի ռակետի և ջրաշուշանների թեսթին առայժմ մասնակցել են 19 հոգի, մասնակիցների միջին միավորը կազմել է 2.37:

Հարգելի՛ չմասնակիցներ, եթե ձեր բազմազբաղ առօրյայում հնարավորության պատուհան բացվի, ապա ինձ խիստ պարտավորեցրած կլինեք, եթե մասնակցեք: Հարգելի՛ մասնակիցներ, ողջունում եմ ձեր մուտքը և առաջարկում լուծել մյուս խնդիրները։

Ինչ վերաբերում է թեսթին, ապա դրա հեղինակը Յելի համալսարանի պրոֆեսոր Շեյն Ֆրեդերիկն է: Հարցերը մտածված են այնպես, որ պատասխանները տրվեն ինքնաբուխ, առանց կշռադատելու։

Շ. Ֆրեդերիկը թեսթը 2003-04թթ-ին կիրառել է ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում: Օրինակ՝ Միչիգանի համալսարանում հարցված 1267 ուսանողներից բոլոր երեք հարցերին ճիշտ են պատասխանել հարցվածների 14%, իսկ միջին միավորը կազմել է 1.18:

10 դեկտեմբեր 2018, 02:20

3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում եզրափակիչ քննության հարցաշարի ուղեցույցը։ Ինչպես նշել եմ սեպտեմբերի 1-ից սկսած՝ հարցաշարը կրկնօրինակում է այն թեմաները, որոնք ուսումնասիրել ենք դասընթացի ընթացքում։

09 դեկտեմբեր 2018, 15:20

4-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, վերջին դասախոսության նյութը՝ Արտապատվիրման տնտեսագիտությունը։

09 դեկտեմբեր 2018, 14:50

3-րդ կուրսի հարգելի՛ ուսանողներ, առաջարկում եմ ուսումնասիրել «Միջազգային արժութային համակարգը» թեման։ Եթե ուսումնասիրության արդյունքում հարցադրումներ կունենաք, ապա դրանք կպարզաբանվեն սեմինարների ընթացքում։

09 դեկտեմբեր 2018, 14:00

Այս գրառումս ուղղված է այն ուսանողներին, որոնք անչափ տաղանդավոր են, բայց «Միջազգային տնտեսագիտությունից» չեն պատրաստվում 20 ստանալ։

Դուք բացարձակապես ճիշտ եք, որ համարում եք, որ ամեն առարկայից 20 ստանալը Ձեր ապագա կյանքի որակը դժվար թե բարելավի։

Բայց Դուք սխալվում եք, եթե համարում եք, որ այս դասընթացի գիտելիքները Ձեզ հարկավոր չեն։

Դուք ճիշտ եք, եթե գիտակցում եք, որ ԲՆԱԿԱՆՈՆ հասարակությունում մարդու «հաջողության» առանցքային գործոնները ոչ թե համատարած քսաներն են, այլ ստեղծագործական, համագործակցային և առաջնորդական հմտությունները և կամ մարտահրավերներին դիմակայելու հաստատակամությունը։

Բայց կյանքում ծառացող խնդիրները ախտորոշելու և դրանց արդյունավետ լուծումները գտնելու համար անհրաժեշտ են նաև այնպիսի գիտելիքներ, որոնք ձևավորվում են ակադեմիական կրթության միջոցով։

Ընդ որում տրամաբանական գիտելիքի հմայքը հենց կայանում է նրանում, որ այն ունիվերսալ է։ Դուք Ձեր տրամաբանությունը և շրջակա աշխարհը ճանաչելու կարողությունները կարող եք զարգացնել մի որևէ կոնկրետ գիտակարգի ոլորտում, և ապա այդ գիտելիքները ողջ կյանքում կարող եք կիրառել բազում այլ բնագավառներում, այդ թվում՝ անձնական, ընտանեկան և ընկերային։

Այնպես որ, կարևոր չէ, թե ինչ կստանաք, բայց կարևոր է, որ տիրապետեք դասընթացում ներառված գիտելիքներին։ Թեպետ անվերապահորեն 20 կստանաք, եթե տիրապետեք։

07 դեկտեմբեր 2018

30 տարի երկրում մոլեգնած կոռուպցիայի ու հրեշավոր անտարբերության հետևանք է, որ Գյումրին դեռևս աղետի գոտի է։

Ընտրողներին հաշվետու իշխանությունը միայն բավարար քաղաքական կամք կդրսևորի, որ այս երեխաներին արժանավայել կյանք ապահովի։

07 դեկտեմբեր 2018, 20:40

Հարգելի՛ 3-րդ կուրսի ուսանողներ, երկու օր առաջ երկու ուսանողներ իրենց մտահոգությունը (իմա՝ վրդովմունքը) հայտնեցին առ այն, որ իրենք սկսել են դասընթացի թեմաների ուսումնասիրությունը (իմա՝ սովորելը), և դա իրենցից շատ ժամանակ է խլում։

Կարծում եմ, որ այդ խնդիրը հուզում է նաև այլ ուսանողների, ուստի պարզաբանում եմ հրապարակավ։

Առաջին օրից, երբ ես Ձեզ տեսնելու երջանկությունն եմ ունեցել, հայտնել եմ ու հետո բազմիցս կրկնել «Դասընթացին անհրաժեշտ է պատրաստվել ընթացքում. չպետք է թողնել, որ թեմաները կուտակվեն»։ Շեշտել եմ, որ ո՛չ մի դասախոսություն պետք չէ բաց թողնել և ո՛չ մի սեմինարի պետք չէ անպատրաստ գալ։

Ջերմությամբ եմ հիշում իմ այդ խոսքերի ժամանակ Ձեր դեմքերին խայտացող հրաշագեղ ժպիտները։ Ըստ երևույթին, Դուք մտորում էիք «Դե սպանեց էլի, ասինք՝ վերջում կսովորենք»։

Երբ ես կրկնում էի դարձյալ ու դարձյալ, որ «Հարգելի՛, սիրելի՛ ուսանողներ, վերջում սովորելը պատրանք է», ավա՜ղ, Դուք միայն անհանգստության նշաններ էիք ցույց տալիս, որը թերևս նշանակում էր «Ծերուկը սկսում է նյարդայնացնել»։

Արդյունքում՝ ունենք մի սահմռկեցուցիչ իրավիճակ, երբ հազվագյուտ ուսանողներ են ընթացքում սովորել։ Ու շատերը բացարձակապես անտեղյակ են դասընթացից։

Եվ ահա եկել է ճշմարտության պահը։ Եկել է իրականության հետ առերեսվելու, իրականության առջև Ադամի պես կանգնելու պահը։

Եվ այսպես՝ փաստ 1-ին. Դուք սովորում եք ԵՊՀ-ում, փաստ 2-րդ. այս ուստարում Ձեզանից պահանջվում է տիրապետել «Միջազգային տնտեսագիտություն» դասընթացի շրջանակում ներառված գիտելիքներին։

Փաստ 3-րդ. կտիրապետեք այդ գիտելիքներին՝ կստանաք անցողիկ միավոր։ Գերազանց կտիրապետեք՝ կստանաք գերազանց։ Չեք տիրապետի՝ չեք ստանա։

Փաստ 4-րդ. այլ տարբերակ չի լինի։

02 դեկտեմբեր 2018, 14:30

Հարգելի՛ ուսանողներ, իսկ դուք այսօր ձեր ուղեղը մարզե՞լ եք։ Առաջարկում եմ լրացնել այս թեստը, որը բաղկացած է երեք հարցից։ Յուրաքանչյուր հարցի պատասխանի շուրջ ցանկալի է, որ մտածեք ոչ ավելի, քան 1 րոպե։

Սույն առաջարկս ուղղված է այն ուսանողներին, որոնք համալսարան են եկել սովորելու համար։ Այդպիսի ուսանողներ, բարեբախտաբար, դեռևս կան։

01 դեկտեմբեր 2018, 01:10

Հարգելի՛ ուսանողներ, այս ֆիլմը ձեզ պետք է որ քաջ ծանոթ լինի. Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով»։ Այն Ֆորմանի լավագույն աշխատանքն է. ֆիլմ, որը Ֆորմանին դարձրեց համաշխարհային հեղինակություն։

Իմ պարտքն եմ համարում զգուշացնել, որ բարձր կինոարվեստը (ու ընդհանրապես արվեստը) կարող է հանգեցնել անձի արժեհամակարգի և մտավոր կարողությունների վերելքին։

01 դեկտեմբեր 2018, 01:00

Հարգելի՛ ուսանողներ, ձեզ համար պատրաստել եմ Հեքշեր-Օհլին թեորեմի իմացության փոքրիկ թեստ։

Եթե դուք համալսարան եք եկել սովորելու համար, ապա առաջարկում եմ լրացնել այս թեստը, եթե իհարկե դա չի հակասում ձեր կրոնական, քաղաքական կամ այլ բնույթի հայացքներին կամ համոզմունքներին։

Հիշեցնում եմ, որ դեռևս կա մեկ խնդիր, որի լուծման միջոցով կարելի է վաստակել մեկ թովիչ միավոր։

30 նոյեմբեր 2018, 20:40

Հարգելի՛ 4-րդ կուրսի ուսանողներ, երեկվա դասախոսության նյութերն են.

30 նոյեմբեր 2018

Հարգելի՛ ուսանողներ, մեկ լրացուցիչ միավորի պայմանը, բնականաբար, գործում է օրենքի և տրամաբանության շրջանակում։ Մասնավորապես.

- այն չի կարող վերաբերել այն ուսանողներին, որոնց ես չեմ դասավանդում կամ արդեն չեմ դասավանդում կամ դեռ չեմ դասավանդում,

- այն չի կարող վերաբերել այն դեպքերին, երբ ձեր քննական միավորը գերազանցում է հնարավոր առավելագույնը։

29 նոյեմբեր 2018, 20:00

Հարգելի՛ ուսանողներ, Ձեզ համար կազմել եմ նոր խնդիր։

Ուշադրություն։ Յուրաքանչյուր կուրսի յուրաքանչյուր հոսքում, ով առաջինը ճիշտ կլուծի այս խնդիրը և լուծումը կուղարկի ինձ, քննությանը կստանա մեկ լրացուցիչ միավոր։ Օրինակ՝ եթե քննությանը նրա միավորները լինեն 19, ապա նրա հանրագումարային արդյունքը կկազմի 20 թովիչ միավոր։ Եվ այսպես, խնդիրը հետևյալն է.

«Գրանդ պեչենի» ընկերությունը մոնոպոլիստ է և՛ հայկական, և՛ վրացական շուկաներում։ Երկու շուկաներում էլ նրա արտադրանքի նկատմամբ պահանջարկը նույնն է և յուրաքանչյուրում կազմում է $$800/0.3-p/0.3$$ որտեղ $p$ գինն է։

«Գրանդ պեչենի»-ի թողարկման ընդհանուր ծախսը կազմում է $$(0.3q_{_{Geo}}+0.6q_{_{Arm}})^2$$ որտեղ $q_{_{Geo}}$ և $q_{_{Arm}}$ համապատասխանաբար վրացական և հայկական շուկաներում իրացման քանակներն են։

Վրաստանի կառավարությունն ագրեսիվ է տրամադրված և «Գրանդ պեչենի»-ին պարտադրում է վրացական շուկայում իրացնել 1000 միավոր։

Որքա՞ն է հավասարակշռությունում «Գրանդ պեչենի»-ի թողարկման ընդհանուր քանակը։

Խնդրի լուծումը կարող եք ուղարկել այս հղմամբ։

Հիշեցնում եմ, որ նախորդ խնդիրը (Ծխախոտի հարկը) տարաբախտաբար մնում է չլուծված և սպասում է իր լուծողին։

29 նոյեմբեր 2018, 18:35

Հարգելի՛ ուսանողներ, բարձր կինոարվեստի մեկ այլ նմուշ է Բոբ Ֆոսսի «Այդ ամբողջ ջազը»։ Եթե այդ ֆիլմը դիտելու առիթ չեք ունեցել, կամ եթե դիտելու առիթ եք ունեցել, ապա միևնույնն է՝ դիտեք այն։

Այս ֆիլմերը արվեստի գլուխգործոցներ են, և Մարդը ամեն անգամ նորովի է վերապրում դրանց հաղորդակցվելու բերկրանքը։

28 նոյեմբեր 2018, 20:38

Հարգելի՛ ուսանողներ, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Րոպեներ առաջ ստացա առաջին խնդրի (Շանթի թնջուկը) ամբողջական ճիշտ լուծումը։ Վերջապես Փառանձեմն իմացավ իրեն հասանելիք համբույրների ճիշտ թիվը։

Երկրորդ խնդիրը (Ծխախոտի հարկը), սակայն, դեռևս մնում է չլուծված։ Բացի այդ, բոլորին առաջարկում եմ ինքնուրույն լուծել Շանթի թնջուկը և պատասխաններն ուղարկել։

28 նոյեմբեր 2018, 18:15

Հարգելի՛ ուսանողներ, նախորդ երկու խնդիրները մնում են չլուծված։ Հուսով եմ՝ Դուք երբևէ կկարողանաք դրանք ճիշտ լուծել և ուղարկել պատասխանները։ Ցանկալի է, որ դա լինի մեր թվականության ընթացքում։

Որպեսզի չլուծված խնդիրները չկուտակվեն, հաջորդ խնդիրը կհրապարակեմ ոչ թե այսօր, այլ վաղը։ Ակնկալում եմ, որ այդ ընթացքում Դուք Ձեր մեջ ուժ կգտնեք և կլուծեք այդ խնդիրները։

27 նոյեմբեր 2018, 21:15

Հարգելի՛ ուսանողներ, երեկ համաշխարհային կինոյի մեծագույն վարպետներից մեկը՝ Բերնարդո Բերտոլուչին, հեռացավ կյանքից։ Եթե Ձեզ հետաքրքրում է բարձր կինոարվեստը, ապա խորհուրդ կտամ ուսումնասիրել նրա լավագույն աշխատանքներից մեկը՝ «Հարմարվողը»։

Զգուշացում։ Ֆիլմերը, որոնք առաջարկում եմ, նախատեսված չեն լայն սպառման համար։ Դրանք նայելու համար անհրաժեշտ է ջանք ու իմացություն։

27 նոյեմբեր 2018, ժամը 20:00

Հարգելի՛ ուսանողներ, հրապարակում եմ «Ծխախոտի հարկը» խնդրի շարունակությունը։

«Երկրում տեղի է ունենում սիրո և հանդուրժողունակության հեղափոխություն։

Նոր իշխանությունը որոշում է շեշտակի ընդլայնել ծխախոտի հարկումը։ Վարչապետը դիմում է Սև շենքի ուսանողներին՝ խնդրելով պարզել հարկի այն չափը, որի դեպքում կառավարության հարկային եկամուտը կլինի առավելագույնը։»

Օգնե՛ք կառավարությանը։

Սպասում եմ Ձեր լուծումներին։ Հուսամ Սև շենքի անսխալ արձագանքը չի ուշանա։ Խնդրի լուծումը կարող եք ուղարկել այս հղմամբ։

27 նոյեմբեր 2018

Այսօր Չարենցի ողբերգական մահվան 81-րդ տարելիցն է։

Հատված նրա «Նավզիկե» գլուխգործոցից։

....
....
Իբրև ցնորք գայթող կամ երազանք անգին—
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն։

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե՛ջ—
Երազեցի ընդմիշտ, թե կարոտիս կառչած՝
Ինձ սպասում է իմ Նավզիկեն...

Մերթ աղջկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին՝ տեսած երազի մեջ,—
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո —
Պատկերացել է ինձ — իմ Նավզիկեն։

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես,—
Մերթ եբենյա մարմնով եգիպտուհի դարձած՝
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն։—

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ որպես էգ մի օձ երազի քեզ՝
Մերթ՝ աչքերով կանաչ, մի կին դարձած —
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն։

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ՝ լուսնային շղարշ հագածի պե՛ս,—
Ամբողջովի՛ն մերթ գոց, մերթ մերկացած՝
Կնությունը բացած — իմ Նավզիկեն...

....
....

27 նոյեմբեր 2018, ժամը 15:57

Հարգելի՛ ուսանողներ, տակավին երկու խնդիրները (Շանթի թնջուկը և ծխախոտի հարկը) մնում են չլուծված։ Սա գերազանց հնարավորություն է ձեր տրամադրություններն էլ ավելի բարձրացնելու։ Լուծեք և վայելեք Ձեր տրամադրության շեշտակի բարելավումը։

Սպասում եմ Ձեր լուծումներին։ Այսօր ժամը 20:00-ին կհրապարակեմ երկրորդ խնդրի շարունակությունը։

27 նոյեմբեր 2018

Հարգելի՛ ուսանողներ, եթե Ձեզ հետաքրքրում է բարձր կինոարվեստը, ապա իբրև առաջին խորհուրդ առաջարկում եմ նայել համաշխարհային կինոյի գլուխգործոցներից մեկը՝ Կուրոսավայի «Ռասյոմոնը»։

Զգուշացում։ Ֆիլմերը, որոնք կառաջարկեմ, լայն սպառման համար չեն նախատեսված. դրանք պահանջում են մտքի և ոգու կենտրոնացում։

26 նոյեմբեր 2018, ժամը 20:00

Հարգելի՛ ուսանողներ, Փառանձեմն անհամբերությամբ սպասում է իր համբույրներին ու Դուք կարող եք նրան օգնել՝ պարզելով դրանց ճշգրիտ թիվը։

Միևնույն ժամանակ, հրապարակում եմ մեկ այլ խնդիր՝ հուսալով, որ այն շատերը կկարողանան լուծել։

Երկրում ծխախոտի համախառն պահանջարկը կազմում է 600-3p/5, իսկ համախառն առաջարկը 27p/5, որտեղ p շուկայական գինն է։

Երկրում իշխանությունը ձևավորվել է 10000 դրամ ընտրակաշառք բաժանելու միջոցով, և կառավարությունն անտարբեր է այն փաստի նկատմամբ, որ ծխելը հանգեցնում է թոքի քաղցկեղի, ու գործուն միջոցներ չի ձեռնարկում ծխելու համաճարակը զսպելու ուղղությամբ։

Այդ պատճառով ծխախոտի սպառման վրա սահմանում է շատ ցածր՝ միավորի հաշվով 5 դրամ իրացման հարկ։

Որքա՞ն է կազմում կառավարության հարկային եկամուտը։

Հ.Գ. Իրացման հարկը սահմանվում է իրացված միավորի նկատմամբ։ Օրինակ՝ եթե սպառողի համար միավոր ծխախոտի գինը 87 դրամ է, ապա դրանից 5 դրամը հարկն է։

Խնդրի լուծումը կարող եք ուղարկել այս հղմամբ։ Հաղթում է նա, ով առաջինը կուղարկի ճիշտ պատասխանը։

26 նոյեմբեր 2018, ժամը 00:12

Հարգելի՛ ուսանողներ, առայժմ չունենք Շանթի ու Փառանձեմի սիրային թնջուկի ճիշտ լուծումը։ Սպասում եմ Ձեր լուծումներին։

25 նոյեմբեր 2018, ժամը 16:15

Հարգելի՛ ուսանողներ, մենք արդեն ունենք ճիշտ պատասխանը, ուստի՝ հրապարակում եմ շարունակությունը։

Եվ այսպես՝ փաստը մնում է փաստ, որ քննությանը մնացել է երեք օր, ու Շանթի տվայտանքները շարունակվում են։

Փառանձեմը արագ հաշվարկում է Շանթի ակնկալվող գնահատականը ու սարսափում. այդ ապիկարը ստանալու է անբավարար, իսկ այդ դեպքում իրենց բաժանումն ավելի երկար կտևի։ Բայց ամենասարսափելին այն է, որ այդ անարժանը, մինչև քննությունը վերահանձնի, կարող է իրեն մոռանալ։

Տարբերակ չկա, Շանթը երեք օրից պետք է քննությունը հանձնի ու Փառանձեմը գիտի, թե դրա համար ինչ անի։ Նա Շանթին ստիպում է խմել կատվի լյարդից ու մանուշակի արմատից պատրաստված մի խառնուրդ, որը պարապած ժամերի արդյունավետությունը ԵՌԱՊԱՏԿՈՒՄ է։ Այսինքն՝ այդ խառնուրդը խմելուց հետո քննության արդյունքի վրա ազդեցության տեսանկյունից մեկ ժամ պարապելը համարժեք է նախկինում 3 ժամ պարապելուն։

Այդ հրաշագործ բալասանի շնորհիվ Շանթը երեք օրից իսկապես հանձնում է քննությունը և ի նշան երախտագիտության, որոշում՝ ամեն լրացուցիչ միավորի համար, որ ստացավ այդ խառնուրդի շնորհիվ, Փառանձեմին նվիրել երեք համբույր։

Քանի՞ անգամ մեր խեղճ Շանթը պետք է համբուրի թովիչ Փառանձեմին։

Խնդրի լուծումը կարող եք ուղարկել այս հղմամբ։ Հաղթում է նա, ով առաջինը կուղարկի ճիշտ պատասխանը։ Դրանից անմիջապես հետո կհրապարակեմ մեկ այլ խնդիր։

24 նոյեմբեր 2018

Հարգելի՛ ուսանողներ, մի ուսանող շատ արագ ուղարկել է խնդրի ճիշտ լուծումը, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը և հիացմունքը։

Իրականում ձեզանից յուրաքանչյուրը կարող է լուծել այս խնդիրը, եթե լրջորեն կենտրոնանա խնդրի լուծման վրա։

Իբրև շարունակություն՝ ավելացրել եմ մի փոքրիկ հարց. «Առնվազն քանի՞ օր պետք է քննությանը մնացած լիներ, որպեսզի Շանթը կարողանար պարապել և ստանալ 20 միավոր»։

Առաջարկում եմ պատասխանել այս նոր հարցին այս հղման միջոցով։

Ով պատասխանել է նախորդ հարցերին, պետք է անցնի "Edit your response" հղմամբ, ավելացնի երրորդ հարցի պատասխանը և սեղմի "Submit" կոճակը։

Իսկ ովքեր դեռևս նախորդ հարցերին չեն պատասխանել, հնարավորություն ունեն պատասխանել բոլոր հարցերին միաժամանակ։

Ակնկալում եմ, որ առաջիկա ժամերին կուղարկեք ճիշտ պատասխանը։ Հաղթում է նա, ով դա կանի առաջինը։ Դրանից անմիջապես հետո կհրապարակեմ խնդրի շարունակությունը։

24 նոյեմբեր 2018

Հարգելի՛ ուսանողներ, լուծեք այս փոքրիկ խնդիրը, և Ձեր տրամադրությունն էլ ավելի կբարձրանա.

Շանթը Սև շենքի ուսանող է և 72 ժամից «Միջազգային տնտեսագիտություն» առարկայից քննություն պետք է հանձնի։

Վերջերս նրա ժամանակի նկատմամբ ինտեսիվ պահանջարկ է ներկայացնում Փառանձեմը (ա՛յ, ա՛յ, ա՛յ)։ Շանթը մինչև ականջները սիրահարվել է ու այդ պատճառով քննությանը բոլորովին չի պատրաստվել։

Շանթը պետք է որոշի, թե հաջորդող 72 ժամում որքա՞ն պարապի և որքա՞ն քնի (երեք օր Փառանձեմը Շանթի երեսը չի տեսնելու, ա՜խ, ա՜խ, ա՜խ)։

Իր նախորդ բազմաչարչար փորձից Շանթը գիտի, որ պարապելու և քնելու ազդեցությունը քննության արդյունքի վրա հետևյալն է. $$f(p,q)=0.00095p^{1.5}q^{0.5}$$ որտեղ $p$ պարապելու ժամերի թիվն է, $q$ քնելու ժամերի թիվն է, իսկ $f(p,q)$ քննության միավորն է։

Քանի՞ միավոր կստանա Շանթը, եթե օպտիմալ որոշում ընդունի։ Այս պահին նրա միակ նպատակը քննությանը հնարավոր առավելագույն միավոր ստանալն է։

Ուշադրություն։ Խնդրի արդյունքը լրացուցիչ իմաստ է պարունակում։

Զգուշացում։ Բոլոր անունները մտացածին են։ Հնարավոր համընկնումները պատահական են։

Խնդրի լուծումը կարող եք ուղարկել այս հղմամբ։ Ակնկալում եմ, որ առաջիկա 72 ժամում կստանամ ճիշտ պատասխան։ Հաղթում է նա, ով առաջինը կուղարկի ճիշտ պատասխանը։ Դրանից անմիջապես հետո կհրապարակեմ խնդրի շարունակությունը։

23 նոյեմբեր 2018

4-րդ կուրսի հարգելի ուսանողներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում վերջին դասախոսությունը՝ ծավալի արտաքին էֆեկտի և արտադրության համաշխարհային տեղաբաշխման վերաբերյալ։

18 նոյեմբեր 2018

3-րդ կուրսի հարգելի ուսանողներ, վաղվանից սկսում ենք միջազգային մակրոտնտեսագիտության ուսումնասիրությունը։

Դասի սկզբում հնարավոր է՝ կատարենք բացակայության գրանցում։

5 նոյեմբեր 2018

4-րդ կուրսի հարգելի ուսանողներ, եթե հայտնաբերեք, որ ավելի ցածր եք ստացել, քան արտագրել եք, ապա պատճառն այն է, որ Ձեր արտագրությունը բացահայտվել է։

Հարգելի, սիրելի արտագրողներ, եթե Ձեզ կվրդովեցնի այն, որ Դուք, չնայած արտագրելուն, դրական գնահատական եք ստացել, ապա ես Ձեր վրդովմունքին ըմբռնումով կմոտենամ և գնահատականը կիջեցնեմ զրո։ Հարգում եմ Ձեր ազնվությունը։

25 հոկտեմբեր 2018

4-րդ կուրսի հարգելի ուսանողներ, հիշեցնում եմ, որ շաբաթ օրը Դուք դաս ունեք, և դա ևս մեկ հնարավորություն է՝ դասընթացի թեմաներին առնչվող Ձեզ հետաքրքրող հարցերը պարզաբանելու։

Հարգելի «ստրատեգիական սովորող» ուսանողներ, հայտնի չէ, թե Դուք ինչ գնահատական կստանաք, եթե սովորեք դասընթացի թեմաների կեսը։ Կեսը սովորելու դեպքում պարտադիր չէ, որ ստանաք 10-ից 5 բալ։ Տեսականում հնարավոր է, որ 5-ից բարձր գնահատական ստանաք, թեպետ ավելի հավանական է, որ 5-ից ցածր գնահատական ստանաք։ Սակայն միարժեք է, որ Դուք կստանաք հնարավոր առավելագույն միավորներ, եթե սովորեք ամբողջը։

Սույն դասընթացի առումով սովորել նշանակում է կարդալ, կարդացածը հասկանալ և կարողանալ վերարտադրել։

Իսկ առաջին ընթացիկ քննության հարցաշարը սա է:

1 հոկտեմբեր 2018

3-րդ կուրսի հարգելի ուսանողներ, հնարավոր է, որ կատարեմ բացակայությունների գրանցում։

27 սեպտեմբեր 2018

4-րդ կուրսի հարգելի ուսանողներ, Հեքշեր-Օհլին-Վանեկի մոդելը և Լեոնտևի պարադոքսի Լիմերի մեկնաբանությունը նկարագրել եմ 11-րգ գլխի երկրորդ մասում։

Ինչ վերաբերում է ինկոթերմսի և միջազգային վճարումների նյութերը բեռնելու հնարավորությանը, ապա դա ցավոք չեմ կարող հնարավոր դարձնել, որպեսզի քննության անվտանգությունը էլ ավելի չնվազի։

20 սեպտեմբեր 2018

4-րդ կուրսի հարգելի ուսանողներ, այսօրվա դասախոսության հարակից նյութը սա է Միջազգային վճարումներ։

6 սեպտեմբեր 2018

4-րդ կուրսի հարգելի ուսանողներ, այսօրվա դասախոսության հարակից նյութը սա է Incoterms 2010։

Ինկոթերմս. ու՞մ է այն անհրաժեշտ

Ինկոթերմսի իմացությունն անհրաժեշտ է նրանց, ովքեր ներգրավված են միջազգային առևտրում կամ որևէ կերպ առնչվում են միջազգային առևտրի կազմակերպմանը։

Գործարար պրակտիկայում ընդունված է, որ ապրանքների միջազգային առևտրի պայմանագրերում վաճառքի պայմանները նշվեն ինկոթերմսով։ Շեշտեմ՝ ինկոթերմսի կիրառությունը ոչ թե օրենքի պահանջ է, այլ գործարար պրակտիկայի արդյունք։ Ու թեպետ ոչ ոք պարտավոր չէ այն կիրառել, բայց գործարքների բացարձակ մեծամասնությունում այն փաստացի կիրառվում է։

Հետևաբար՝ ապրանքների առևտրով զբաղվող անձիք (օրինակ՝ արտահանում կամ ներմուծում իրականացնող ընկերության տնօրենը և նրա համապատասխան աշխատակիցները) անհրաժեշտ է, որ հստակ պատկերացնեն Ինկոթերմսի պայմանների բովանդակությունը և դրանց տարբերությունները («անհրաժեշտ» է իրենց շահի տեսանկյունից, եթե չեն ուզում իմանալ կամ սովորել, քավ լիցի. բոլորը, այդ թվում՝ բոլոր ուսանողները, չիմանալու կամ չսովորելու լիակատար իրավունք ունեն)։

Ինկոթերմսի իմացությունը պարտադիր է նաև բանկային ոլորտի այն մասնագետների համար, ովքեր առնչվում են միջազգային առևտրին, օրինակ՝ մասնագիտացած են բանկային ակրեդիտիվների ոլորտում («պարտադիր» է դարձյալ իրենց շահի տեսանկյունից, քանի որ հակառակ դեպքում իրենց պարզապես աշխատանքի չեն ընդունի կամ կհեռացնեն, եթե իհարկե կաշառքով կամ ԽԾԲ-ով չեն ընդունվել)։

Ինկոթերմսի իմացությունն անհրաժեշտ է նաև այն տնտեսական հետազոտողներին, ովքեր ցանկանում են ընկալել, թե օրինակ՝ ապրանքների ներմուծման ցուցանիշն ինչո՞ւ է վճարային հաշվեկշռի վիճակագրությունում (ՎՀՎ) և արտաքին առևտրի վիճակագրությունում (ԱԱՎ) տարբերվում։

Օրինակ՝ 2017թ-ին ըստ ՎՀՎ-ի՝ Հայաստան ապրանքների ներմուծումը կազմել է 3.77 մլրդ դոլ., իսկ ըստ ԱԱՎ-ի՝ ապրանքների ներմուծումը կազմել է 4.18 մլրդ դոլ.։ Ինչո՞վ է պայմանավորված շուրջ 400 մլն դոլ. տարբերությունը։ Հարցի պատասխանն իմանալու տարբերակներից մեկը հաջորդ հինգշաբթի դասի գալն է։

Ինկոթերմս. ին՞չ է այն

Ինկոթերմսի նպատակն է հստակեցնել, թե միջազգային առևտրում ապրանքների տրանսպորտային տեղափոխման շղթայի յուրաքանչյուր փուլում գնորդը, թե վաճառողն է կրում ապրանքների կորստի կամ փչացման ռիսկը, կամ տրանսպորտային տեղափոխման ծախսը և մաքսային ձևակերպումները կատարելու պարտականությունը։

Էջ 1 2 3 4